ՔՊ-ական իշխանությունները Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում 2021 թվականի ինչ-որ կադրեր են հրապարակել, որտեղից պարզապես ջնջել են Հայկ Մարությանին, նրա խոսքն էլ փոխարինել ուրիշի խոսքով։ Թվում է՝ մանրուք է, որին կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ։ Բայց այս մանրուքն իրականում կարևորագույն ցուցիչ է և ապացուցում է, որ ՔՊ-ական իշխանությունների «դուխով» առաջնորդն այնուամենայնիվ միայն Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» չէ, որ ընդունել է որպես գործունեության ուղեցույց, նա նաև նույն հեղինակի «1984» վեպն է մանրամասն ուսումնասիրել ու յուրացրել։ Այդ վեպում, եթե հիշում եք, պետական հատուկ կառույց կար, որը խմբագրում էր անցյալն ու նույնիսկ հետին ամսաթվերով թերթեր տպում։ Որովհետև մարդկանց իրական հիշողությունները ջնջելն ու նրանց գիտակցության մեջ կեղծ հիշողությունների վրա հիմնված կեղծ անցյալ պատվաստելը ցանկացած հասարակության ապուշացման ու հլու-հնազանդ կենսազանգվածի վերածելու ամենակարճ ճանապարհն է։
Ստալինի ժամանակ էլ էր նույնն արվում՝ և՛ 1930-ականների երկրորդ կեսերին, և՛ 50-ականների սկզբներին։ ՆԿՎԴ-ում ահռելի ապարատ կար, ու հենց որ որևէ Տրոցկի կամ Զինովև ժողովրդի թշնամի էր հռչակվում՝ այդ ապարատն անմիջապես բոլոր պաշտոնական լուսանկարներից ու վավերագրական կադրերից մոնտաժում-վերացնում էր նրանց հետքերը, գրադարաններից հավաքում էին նրանց գրքերը, կաբինետների պատերից պոկում նրանց լուսանկարները, և վայ նրան, ով թեկուզ մի քանի ժամով կուշացներ այդ գործը։ Հետագայում, իհարկե, երկրով մեկ նույն եռանդով ոչնչացվեցին Ստալինի հարյուր հազարավոր արձաններն ու կիսանդրիները, բայց անցյալը խմբագրելը, որպես հանրությանը հիմարացնելու տեխնոլոգիա, փաստորեն արդիական է նաև այսօր։ Համենայն դեպս՝ Հայաստանում։
Ու դա Նիկոլ Փաշինյանի «նոու-հաու»-ն չէ, պարզապես նա, սովորության համաձայն, զարգացնում ու «ծյունինգ է անում» բոլոր այն այլանդակությունները, որոնց դեմ ժամանակին իբր պայքարում էր, բայց հիմա ուզում է ծառայեցնել սեփական շահերին։ Ու կապ չունի՝ խոսքը կոռուպցիոն համակարգի «արդիականացմա՞ն» մասին է, ընտրակեղծիքների ինստիտուտի «վերազինմա՞ն», «բաջանաղապետության» ու «պադավատապետության» ավանդույթների խորացմա՞ն, թե՞, ասենք, անցյալը «խմբագրելու» գործիքակազմի «նորովի կիրառման»։ Իր նախորդներն արել են դա, հասարակությունը հանդուրժել է, ինքն էլ շարունակում է, ինչի՞ վրա եք զարմանում։ Հասարակությունն ընդվզե՞ց, երբ 1998-ից սկսած համոզում էին, թե «ժողովուրդ ջան, դուք ուղղակի խաբար չեք, արցախյան պատերազմում տարած հաղթանակի հետ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես կապ չունեին, նրանք ընդամենը մազութ էին լափում ու հոսանքը հողանցում անում, իսկ պատերազմը բացառապես մեր հերոս տղերքն են հաղթել»։ Հասարակությունն այդ անհեթեթությունն ընդունեց, ու դրան հաջորդեցին անցյալը «խմբագրելու» երկրորդ և երրորդ փուլերը․ երկրորդ փուլում՝ «Լևոնը ոչ թե տեղյակ չէր, այլ լավ էլ տեղյակ էր ու խանգարում էր», իսկ արդեն երրորդ փուլում՝ «պատերազմը Ռոբերտ Քոչարյանն է հաղթել, ընդ որում՝ համարյա մենակով»։ Հիշում եք, չէ՞, թե 20 տարի շարունակ ինչ եռանդով էին պետական քարոզչամիջոցները խոշորացույցով ստուգում, որ հանկարծ Երրորդ հանրապետության ստեղծման կամ պատերազմի վավերագրական կադրերում հանկարծ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը երևա, ոչ Վանո Սիրադեղյանը։ Վազգեն Սարգսյանի՝ որևէ կադրի անկյունում ծիկրակելը մեկ-մեկ հանդուրժում էին, դա էլ՝ երևի որովհետև արդեն ողջ չէր։ Հիմա ինչո՞ւ ենք զարմանում, որ այդ «ավանդույթների» վրա մեծացած ու Աբաջյանի կեղծ պապիկով իշխանության հասածներն իրենց փայ «Տրոցկու» կադրերը ջնջում են։
Կոնկրետ Հայկ Մարությանը, ի դեպ, այս ամենի հետ առանձնապես կապ չունի, ու «մոնտաժվելուց» իրեն «ոչ սառն է, ոչ տաք»։ Առավել ևս՝ որ ինքն էլ էր կեղծ պապիկի հետ նույն հարթակում։ Խնդիրը շատ ավելի խորն է և մեծ հաշվով հանգում է հետևյալին՝ չի կարող նորմալ ապագա ունենալ այն հասարակությունը, որը հանդուրժում է իր իսկ անցյալի խեղաթյուրումը, առավել ևս՝ խեղաթյուրողների առաջնորդությամբ։
Մարկ Նշանյան