Ինքն ընտրվել է մաֆ-կլուբի վարող: Խաղացողներին կոչ է անում նստել իրենց տեղերում: «Սկսում ենք խաղը: Գիշեր: Ծանոթանում ենք սևերի հետ, ծանոթանում ենք դոնի հետ, ծանոթանում ենք դոնի հետ... դո՞ն...»... Ռոբերտ Քոչարյանը ստիպված ձեռքով նշան է անում, որ դոնն ինքն է: «Ծանոթանում ենք շերիֆի հետ,- Նիկոլ Փաշինյանը հպարտ բարձրացնում է ձեռքը,- բոլորը արթնանում են, բարի լույս: Սկսում ենք մեր նիստը: Համար 1»:
«Ինձ թվում է, որ Նիկոլը սև ա: Առաջարկում եմ իր թեկնածությունը դնել ու հեռացնել»,- ասում է Իշխան Սաղաթելյանը:
«Համար 1, դուք ստանում եք առաջին նախազգուշացումը. Նիկոլ չի, այլ՝ համար 10,- զգուշացնում է ինքը,- դնո՞ւմ եք իր թեկնածությունը»: «Հա, բա ի՞նչ եմ անում, դեմքից չի՞ երևում, որ սև ա: Անցած խաղը իրա պատճառով կրվանք»,- պատասխանում է Իշխանը:
«Ընդունված է: Համար երկու»:
«Էդ ԿԳԲ-ն ա՞ քեզ սլիվ արել, որ համար 2-ը սև ա,- զայրացած վրա է բերում Ռուբեն Ռուբինյանը,- ու կրվելուց դու չէ, որ պիտի խոսաս: Ինչքան սև կա, վեչնի դրանց հետ կոալիցիա եք կազմում, հարամում խաղը...»:
«Ձեր ժամանակը սպառվեց,- ասում է ինքը,- համար 3»:
«Միանգամից ասեմ, ես անկապ կարմիր խաղացող եմ,- հայտարարում է Հովիկ Աղազարյանը: - Ինձ թվում է, որ համար 2-ը կամ սև է, կամ՝ կարմիր: Հլը որ էսքանը»:
«Շնորհակալություն, համար 4»:
«Ժող, ես դնում եմ համար 2-ի թեկնածությունը,- ասում է Նազելի Բաղդասարյանը,- ինքը միանգամից ծակվեց: Հիշո՞ւմ ես, 94 թվին ինը կարմիր խաղացողներով չկարողացաք մի հատ սև գտնել, հաղթելու փոխարեն որոշեցիք հետաձգել խաղը ու մեր մաֆիայի հերն այդ ժամանակ անիծվեց»:
«Ընդունված է համար 2-ի թեկնածությունը. համար 5»:
«Ես պաշտպանում եմ համար 10-ի թեկնածությունը,- ասում է Աննա Մկրտչյանը: - Էդ Նիկոլը խաղալ չգիտի: Էս երկու տարում ինչքան նորմալ, հայրենասեր կարմիր խաղացող կա, սաղին հանեց: Յախք... էդ լուզերը...»... Ինքն ընդհատում է Աննա Մկրտչյանին. «Դուք ստանում եք առաջին նախազգուշացումը»: «Հա, դու էլ հետը,- արձագանքում է Աննան,- իբր դու էլ վեդուշչի ես, հա՞, խոսալ սովորի: Քեզ հենց Նիկոլն ա վեդուշչի սարքել, որ մեզ չթողես խաղանք»:
«Համար 5, երկրորդ նախազգուշացումն եք ստանում, դուք հեռացված եք խաղից,- ասում է ինքը,- համար 6»:
«Չեմ պատասխանում»,- ասում է Արթուր Վանեցյանը:
«Համար 7»:
«Ես մի բան ճշտեմ,- ասում է Արմեն Ռուստամյանը,- էդ որ ասում եք՝ գիշերը մաֆիան կրակում է, իսկական զենքով պիտի կրակի՞»:
«Ո´չ, 80-ականների ձեռքերով»,- հեգնում է ինքը:
«Դե ասա, հավայի խաղ ա, ես փաս»,- եզրափակում է Ռուստամյանը:
«Համար 8»:
«Խաղը համապատասխանում է բոլոր միջազգային կանոններին»,- սկսում է Վլադիմիր Վարդանյանը,- սևերի եզրույթը գտնվում է կարմիրների տիրույթում: Դրա համար այս համույթը իրավական դաշտում է»:
«Համար 9»:
«Ես իմ կյանքում միշտ կարմիր եմ եղել,- ասում է Ռոբերտ Քոչարյանը,- չի եղել տենց խաղ, որ ավարտին չհասցնեմ: Իմ օրոք կարմիրների հաղթանակներն աճել են 127 տոկոսով: Միշտ արդար, հալալ կրել եմ»:
«Համար 10»:
«Ժողովուրդ, բայց մի հատ նայեք էլի,- ասում է Նիկոլ Փաշինյանը: -Սաղ կյանքը ծպտյալ սև է եղել: Համար 9, քեզ եմ ասում, ա´յ կարտեր գողացող, ա´յ տասովշչիկ: Քեզ խորհուրդ կտամ էս գիշեր սամաստրել անես, թե չէ մենք ենք քեզ սամաստրել անելու: Հլը էս դիակին նայի, է՜»:
«Լավ, քվեարկում ենք»,- ասում է ինքը: «Փակ գաղտնի քվեարկություն է, հիշեցնում եմ»:
Խաղացողները քվեարկում են, տալիս են իրեն և հանկարծ սարսափով տեսնում է, որ ձայների մեծամասնությամբ իրեն են հեռացրել:
Արթնանում է ազգային կլուբում: