...

Ու այդ պահին Լևոն Ռոբերտիչն է մտնում՝ «սպիտակ կոստով»

Ու այդ պահին Լևոն Ռոբերտիչն է մտնում՝ «սպիտակ կոստով»

«Անակնկալ» պատգամավոր Լևոն Քոչարյանի խորհրդարանական նորամուտը կարելի է հաջողված համարել։ Խոսքն արտաքին դրսևորումների մասին չէ, որովհետև «ընդդիմության նոր դրոշակակրի հանդիսավոր մուտքը խորհրդարան» սցենարով արարողություն կամ թամաշա տեղի չունեցավ, թեև այդ ուղղությամբ որոշ քայլեր արվել էին՝ նա ԱԺ եկավ ուշացումով, դահլիճ մտավ ոչ թե միայնակ, այլ երկու պատգամավորների ուղեկցությամբ, և այլն։ Խոսքը բովանդակային «պրեզենտացիայի» մասին է։ Բանն այն է, որ Լևոն Ռոբերտիչը տեսախցիկների առջև հայտարարեց, թե իր համար առաջնահերթությունն իշխանափոխությունն է, իր դեմ հարուցված քրեական գործն էլ զավեշտ է։

Իսկապես էլ՝ զավեշտ է, երբ ինչ-որ մեկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվում չորս հատուկջոկատայինի ծեծելու համար, թեև տեսագրությունները հակառակն են վկայում։ Բայց մեր հասարակությունը նման զավեշտներ շատ է տեսել։ Լևոն Քոչարյանը, օրինակ, երևի կհիշի, որ տասնվեց տարի առաջ Հայաստանում Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով մի նախագահ է եղել, որի օրոք իշխանափոխություն պահանջելու համար ոստիկանության հատուկջոկատայինները հարյուրավոր մարդկանց կտտանքների են ենթարկել, հետո նրանց նկատմամբ «զավեշտալի» քրեական գործեր են հարուցվել (օրինակ՝ 52 սանտիմետրանոց մետաղյա ձողով իշխանափոխություն իրականացնելու կասկածանքով), ու շատ շատերը ամիսներով ու անգամ տարիներով կալանավորվել են․․․ Ի դեպ՝ այդ նույն նախագահն այդ օրերին հայտարարում էր նաև, թե ցուցարարները մեքենաների ետևից դուրս էին գալիս, կրակում ոստիկանների վրա ու նորից թաքնվում, թեև տեսագրությունները հակառակն էին ցույց տալիս։ Իսկ գիտե՞ք, թե ինչու էր այդ նախագահն այդպես վարվում։ Որովհետև ցուցարարները, այդ թվում՝ նաև պատգամավորներ, «իշխանափոխությունն առաջնահերթություն էին համարում»։ Ճիշտ և ճիշտ այդ նախագահի «անակնկալ պատգամավոր» որդու նման։

Ինչևէ։ Ընդունված է համարել, որ զավակները ծնողների արածների համար պատասխանատու չեն, բայց դա՝ միայն այն դեպքում, եթե զավակներն իրենց ունեցած ամեն ինչի համար (հարստություն, կարգավիճակ, մանդատ և այլն) պարտական չեն բացառապես ծնողներին։ Կլինե՞ր արդյոք Լևոն Քոչարյանը մուլտիմիլիոնատեր ու պատգամավոր, եթե Ռոբերտ Քոչարյանի որդին չլիներ։ Հազիվ թե։ Հետևաբար՝ առնվազն բարոյական հարթությունում նա պատասխանատու է հոր արածների համար։ Ու հենց այստե՛ղ է, որ նրա խորհրդարանական նորամուտը կարելի է հաջողված համարել։ Մարդը եկել ու ասում է՝ ես ընդդիմադիր եմ, ուզում եմ իշխանափոխություն անել, ու իշխանություններն իմ կատմամբ զավեշտալի գործեր են հարուցում, այսինքն՝ անում են այն, ինչը Հայաստանում միշտ են արել, հետևաբար՝ ոչինչ չի փոխվել։ Ճիշտ է ասում, Նիկոլ Փաշինյանի օրոք այդ իմաստով Հայաստանում առանձնապես շատ բան չի փոխվել․ առաջ Քոչարյանն ու Սերժն էին իշխանությունը պահպանում ոստիկանական մահակներով, հիմա՝ Նիկոլ Փաշինյանը։ Ու եթե 2008-ի մարտի 1-ին դա տասը մարդու կյանք արժեցավ, իսկ Նիկոլի օրոք առայժմ դեռ ժողովրդի վրա ուղիղ նշանառությամբ չեն կրակել՝ պատճառն այն չէ, որ Նիկոլն ավելի բարի է, պատճառն այն է, որ նրա իշխանության դեմ 2008-ի նման հզոր բողոքի ալիք առայժմ չի եղել, եթե լինի՝ ինքն է՛լ կրակելու հրաման կտա։

Իսկ բողոքի նման ալիք չի եղել հենց այն պատճառով, որ որպես Նիկոլի «հիմնական այլընտրանք» ներկայացել է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա էլ որդին է շարունակում այդ «գործը»՝ փաստացի երաշխավորելով, որ առաջիկայում ևս նման ալիք չի լինի։ Այստեղից էլ՝ նրա նկատմամբ իշխանական «ուսապարկերի» ընդգծված զուսպ վերաբերմունքը։ Սցենարը շարունակում է աշխատել, ու առաջին «էպիզոդը» հաջողված էր։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5202 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ