...

Մեխի գլուխները

Մեխի գլուխները

Մարտական մարտեր մարտին

Այս շաբաթ ուրվագծվեց տարածքներ զիջելու հերթական փուլը: Այս անգամ Փաշինյանը մտադիր է հանձնել Տավուշի մարզի չորս գյուղերը, նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են, այնտեղ տեղական մարտեր են գնում. այդ «Մարտական եղբայրություն» շարժում է, նախաձեռնություն է, մի խոսքով, խումբը փորձել է Ոսկեպար գնալ, չեն թողել, սկսել են այդ խմբի անդամներին ձերբակալել... չհայտարարված պարետային ժամ է այնտեղ փաստորեն, կամ այդ չորս գյուղերը փակ գոտի են ՀՀ քաղաքացիների համար:

Ահաբեկչության շաբաթ

Իհարկե, շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը դարձավ Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, որին զոհ գնաց ավելի քան 150 մարդ: Դատելով հայկական համացանցի արձագանքներից՝ այդ ահաբեկչության թիկունքում Պուտինն է, ամերիկյան ԿՀՎ-ն, Ադրբեջանն ու Ալիևի խնամին, ԻԳԻԼ-ը, Ուկրաինան, բրիտանական ՄԻ-6-ը... ո՞ւմ մոռացանք, հա, մի երկու կտտցրածներ էլ հայկական հետք էին գտել: 

Լայնածավալ հարձակում հայոզ լեզվի դեմ

Բայց այս օրերին ահաբեկչություն ոչ միայն Մոսկվայում տեղի ունեցավ, այլ նաև Երևանում: Կոնկրետ Ազգային ժողովում: Այս անգամ ահաբեկչության թիրախը հայոց լեզուն էր: Հերթական անգամ հայոց լեզուն դարձավ իշխանություն-ընդդիմություն «բանավեճի» զոհը: 

Երկրի ղեկավարը, պետության գլուխը հարց ու պատասխանի ժամանակ աչքի ընկավ իր փողոցային բառապաշարով, Լևոն Քոչարյանին ընդդիմության գլխի տղա անվանեց, կաշը գնաց, հայհոյանք, վիրավորանք: 

Որտեղից ուր հասանք: 

Պարզապես եկեք հիշենք, որ երբ պետության ղեկավարը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, այսպիսի երևույթներ անհնար էր պատկերացնել: Խորհրդարանում լինում էին փոխադարձ խայթոցներ, մեղադրանքներ, բայց, օրինակ, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ և՛ հարց տվողներն էին կոռեկտության սահմաններում մնում, և՛ պատասխանողները, վարչապետը, նախարարները: 

Այն ժամանակ հայոց լեզուն, խոսքը, միտքը շատ բարձր մակարդակի վրա էին: Տեր-Պետրոսյանը երբ էլ խոսեր, քեֆդ գալիս էր: Վանո Սիրադեղյանը, Վազգեն Մանուկյանը, Եգորյանը, Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը, Վահան Փափազյանը, Վարդգես Գնունին, Ռաֆայել Ղազարյանը... Մի հատ վերցրեք, հին տեսանյութերը նայեք, ինչպիսի հարգանք կար հայոց լեզվի հանդեպ: Լեզվի նշանակությունը կարևորվում էր: Տեր-Պետրոսյանը հայոց լեզվի մաքրության նշաձող էր սահմանել, և բոլորը այդ նշաձողին էին ձգտում:

Բայց ահա եկավ Ռոբերտ Քոչարյանը, և հայոց լեզուն առաջին հարվածը ստացավ: Երբ 2008-ի հեղաշրջումից հետո Քոչարյանը սկսեց խոսել, անկեղծ ենք ասում, մարդկանց արձագանքն այն էր, թե էս գեղցին ո՞վ է: Լավ, հայերեն խոսել չգիտեր, դա կարելի էր վերագրել օբյեկտիվ պատճառների, բայց պարզվեց, որ էդ մարդը խոսելու կուլտուրա էլ չունի: Առաջինն ինքն է քաղաքական ընդդիմախոսների հետ հեռակա կամ անմիջական բանավեճերում փողոցային բառապաշար օգտագործել: Կլիզմայից էր խոսում, մեջքից ներքև փափուկ մասերից, կովերի բառաչներից: Ու էս բառապաշարը, հարաբերվելու այս ոճն աստիճանաբար տարածվեց քաղաքական կյանքում: Նորմա դարձավ: 

Կով էլ մնացիք

Վանո Սիրադեղյանը հո հենց այնպես չէ՞ր գրել, թե այ կովեր, գոնե հայոց լեզուն մի ավերեք: Մի մտեք այնտեղ, որտեղ անելիք չունեք: Նորմալ, գեղեցիկ հայերենով խոսելը «զապադլոյի» պես մի բան էր դարձել: 

Քոչարյանին հազար ու մի բանում մեղադրում են, բայց այս մեկը մի տեսակ մոռացել են, որ հայոց լեզուն ավերողներից մեկն ինքն է եղել, գռեհկաբանությունը փողոցից կառավարություն, պետական կառույցներ, խորհրդարան ներմուծողներից մեկը ինքն է եղել: 

Նիկոլ Փաշինյանն ահա այս մշակույթի պրոդուկտ է: Ու ճակատագրի հեգնանքով Ռոբերտ Քոչարյանի ներմուծած հակամշակույթի բառապաշարով, նույն լեզվամտածողությամբ հարաբերվում է նույն Ռոբերտ Քոչարյանի որդու հետ: Վերջինս էլ զայրանում, նեղանում է: Թե ասա, ինչի՞ց ես նեղանում, փոխանակ հպարտանաս, որ փողոցաքուչայական լեզվամտածողության հիմնադիրներից մեկի զավակն ես, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ օգտվում է այդ հիմնադրի կոնսպեկտներից: Ամեն ինչ արդար է: Լեզուն է մեղք, որը պղծվում ու ավերվում է ձեր սմբակների ներքո: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ