Ժուկով-ժամանակով մի թագավոր է լինում։ Սա տառապում է փորկապությամբ, պալատական բժիշկներն էլ կլիզմա են նշանակում, ու որպեսզի ցույց տան, թե դա ինչ է՝ ծառաներից մեկին բերում են ու թագավորի աչքի առաջ կլիզմա անում։ Թագավորն այնքան է ծիծաղում, որ փորկապությունն անցնում է, ու դրանից հետո ամեն անգամ, երբ էլի փորկապություն է ունենում, այդ նույն ծառային բերում ու կլիզմա են անում․․․
Այս անեկդոտը Ռոբերտ Քոչարյանն է պատմել։ Ընդ որում՝ պատմել է ԱԺ ամբիոնից, երբ ՀՀ նախագահ էր։ Հետաքրքիր է՝ այդ պահին նրա մտքով կանցնե՞ր, որ գալու է ժամանակ, երբ «թագավորն» ուրիշ է լինելու, իր որդին էլ ընդդիմադիր պատգամավոր է լինելու, և ամեն անգամ, երբ «թագավորի փորը կապվի», տեսախցիկների առջև հենց իր որդուն են «կլիզմա անելու», ու դա լավ էլ օգնելու է։ Հասկանալի է, որ որդուն դրա համար վճարում են՝ քաղաքական գործչի կարգավիճակով, պատգամավորական անձեռնմխելիությամբ և այլն (ամենայն հավանականությամբ՝ անեկդոտի ծառային էլ էին առատորեն վարձատրում թագավորական գանձարանից), իսկ Նիկոլ Փաշինյանի «փորկապության» պատճառն այս անգամ Տավուշի 4 գյուղերը հանձնելու որոշումն էր, որին ընդդիմացել էին անգամ իր երբեմնի կողմնակիցներն ու հայհոյում էին ամենավերջին խոսքերով, և վտանգ կար, որ ինչ-որ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Բայց «կլիզման» այս անգամ նույնպես օգնեց և լիցքաթափեց լարվածությունը։
Մեծ հաշվով՝ պրոբլեմն այստեղ այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի շարժիչ ուժը ոչ թե հասարակության տարբեր հատվածների՝ տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ համակրանքն է, այլ զզվանքը։ Պարզ ասած՝ հասարակությունն առաջնորդվում է ոչ թե պոզիտիվ (համակրանքի վրա հիմնված), այլ նեգատիվ (զզվանքի վրա հիմնված) մղումներով։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է պահպանել իշխանությունը ոչ թե շնորհիվ նրա, որ հասարակության մի զգալի հատվածը համակրում է իրեն, այլ որովհետև այդ հատվածը զզվում է նախկիններից։ Ճիշտ այդպես էլ՝ նախկինները մնում են քաղաքական շրջանառության մեջ ոչ թե իրենց համակիրների, այլ նիկոլական իշխանություններից զզվողների շնորհիվ։ Իսկ սա նշանակում է, որ երկու բևեռների քաղաքական կենսունակության հիմքում էլ զզվանքն է։ Բնականաբար՝ չեն կարող պոզիտիվ տեղաշարժեր լինել մի համակարգում, որն ամբողջովին հիմնված է նեգատիվի վրա։
Ասվածը վերաբերում է ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականությանը։ Այստեղ նույնպես հասարակությունը բևեռացված է նույն սկզբունքով․ «արևմտամետների» մեծ մասը ոչ թե Արևմուտքին համակրողներն են, այլ ռուսներից զզվողները, և հակառակը՝ «ռուսամետների» մեծ մասն էլ «ռուսամետ» է այն հիմքով, որ Արևմուտքից ավելի է զզվում, քան Ռուսաստանից։ Այլ կերպ ասած՝ պոզիտիվ կողմնորոշման հարց չկա, եղածն ընդամենը նեգատիվի (զզվանքի) չափման հարց է։ Հասկանալի է, չէ՞, որ արտաքին աշխարհին բացառապես զզվանքով վերաբերվող հասարակությունը չի կարող պետությանը արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու «պատվեր իջեցնել»։
Մի խոսքով՝ 25-ամյա տխմար կառավարման արդյունքում Հայաստանում այսօր ունենք մի վիճակ, երբ հասարակության բացարձակ մեծամասնությունն իշխանություններից էլ է զզվում, ընդդիմությունից էլ, ռուսներից էլ է զզվում, «ամերիկաներից» էլ։ Ու ի՞նչ է մնում այդ մարդկանց։ Պատկերավոր ասած՝ «պասլատ անել» նիկոլենց էլ, նախկիններին էլ, ռուսներին էլ, ամերիկացիներին էլ, և, ասենք, կամավորական ջոկատներ կազմել՝ պայմանական Ոսկեպարը կամ Բաղանիսը պաշտպանելու համար։
Կամ էլ՝ թողնել-հեռանալ։ Ռուսաստան, թե «ամերիակաները»՝ դա էլ՝ կախված նրանից, թե ով որտեղ բարեկամ ու հարազատ ունի։
Մարկ Նշանյան