...

Պայքար ամենամեծ պատուհասի տիտղոսի համար

Պայքար ամենամեծ պատուհասի տիտղոսի համար

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե «հայկական պետականությանը ամենամեծ վնաս տված ուժը կա և կլինի Դաշնակցությունը»։

Բացարձակապես անիմաստ է քննարկելը, թե այնուամենայնիվ ո՞ր ուժն է ամենամեծ վնասը հասցրել՝ Դաշնակցությո՞ւնը, թե՞ Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ով։ Որովհետև իրականում հայկական պետականությանն ամենամեծ վնասը հասցրել են ոչ թե ինչ-որ կոնկրետ քաղաքական ուժեր, այլ արկածախնդրությունն ու առողջ բանականության պակասը, իսկ դրանք տարբեր ժամանակներում տարբեր մարմնավորումներ են ունեցել՝ Դաշնակցություն, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ․․․ Ընդ որում՝ բոլոր ժամանակներում բոլոր այդ մարմնավորումներին միավորել է մի կարևոր առանձնահատկություն․ նրանք բոլորն իրենց անձնական կամ նեղ-կուսակցական շահերը վեր են դասել պետական շահից ու հանուն իրենց իշխանության պատրաստ են եղել ոչնչացնել Հայաստանը։

Այո, դրսևորումները գուցե տարբեր են եղել։ Մեկը հաջողացրել է իր կառավարման երկուսուկես տարիների ընթացքում Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ իր չորս հարևաններից երեքի հետ, հետո ծլկել «հայդե Փարիզ», մի ուրիշը համարել է, որ «Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է», փոխզիջման կարիք չկա, «հող հանձնողին հանձնենք հողին», ու անձամբ «հողային ձեռքբերումներ է ունեցել» Էգեյան ծովում կղզիներ գնելով, երրորդը մտածել է, որ եթե հանկարծ ժողովրդին ճշմարտությունն ասի՝ կկորցնի այդքան մեծ չարչարանքով ճանկած վարչապետական աթոռը, հետևաբար՝ պետք է ասել «նոր պատերազմ-նոր տարածքներ» ու դա հիմնավորել նրանով, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ադրբեջանցի զինվորները «կլուբնիկ» չեն ուտում։

Ահա այսպես հավաքական ջանքերով էլ մեծագույն վնաս են հասցրել հայոց պետականությանը, ու հիմա փլատակների վրա նստած՝ վիճում են, թե այնուամենայնիվ իրենցից ո՞ր մեկն է ամենամեծ վնասատուն։ Ոչ միայն վիճում են, այլև պատրաստ են իրար կոկորդ կրծել, որովհետև մեջտեղ իշխանության հարց կա, իսկ ինչ-որ բան քերել հնարավոր է անգամ փլատակներից։ Ու միավորվում են միայն մի դեպքում՝ եթե համատեղ ուժերով առողջ բանականության վրա հարձակվելու անհրաժեշտություն կա։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ