...

Ցինիզմ, ինքնախոստովանություն, մեղադրանք

Ցինիզմ, ինքնախոստովանություն, մեղադրանք

Ազգային ժողովի հերթական նիստը սովորականից ճոխ էր․ բովանդակային առումով՝ ոչ ցինիզմի պակաս կար, ոչ ինքնախոստովանության, ոչ մեղադրանքների, ընդ որում՝ դրանք բոլորը վերաբերում էին Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Ներկայացնենք հերթով։

1․ Ցինիզմ։

Անդրադառնալով ընդդիմության այն մեղադրանքներին, որ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խաբեությամբ է տիրացել ընտրողների ձայներին (խոստացել է Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը և այլն), Ալեն Սիմոնյանը տարակուսել է՝ «բայց դուք ընդհանրապես ի՞նչ գործ ունեք մեր ընտրողների հետ»։ Թարգմանաբար սա նշանակում է հետևյալը․ «մենք՝ մեր ընտրողները, խաբել ենք՝ լավ ենք արել, ձեր ի՞նչ գործն է, կարող էիք՝ դո՛ւք խաբեիք»։ Սա իսկապես ցինիզմի գագաթնակետն է, որովհետև ընտրողների մի մասին խաբելու շնորհիվ Նիկոլ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և երկիրը հասցրել այնպիսի նոր աղետների, որոնց հետևանքներն իրենց մաշկի վրա զգում են բոլորը։ Եթե միայն նրա կողմից խաբվածները տուժեին՝ ուրիշ բան, բայց բոլո՛րս ենք տուժել։

2․ Ինքնախոստովանություն։

Նույն Ալեն Սիմոնյանը դաշնակցական Արծվիկ Մինասյանին ասում է՝ մեր ընտրողների մի մասը մեզ ձայն է տվել նրա համար, որ դուք (ըստ երևույթին նկատի ունի «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ) խորհրդարանում չհայտնվեք։ Վստահաբար՝ ճիշտ է ասում։ Բայց սա իր հերթին նշանակում է, որ եթե Քոչարյանը, դաշնակներին «թևի տակ խփած», իրեն չգցեր ընդդիմադիր դաշտ՝ ՔՊ-ն այդքան ձայն չէր ստանա։ Նիկոլ Փաշինյանն էլ հաստատ նախապես կռահում էր դա։ Հիմա հարց՝ կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ երբ ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկում էր միավորել ջանքերը, բայց անձնապես հրաժարվել ամբիցիաներից, հենց Նիկոլն էր ամենաշատը շահագրգռված, որ նման բան տեղի չունենա, ու Քոչարյանն ու Սերժն էլ փաստորեն կատարեցին նրա կամքը՝ մերժելով Տեր-Պետրոսյանի առաջարկը, և արդյունքում, ըստ Ալեն Սիմոնյանի խոստովանության, ՔՊ-ն ավելի շատ ձայներ ստացավ, քան կստանար, եթե նրանք չմասնակցեին։

3․ Մեղադրանք։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդդիմությանը հարցնում է՝ համոզվա՞ծ եք, որ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միացած 58 հազար քաղաքացիները ձեր կողմնակիցներն են։ Իրականում սա շատ կարևոր հարց է, և ահա թե ինչու։

ՀՀ 58 հազար քաղաքացիներ, կոնկրետ անուն-ազգանուններով և անձնագրային տվյալներով, իրենց ստորագրությունն են դրել այն փաստաթղթի տակ, ըստ որի՝ Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեական հանցագործություն է։ Ընդ որում՝ դա արել են արդեն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունից ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ 58 հազար մարդ նրան քրեական հանցագործ է համարում։ Հիմա հարց՝ ի՞նչն է խանգարում, որ 58 հազար հոգի, որոնք չեն վախեցել իրենց ստորագրությունը դնել այդ փաստաթղթի տակ, դուրս գան հրապարակ և պահանջեն իրենց համոզմամբ քրեական հանցագործի հրաժարականը։ Հնարավոր չէ՞ այդքան հոգով հասնել իշխանափոխության։ Բայց նախ՝ իրականում այդ թիվն անհամեմատ ավելի մեծ է, և երկրորդ՝ Նիկոլն իր շարժումը սկսելիս 58 հոգի է՛լ չուներ։ 

Վլադիմիր Վարդանյանը, ահա, «բացատրում է» դա և ուղիղ մեղադրում ընդդիմությանը՝ դա տեղի չի ունենում, որովհետև այդ նախաձեռնության թիկունքին դո՛ւք եք կանգնած։ Համաձայնվեք՝ մեղադրանքը ցինիկ է, բայց ճշմարտացի։ Եթե ճշմարտացի չլիներ՝ ընդդիմությունը հենց այսօր հանրահավաք կկազմակերպեր, որին կմասնակցեր առնվազն 58 հազար մարդ։

Այսքանից հետո, կարծում ենք, ավելի հասկանալի է դառնում, թե ինչու էր Նիկոլի իշխանությունը 2021-ին «վիզ դրել», որ խորհրդարանական ընդդիմությունը հենց այս կազմն ունենա։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ