...

Կոմպրոմատներ, շանտաժ և լիակատար հնազանդություն

Կոմպրոմատներ, շանտաժ և լիակատար հնազանդություն

Երևի քչերը նկատեցին, որ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հրապարակային էկզեկուցիան և Ալեն Սիմոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն ուղղված «Լևոն ջան, կասե՞ս ինչքան փող ունեք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները» հարցերը, մեծ հաշվով, «նույն օպերայից» էին։ Որովհետև բացահայտեցին այն մեխանիզմը, որով Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր միանձնյա իշխանությունը՝ նույն հնարքը կիրառելով և՛ սեփական թիմակիցների, և՛ խորհրդարանական իբր արմատական ընդդիմության դեմ։

Եվ իսկապես էլ՝ մեծ տարբերություն չկա «Հովի՛կ, մենք քո մասին ինչ ասես գիտենք, հանգիստ վեր ընկի տեղդ, թե չէ աշխարհով մեկ խայտառակ կանենք ու վերջում էլ քրեական գործ կհարուցենք» արդեն իսկ կիսով չափ իրականացված սպառնալիքի և «Լևո՛ն, մենք քո և ձեր ընտանիքի մասին ամեն ինչ գիտենք, թալանած միլիարդների մասին էլ գիտենք, Պողոս Պողոսյանի սպանության մասին էլ, մարտի 1-ի մասին էլ, այնպես որ՝ հանգիստ վեր ընկի տեղդ ու ավել-պակաս դուրս մի տուր» հայտարարության միջև։ Երկու դեպքում էլ մեխանիզմը նույնն է՝ կոմպրոմատներ, շանտաժ և լիակատար հնազանդության պարտադրանք։

Այ դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն իրեն անպարտելի է զգում։ Որովհետև կարողացել է ձևավորել իր երազանքի «սեփական թիմն» ու իր երազանքի «արմատական ընդդիմությունը»։ «Սեփական թիմում» ցանկացած մեկին կարելի է ցանկացած պահի հռչակել անբարոյական (պատրվակների պակաս հաստատ չի լինի), «արմատական ընդդիմությունից» ցանկացածին էլ ցանկացած պահի կարելի է հարցնել «կասե՞ս ինչքան փող ունեք, այդքանը որտեղի՞ց եք բերել»։ Անգամ չհնազանդվելու դեպքում կիրառվելիք «գործիքակազմն» է նույնը՝ դատախազությունն ու քննչական կոմիտեն։ Մինչդեռ, եթե Հայաստանը նորմալ իրավական պետություն լիներ, այդ «գործիքակազմը» կկիրառվեր անկախ նրանից՝ «Լևոն ջան»-ը սուր հարցե՞ր է տալիս, թե՞ ոչ, կամ Հովիկ Աղազարյանը ենթարկվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հորդորին, թե՞ ոչ։ 

Չնայած՝ եթե Հայաստանը նորմալ իրավական պետություն լիներ, Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն ոչ վարչապետ կլիներ, ոչ էլ նրա հորդորները որևէ մեկի համար գրոշի արժեք կունենային։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ