...

Նախկին ոչմիթիզականների լեզվակռիվը

Նախկին ոչմիթիզականների լեզվակռիվը

Սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի շուրջ խորհրդարանում ՔՊ-ի և «Հայաստան» խմբակցության միջև հերթական լեզվակռիվն էր։ Ընդ որում՝ «հակամարտող կողմերից մեկը» (ՔՊ-ն) առանձնապես ասելու բան չուներ, որովհետև այսպես թե այնպես «շեֆը» հրահանգել էր կողմ քվեարկել, մյուսն էլ («Հայաստան» դաշինքը) որոշել էր ընդհանրապես չմասնակցել քննարկմանը։ Բայց լեզվակռվից և այդպիսով տեսախցիկների առջև աքլորանալու առիթից, բնականաբար, որևէ մեկը չհրաժարվեց։

Ո՞րն էր, ի վերջո, այս լեզվակռվի խորքային իմաստը։ Իշխանությունների ասածը մոտավորապես սա էր՝ «դե Ղարաբաղը Ադրբեջան էր, իրենք վերցրեցին այն, ինչն իրենց էր պատկանում, հիմա էլ ինչ թուղթ դեմ են տալիս՝ ստորագրում ենք, որպեսզի սահմաններ ունենանք, ու այդ դեպքում գուցե մեզ վրա չհարձակվեն»։ Ընդդիմությունն էլ մոտավորապես ասում էր «բա որ Ղարաբաղն Ադրբեջան էր, ինչո՞ւ էիք Աղդամում նուռով-բանով նկարվում, համ էլ՝ էս ձեր բերած փաստաթղթով իրենք կարող են նաև ՀՀ-ից տարածքներ պոկել»։ Ձևակերպումները, բնականաբար, այլ էին, բայց ընդհանուր միտքը սա էր։

Բայց նկատելի էր, որ լեզվակռիվը մի տեսակ մինչև վերջ անկեղծ չի ստացվում։ Այն ավելի շատ ոչ թե քաղաքական բանավեճ էր հիշեցնում, այլ դատարանի դահլիճում ճաղավանդակների ետևում հայտնված բանդայի անդամների գզվռտոց, որտեղ ամեն մեկը փորձում է հանցագործության հիմնական մեղքը բարդել մյուսի վրա ու այդպիսով արդարանալ «երդվյալ ատենակալների» (ժողովրդի) աչքում։ Մեծ հաշվով՝ հենց այս մասին էր բուն բանավեճը․ քոչարյանականներն ու դաշնակները նիկոլականներին մեղադրում էին Արցախը կործանելու և Հայաստանը կործանման եզրին հասցնելու մեջ, նիկոլականներն էլ իրենց հերթին սրանց մեղադրում էին, որ հենց նրա՛նք են իրենց քսանամյա գործունեությամբ անխուսափելի դարձրել այսօրվա աղետը, իսկ «խեղճ Նիկոլն» ընդամենը ավարտին է հասցրել կործանումը, ընդ որում՝ «արագացված ընթացակարգով», ու հիմա փորձում է ինչ-որ բաներ փրկել։

Իսկ ինչո՞ւ լեզվակռիվը մինչև վերջ անկեղծ չէր։ Որովհետև, այսօր ինչ ցուցմունքներ էլ տան, ակնհայտ է, որ մինչև «հանցագործության բուն փաստն» ու «բռնվելը» (այսինքն՝ մինչև 44-օրյա պատերազմ ու կապիտուլյացիան) նույն «բանդայի» մեջ են եղել, և ով դիմացինին ինչ-որ մեղադրանք ներկայացնի՝ տեղում համարժեք պատասխանը կստանա։ Եվ իսկապես էլ՝ ի՞նչ տարբերություն դաշնակցական ոչմիթիզականության և Աղդամի նուռը գրկած լուսանկարվելու միջև, ի՞նչ տարբերություն Քոչարյանի «Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է»-ի և Նիկոլի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ի միջև, ի՞նչ տարբերություն դաշնակցական «գալ տարի Վանին մեջ»-ի և նիկոլական «Սևրի դաշնագիրն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը» հայտարարության միջև։ Եվ ի վերջո՝ մինչև 44-օրյա պատերազմը Դաշնակցությունն է, չէ՞, նիկոլական իշխանության հետ կոալիցիայի մեջ մտել ու կառավարության մաս կազմել, և ոչ թե, ասենք, ՀԱԿ-ը կամ հակամարտությունը փոխզիջումային ճանապարհով կարգավորելու կողմնակից որևէ այլ ուժ (եթե այդպիսին եղել է)։

Այնպես որ՝ այսօրվա լեզվակռիվն առանձնապես բան չի փոխում։ Պարզապես ցավալի է, որ փաստացի՝ ճաղավանդակների ետևում ոչ թե այս երբեմնի համերաշխ «բանդան» է, այլ Հայաստանը։ Մինչդեռ հակառակը պիտի լիներ։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ