...

Ռուզաննա Խաչատրյանի երազը

Ռուզաննա Խաչատրյանի երազը

Ինքը Ելիսեյան պալատում Մադամ Ռուզի հայտնի սալոնի տերն է ու հերթական գրական երեկույթն է կազմակերպել: 200 լիվր մուտքավճարը մուծելուց հետո այստեղ հավաքվել են ժամանակի մեծագույն գրողները: Ամբողջ սալոնը ծածկված է գույնզգույն ծաղկեփնջերով: Հյուրերը ըմպում են «Շարդոն» գինի: 

Ներս է մտնում, բոլորը հիանում են իր հագուստով. «Ինչպիսի՜ դեկոլտե»,- ասում է հայտնի ֆանտաստ գրող Ռոբերտ Քոչարյանը՝ «Իմ հերոսական ուղին» գիտաֆանտաստիկ գրքի հեղինակը:

«Շնորհակալ եմ, շոյված եմ,- շոյվում է ինքը,- «Դեկամերոնը» կարդալուց հետո եմ պատվիրել այս զգեստը»:

«Ես լսել եմ, որ դուք երբեմն սալոնում երեկույթներ եք կազմակերպում անօթևան երեխաների համար»,- հարցնում է «Պարտիզանի շունը» վեպի հեղինակ Աղվան Վարդանյանը:

«Օ՜, դրա մասի՞ն էլ եք արդեն հասցրել լսել,- ժպտալով պատասխանում է ինքը: - Այո, ստիպված եմ նման հավաքներ կազմակերպել, քանի որ զգեստներիս հավաքածուն մեծ է, չեմ հասցնում դրանք ցուցադրել»:

«Ձեր գեղեցկությունը հատկապես ընդգծվում է, երբ խունջիկլամիշ եք լինում»,- նկատում է «Սահմանի այն կողմը» աղմուկ հանած հոդվածաշարի հեղինակ Նիկոլ Փաշինյանը:

«Օ՜, դա իմ թույլ տեղն է. երբ ես կարդացի «Էմանուելը», տղամարդկանց սիրտը գրավելու 50 երանգներ բացվեցին իմ առջև»:

«Յա՜, լսած չկամ այդ գրքի մասին: Ո՞վ է հեղինակը»,- զարմանում է «Յագուարն՝ ընտրության առջև» արկածային 14 հատորյակի հեղինակ Արթուր Ղազինյանը:

«Այո, ինքնակենսագրական գիրք է, հեղինակի ազգանունը Մակրոն է, մեր մոտ խիստ բարձր պաշտոնյա է եղել»,- պարզաբանում է ինքը: 

Այդ պահին հետնամուտքով սալոն է մտնում Ալեն Սիմոնյանը. «Շատ հաջող այց եմ կատարել Հունաստան: Հիմա արդեն կավարտեմ «Ոսկու տենդը» ստեղծագործությունս՝ նվիրված հելենիստական ճանապարհներին»: 

Սկսվում է գրական բանավեճը: Թեման 18-րդ դարի գերմանական պոեզիան է: Ինքը մի հատված է կարդում Գյոթեի «Գույների տեսություն» գրքից, և այնքան կրքոտ, համոզիչ է կարդում, որ բոլորը ծափահարում են, բացի Անդրանիկ Քոչարյանից: «Իսկ դուք ինչո՞ւ չեք ծափահարում, պրն Քոչարյան»,- հարցնում է ինքը:

«Հիմա չեմ ուզում ասել: Վաղը ստատուս կգրեմ, կիմանաք»,- զզվանքով պատասխանում է Անդրանիկ Քոչարյանը:

«Դո´ւրս այստեղից: Սա ի՛մ սալոնն է»,- զայրացած դեպի դուռն է ցույց տալիս ինքը:

«Առայժմ ձեր սալոնն է»,- հեգնում է Ա. Քոչարյանն ու քթի տակ «Moi… Lolita» երգի մեղեդին շվշվացնելով, դուրս է գալիս:

Արթնանում է Ելիսեյան պալատ-2-ում: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ