Մեզանում քաղաքական ուժերն անգամ եղանակի տեսության թեմայով են իրար հայհոյում, ու բնականաբար՝ Բանակի օրվա առիթը բաց չէին թողնի։ Բանավեճի ամպլիտուդն էլ, ինչպես միշտ, շատ լայն էր՝ «մենք 30 տարի բանակ չենք ունեցել»-ից մինչև «կեցցե աշխարհի ամենահզոր բանակը»։
Իրականությունն այն է, որ մեր բանակն անընդհատ փոխվել է՝ տվյալ պահի քաղաքական իշխանությունների «տեսքով և նմանությամբ»։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք բանակն արտաքնապես ակնահաճո ու ներկայանալի չէր՝ կապված երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ, բայց ուներ ամենակարևոր որակները՝ տարածաշրջանում իսկապես ամենամարտունակն էր, լավ մոտիվացված էր, ֆունկցիոնալ էր և ի վիճակի էր կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները (ու փայլուն ձևով կատարեց)։ Ռոբերտ Քոչարյանի օրոք բանակ ներթափանցեցին քրեական տարրերը, ներմուծվեց «չաստ նայողների ինստիտուտը» և հաստատվեց ինչ-որ անհասկանալի հիերարխիա։ Սերժ Սարգսյանի օրոք բանակում առաջին պլան մղվեցին բիզնես-հարաբերությունները, և զորամասերը վերածվեցին բիզնես-ստրուկտուրաների, բարձրաստիճան սպաները՝ կալվածատերերի, իսկ բանակի մատակարարումը՝ ստվերային եկամուտների անվերահսկելի աղբյուրի։ Այսինքն՝ երկու դեպքում էլ բանակում կարևորվեց այն, ինչը կարևոր էր նախ՝ Քոչարյանի, ապա՝ Սարգսյանի համար։ Նիկոլ Փաշինյանի «առաջնահերթությունները» փոքր-ինչ այլ էին՝ կուշտ փորով հաց ուտելը, տիեզերական պաթոսը, շոուներն ու համատարած կեղծիքը, ու բանակն էլ համապատասխանեցվեց այդ «արժեհամակարգին»։ Տեսախցիկների առջև կուշտ փորով հաց ու ելակ ուտող զինվորներ, սահմանային ինչ-որ փոքր միջադեպ համարյա որպես նոր Ավարայր ներկայացնող հսկայական շոու, ռազմական ինքնաթիռների ֆոնին 120 միլիոն դոլարանոց քարոզչական սելֆիներ, և իհարկե չափ ու սահման չճանաչող կեղծիք՝ անգամ պատերազմի օրերին․ «Էրատո» ջոկատի մարտական վարժանքներ, «Աշոտիկի սխրանքը», «խոնարհվում եմ բոլորիդ առաջ», և այլն։
Այս իրավիճակը, ի դեպ, հուսադրող է՝ այն իմաստով, որ փաստորեն նորմալ քաղաքական իշխանություններ ունենալու դեպքում հայկական բանակը շատ արագ կարող է վերագտնել իր նախկին որակներն ու մոտիվացիան։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մինչև վերջ կդիմադրի ու թույլ չի տա, որ դա տեղի ունենա։ Ավելին՝ «մենք 30 տարի է բանակ չունենք» և «ժամանակակից բանակ ունենալ չենք կարող, որովհետև փողը կա, բայց չենք կարողանում սպառազինություն գնել» քարոզչական թեզերը լիովին համապատասխանում են նրա քաղաքական ծրագրերին, որովհետև եթե նա մտադիր է զիջել հնարավոր ամեն ինչ՝ նույնիսկ այն, ինչը հնարավոր է չզիջել, ուրեմն նախ պիտի հասարակությանը համոզի, որ ստիպվա՛ծ է զիջում, որովհետև այլ ելք չունենք։ Սա հասկանալի է, բայց անհասկանալի է, թե «ընդդիմադիր հասարակական-քաղաքական շրջանակնե՞րն» ինչու են կրկնում, թե «բանակ չունենք», «բանակը գլխատված է», «բանակից բան չի մնացել», և այլն։ Որովհետև պարտվե՞լ ենք 44-օրյա պատերազմում։ 26 տարի էլ Ադրբեջանն էր պարտվածի կարգավիճակում, այդ ընթացքում երբևէ լսե՞լ եք, որ այնտեղ ասեն «վերջ, ադրբեջանական բանակ չկա ու ապագայում չի էլ կարող լինել»։ Կամ՝ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են 44-օրյա պատերազմում տարբեր գնահատականներով՝ 6-9 հազար զոհ տված ադրբեջանցիները պաշտոնապես հայտարարում 3 հազար զոհի մասին ու այդպիսով 2-3 անգամ նվազեցնում իրական թվերը, իսկ մենք, հակառակը, մեր 4 հազար զոհերի թիվը հասցնում ենք 5 հազարի։ Որ ի՞նչ։ Հպարտանալու փոխարեն, որ մեր բանակը սպառազինությամբ տասնապատիկ գերազանցող թշնամուն կրկնակի զոհեր է պատճառել՝ մե՛ր զոհերի թիվն ենք ավելացնում ու հայտարարում, թե «բանակ չենք ունեցել»։ Փաստորեն թշնամին իր հզորությունն է գովազդում, իսկ մենք՝ մեր թուլությունը, որովհետև դրանով Նիկոլին հայհոյելու պատճառներն ավելի ծանրակշի՞ռ ենք դարձնում։ Մի՛ անհանգստացեք, այդ պատճառներն առանց այն էլ շատ ծանրակշիռ են ու կբավականացնեն մի քանի սերունդների։
Մի խոսքով՝ մենք ոչ միայն պարզապես բանակ ունենք, այլև ունենք ավելի լավ բանակ, քան կարող էր ունենալ մնացած առումներով մեր վիճակում գտնվող ցանկացած այլ երկիր։ Ու մեծ հաշվով՝ մեր պրոբլեմը ոչ թե բանակի հզորությունն է, այլ այդ հզորության և մեր հավակնությունների միջև առկա անհամապատասխանությունը։
Մարկ Նշանյան