Այս օրերին ով չի ալարում՝ սոցկայքերում տեղադրում է Ստեփանակերտի կենտրոնում ադրբեջանական դրոշ բարձրացնող Ալիևի լուսանկարը, կողքին՝ մի քանի լուսանկարներ 30 տարի առաջվա մեր հաղթանակներից, ու տակը գրում «որտեղից ուր հասանք» կամ դրա նման մի բան։ Ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես այդ միջանկյալ ժամանակահատվածում ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես այն ժամանակ հաղթել ենք, ու մեկ էլ հանկարծ՝ հոպ․․․ Ալիևը Ստեփանակերտում տրորում է Արցախի դրոշը։
Այո, եթե ներկայացնում ես միայն սկզբնակետն ու վերջնակետը՝ կոնտրաստն ահավոր է թվում, բայց իրականում «որտեղից ուր հասնելու» ընթացքը բավականին սահուն է եղել, իսկ դեգրադացիան՝ քայլ առ քայլ, աստիճանաբար, ու երևի նաև այդ պատճառով՝ շատերի համար ոչ այնքան տեսանելի։ Լևոն Տեր-Պետրոսյանի տրամաչափի պետական գործիչ ու նախագահ ունեցող պետությունից վերածվում է երկրի, որի ղեկավարը կրկեսի վարժեցրած կապիկի պես կախվում է արագաչափի սյունից ու կանչում «սերդեչնի պրիվետ ատ Արութինա Զիմզիմովա», իսկ հետո՝ արդեն վարչապետի կարգավիճակով, լուսանկար հրապարակում, որտեղ ինքը, ոտները չռած, խմած-պառկած է խոտերին, կողքին էլ՝ գինու դատարկ շիշը․․․ այո, կոնտրաստն իսկապես ահավոր է։
Բայց անկումը միանգամից չի եղել։ Չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի ամենամեծ «մեղքերից» մեկն այն էր, որ, ինչպես «ռազմահայրենասեր» ամբոխն էր ատելությամբ ֆշշացնում, «տասը լեզու գիտեր», փոխարինելու եկավ Ռոբերտ Քոչարյանը, որը պարծենում էր, թե ինքը գիրք կարդացող չի, ԱԺ ամբիոնից կլիզմայի մասին անեկդոտներ էր պատմում, տեսախցիկների առջև տուռնիկից տուռնիկ ցատկոտում ու հայտարարում, թե Ղարաբաղի հարցը լուծված-պրծած է, հետո էլ իշխանությունը 10 հոգու արյան գնով հանձնեց այնպիսի մեկին, որի երեսին ՀԱՊԿ անդամ ինչ-որ երկրի նախագահ կարող էր շպրտել, թե «սա քեզ համար կազինո չէ»։ Կոնտրաստն ահավոր է թվում, երբ Վանո Սիրադեղյանի նման՝ երկիրը կրիմինալից մաքրած ու տարիուկես Լաչինի միջանցք պաշտպանած ՆԳ նախարար ունեցող պետությունը վերածվում է երկրի, որի ՆԳ նախարարը Վահե Ղազարյանն է (որ եթե ինչ-որ տեղ է գնում՝ փորն իրենից մի 3-4 րոպե շուտ է տեղ հասնում)։ Բայց այստեղ էլ է դեգրադացիայի ընթացքը սահուն եղել, որովհետև այդ միջակայքում հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճից ծլկած «ֆիքստուլ Սուրո» էլ է եղել, քրեական հեղինակությունների համար ակորդեոնով «Դոլյա վարավսկայա» երգող Ալիկ էլ․․․ Բաբկեն Արարքցյանից սրա-նրա վրա թքոտող Ալենչո միջակայքում էլ Տիգրան Թորոսյան է եղել, Հովիկ Աբրահամյան է եղել, Գալուստ Սահակյան է եղել, բա հո միանգամից չե՞նք դեգրադացվել։ Սա է։
Հիմա խնդիրը հետևյալն է՝ 25 տարի տևած այս համընդհանուր սահուն դեգրադացիան շարունակվելո՞ւ է, թե՞ արդեն հասել ենք հատակին, ու ստիպված՝ պիտի նորից վեր բարձրանանք։ Ցավոք՝ լավատեսության հիմքեր չկան։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ իշխանությունը «սերդեչնի պրիվետ․․․»-ով վարչապետ դարձած ու աթոռին կառչած Նիկոլն է, ընդդիմությունը՝ պայմանական «Դոգը» կամ մոտավորապես նույն կարգի ուժերը։ Խնդիրն այն է, որ «ազգային-ազատագրական ռազմահայրենասիրական միտքն» այս իրավիճակից ելքը պատկերացնում է ճիշտ այն մեթոդներով, որոնցով 25 տարի շարունակ «Արցախի հարցն էր լուծում»։ Չեք հավատում՝ հետևեք «հանրային քննարկումների» հռետորաբանությանն ու որակին․ միայն «հայրենասիրություն», միայն լացակումած պաթոս, միայն դավաճանների փնտրտուք, և ոչ մի ռացիոնալ միտք։ Անգամ ցանկացած շատից-քչից ռացիոնալ միտք քարկոծելու մոլեռանդությունն է նույնը։
Այնպես որ՝ կողք կողքի Շուշիի բերդի վրա Եռագույն բարձրացնող հայ զինվորի ու Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ բարձրացնող Ալիևի լուսանկարներ մի՛ դրեք։ Եթե ուզում եք ներկայացնել «էվոլյուցիոն շղթան»՝ կողք կողքի 4 լուսանկար դրեք․ գիրք կարդացող Լևոն Տեր-Պետրոսյան, բասկետբոլ խաղացող Ռոբերտ Քոչարյան, սեղանի շուրջ ննջած Սերժ Սարգսյան ու արագաչափի սյունից կառչած Նիկոլ Փաշինյան։
Մարկ Նշանյան