...

Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին

Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին

Մեկ տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին, սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, որը Հայաստանի ու Արցախի համար աղետալի հետևանքներ ունեցավ: Նույնիսկ մեկ տարին բավարար չեղավ՝ հասկանալու, անհրաժեշտ հետևություններ անելու համար, թե որոնք էին մեր անհաջողությունների հիմնական պատճառները:

Մեկ տարին նաև քիչ եղավ, որպեսզի շոկի մեջ հայտնված հանրությունը սթափվի, վերագտնի իր տեղն ու դերը պետականության ամրացման, զարգացման գործում: Այս պատերազմի, դրա դրդապատճառների, հետևանքների և հետագա զարգացումների մասին դեռ պետք է լինեն տասնյակ լուրջ, իրատեսության և տրամաբանության վրա հիմնված վերլուծություններ, գիտական աշխատություններ: Բայց առայժմ մենք դուրս չենք եկել հետպատերազմյան սինդրոմից: 

Հիմա մենք մի փոքր ծաղկաքաղ ենք արել, թե ինչպիսին էին հանրային, քաղաքական տրամադրությունները պատերազմի նախօրեին, ինչ էին խոսում և ինչ էր ասվում պատերազմի առաջին օրը: Առանց մեկնաբանությունների:

26.09.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան. 

«Արդեն չորրորդ օրն է` հայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառով: 2018 թվականի ընտրություններին ընդառաջ Հանրապետականի դեմ տարվող իր նենգ պայքարում Ալիևից օգնություն հայցելն ու ստանալը՝ դրա դիմաց զիջելով Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, և ժողովրդի մեջքի հետևում Ադրբեջանի հետ Արցախի շուրջ իրականացված ստվերային գործարքները տեղ չեն թողնում կասկածելու, որ. 

1. 2018 թվականի իշխանազավթումը պայմանավորված էր Արցախի հարցով: 

2. Այդ իշխանազավթումն ուներ գեոպոլիտիկ հովանավորներ: 

3. Նիկոլ Փաշինյանն ամենաշատը վախենում էր նախ մեր ներկայությունից խորհրդարանում, իսկ հետո՝ մեր շարունակական և նպատակային պայքարից պառլամենտից դուրս, հատկապես՝ Արցախի հարցով: 

Մենք` հանրապետականներս, դեռևս 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին հանդես եկանք կարգախոսով. Եթե մտահոգ ես Արցախի ապագայով, ընտրի՛ր Հանրապետականին: Սերժ Սարգսյանը այս երկու տարի իր բոլոր հանրային ուղերձներում, հրապարակային ելույթներում և աշխատանքային հանդիպումներում մշտապես կրկնել է մի անկյունաքարային ուղերձ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Նա խոսել է այդ մասին Զագրեբում եվրոպական ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքի համագումարի հարթակից՝ եվրոպական քաղաքական վերնախավի ներկայությամբ: 

Այնինչ Սերժ Սարգսյանը և մենք ամենասկզբից կանխատեսում, կռահում, վերլուծում էինք Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու լրջագույն հավանականությունը և բանակցային գործընթացում իր կողմից տարվող քաղաքականության կործանարար հետևանքները: Եվ մինչև Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները, ականջներիդ օղ, կամ ձեզ համար ավելի նախընտրելի վայրում պիրսինգ արեք. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյան.

«Ադրբեջանում, մեր դեմ պատերազմելու նպատակով տեղակայվում են թուրքական զորքեր և միջազգային ահաբեկչական աղբը։ Ալիևը ինչ-որ «սլիվներ» է անում հայկական կողմի հետ գաղտնի բանակցություների մասին (հանկարծ ոչ մեկի կարճ խելքով չանցնի, որ Ալիևի ասածը շահարկում եմ) իրա հերը շուն դառնա, բայց մտածեք ինչո՞ւ է նա գնում այդ քայլին։ Դե լավ, չեք ուզում մտածեք, մի մտածեք, բայց գոնե մենք իշխանություններից պե՞տք է ստանանք հասկանալի պատասխաններ, իսկ պատասխանների տեղը ստանում ենք ինչ-որ կասկածելի և անհասկանալի նեղացած բառերի շարան։ Կարողա՞ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ։ Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում իրականացնել քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի հանդեպ, միթե այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները։

Հ.Գ. Եթե Ծառուկյանին և ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը նետեիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն, ապա համոզված եմ, որ իրավիճակը լրիվ այլ կլիներ»:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան.

«Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել, անգամ ռազմական գործողությունների ժամանակ։ Անգամ 90-ական թվականներին, պատերազմի ընթացքում, կար հեռախոսակապ ու կողմերը կարողանում էին պայմանավորվել ու խոսքը պահել։ Հիմա աննախադեպ իրավիճակ է։ Իսկ ո՞րն է դրա վտանգները։ Ալիևի կլանը միշտ խուսափել է պատերազմ սկսել ու համաձայնել է վարել անիմաստ բանակցություններ, որովհետև պատերազմը ռիսկային էր իշխանության համար. կորուստների դեպքում իշխանությունը կփլուզվի, հաջողությունների դեպքում հերոսացած ռազմական հրամանատարներ ի հայտ կգան, որոնք իշխանության հայտ կներկայացնեն։ Սակայն այսօր սահմաններ են հատվել ու իրավիճակ է փոխվել։ Երբ Նիկոլն ասում էր, որ եթե չկարողանա պայմանավորվել Ալիևի հետ, կխոսի Ադրբեջանի ժողովրդի հետ, ինչն, ըստ էության, նշանակում է հակադրել իշխանությանն ու ժողովրդին և Ադրբեջանում հեղափոխության կոչ անել։ Այլապես ի՞նչ գործ ունի ժողովրդի հետ, երբ պետք է խոսել ղեկավարության հետ։ Փաստորեն Նիկոլն Ալիևների կլանին փաստի առաջ է կանգնեցրել՝ իշխանափոխությունը չեզոքացնելու համար ոչ թե զերծ մնալ պատերազմից, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմ սկսել։ Ադրբեջանի շահը մեկ բան է, Ալիևի կլանի շահն՝ այլ, իսկ կլանը հատկապես նրբազգաց է իր շահի ու անվտանգության հանդեպ։ Հիմա Նիկոլն ու Ալիևը միմյանց նկատմամբ կոմպրոմատներ են հրապարակում՝ նպատակ ունենալով միմյանց տարածքում հեղափոխություններ հրահրել։ 

Վիճակը հետևյալն է. կա՛մ պատերազմ, կա՛մ որևէ մեկի տարածքում իշխանափոխություն, այլ տարբերակ, կարծես թե, չկա։ Այսքանից հետո բանակցություները՝ թեկուզ ձևական, անհասկանալի կլինի «հեղափոխական» զանգվածների համար։ Իսկ ում է այս ամենը պետք, այլ հարց է, բայց հաստատ դա Հայաստանի ծրագիրը չէ։

Հ.Գ. Տասնյակ տարիներ հետո հետազոտողները կփորձեն հասկանալ այս իրավիճակի քաղաքական պատճառներն ու տեղական դերակատարների մոտիվները, ու այս ամենի ետևում չեն փորձի գտնել մարդկային հիմարություն ու սնապարծություն»:

27.09.2020

Նիկոլ Փաշինյան.

«Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի մշտադիտարկումների մերժումը ցույց է տալիս, որ ագրեսիան նախապես պլանավորված էր և լայնամասշտաբ սադրանք էր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին.

«Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է հարձակման:

Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն: Հ.Յ. Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի: Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովուրդը կարձանագրի իր հաղթանակը»:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան.

«Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: 

Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն: Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»:

ՀՀԿ Գործադիր մարմին.

«Այս առավոտ ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կրակ բացելով նաև խաղաղ բնակչության վրա: Ապրիլյան պատերազմից 4 տարի անց՝ հերթական անգամ արձանագրելով սեփական ապակառուցողական և ագրեսոր էությունը, Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին: Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն: Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության և միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության և հայ զինվորի կողքին: Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնաատել ստեղծված իրավիճակը և լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից: Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին և արդար պայքարին»:

Ռոբերտ Քոչարյան.

«Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ, կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94 թթ., միահամուռ ուժերով ջախջախենք թշնամուն։ Վստահ եմ՝ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան.

«Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն, իսկ համաշխարհային սպառնալիք դարձած Թուրքիան կմասնատվի։ Այսօր մեր գերագույն խնդիրն այդ գործընթացն արագացնելն է»։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ