Տրամադրությունը բարձր է. վերջապես ԺԵԿ-ից տեղեկանք է հանել առ այն, որ ինքը վերջին 10 տարում Հայաստանում մշտապես ընդդիմություն է եղել: Հիմա գնում է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների՝ Հայաստանի քաղաքական դաշտի սահմանազատման գործընթացն ավարտելու համար:
Ճանապարհին զանգում է քարտուղարին. «Հը, Արմենչիկ, ի՞նչ արիր»: «Շեֆ ջան,- պատասխանում է քարտուղարը,- սաղ նորմալ է: «Տոյոտա Ինշուրանսի» 25 տոկոսը նվիրաբերեցինք կառավարությանը»:
«Բա Առուշի մասո՞վ»,- հարցնում է ինքը: «Սաղ գծի մեջ է: Իրեն բաց կթողնեն: Ահագին գործ են արել տղերքը Գորիսում. 8 հոգու ծեծել են, երկու շտաբ են գմփցրել»:
Այդ պահին Վիկտորն է զանգում. «Շեֆ, մի քիչ առաջ Սերժը ելույթ է ունեցել»: «Յա, ի՞նչ ա ասել»: «Ասել ա, կարևորը Նիկոլին տապալելն ա, մնացածը կարևոր չի»:
«Ո՞նց թե կարևոր չի, հենց հիմա մի հատ ասուլիս հրավիրի «Կոնգրես» հյուրանոցում, ես դրա պատասխանը տամ»:
«Եղավ, շեֆ ջան: Մենակ մերոնց ասե՞մ, որ գան լուսաբանեն»:
«Հա, բա ի՞նչ»:
Էլի են զանգում, այս անգամ Արթուր Ղազինյանն է. «Շեֆ ջան,- նեղված ասում է Արթուրը,- էլի մերժեցին թեկնածությունս, արդեն 147-րդ անգամ»:
«Ոչինչ,- անվրդով պատասխանում է ինքը,- աստված սուրբ հարյուրքառասունութերորդություն է սիրում»:
«Բայց շեֆ ջան, էլի չեն ընտրելու, դրա պատճառով արդեն 5 ամիս է, պարգևավճար չեմ ստանում, 3 ամիս էլ՝ հավելավճար»:
«Արա, էդ ո՞ւմ ես տենց քաշել, մենակ փողից ես խոսում»,- զայրանում է ինքն ու անջատում հեռախոսը:
Հասնում է Աբովյան փողոց, մի կին մոտենում է իրեն, ասում. «Ես բախտագուշակ եմ, կուզե՞ս, ձեռքիդ նայեմ, բախտդ բացեմ»:
«Թեկուզ, ի՞նչ ա եղել որ, հլը ասա, տենամ»:
Կինը բացում է իր ձեռքի ափը, վերնաշապիկի թևքը մինչև ուսը բարձրացնում, ուշադիր նայում է ու հարցնում.
«Պատվաստված ե՞ս»:
«Հա, ինչի՞»:
«Իսկ դու գիտե՞ս, որ ով պատվաստվում է, համասեռամոլ է դառնում»,- բացատրում է բախտագուշակը:
«Էդ ո՞նց որ»,- զարմանում է ինքը:
«Բա, չեք նայո՞ւմ իմ ասուլիսները ձեր կայքերում»,- պատասխանում է բախտագուշակը:
Ինքը ուշադիր նայում է բախտագուշակին ու հազիվ տեղն է բերում Մարինա Խաչատրյանին:
«Թո՜ւ, բա շուտ ասեիր,- թևաթափ եղած, ասում է ինքը,- լավ, ոչինչ, հեսա գնամ տեղեկանք հանեմ, որ վերջին 10 տարում պատվաստված չեմ եղել»:
Արթնանում է պոլիկլինիկայի հերթերում: