Համացանցում դարձյալ տեղեկություններ կան այն մասին, որ մարդկանց որոշ խմբեր զբաղված են երկրի սահմաններին կանգնած զինվորներին անհրաժեշտ իրեր՝ պարեն, վրաններ, զգեստ, հասցնելով։ ՊՆ-ն արձագանքում է, թե ոչ մի բանի կարիք չունի։ Իրո՞ք՝ կասեր դասականը։ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պնդում է, որ զոհերի մեծ մասը ամրություններ չունենալու պատճառով ենք տվել։ Համոզված ենք՝ պնդումը ճիշտ է։
Ուրեմն 2020-ի պատերազմից անցել է գրեթե երկու տարի։ Ոչինչ չեն արել։ Ամրություններ չեն կառուցել։
Հայ հասարակությունն իր զավակներին ո՞ւմ անգործության պատճառով է մատաղ անում։ Հայ հասարակությունն ինչպե՞ս չհասկացավ, որ 2020-ի նոյեմբերին պարտություն բերած կառավարությունն ամբողջ կազմով պետք է հեռանար՝ այլևս չվերադառնալու պայմանով։
2020-ի պատերազմից երկու տարի հետո բարդագույն վիճակում հայտնված երկիրն ինչո՞ւ պետք է քիչ թե շատ գործուն իշխանություն չունենար, իշխանություն, որ կհասկանար սահմանային ամրությունների կարևորությունը։ Ասեմ։ Որովհետև հայ հասարակությունը ներեց իր զավակների զոհաբերությունը հանուն ինչ-որ մեկի սեփական կետի։
Հիշում եք, չէ՞։ «Հեղափոխության առաջնորդ», «ժողովրդական վարչապետ» Նիկոլ Փաշինյանը որոշել էր արցախյան բանակցությունները սեփական կետից սկսել, այսինքն՝ իրենից առաջ եղած ամբողջ բանակցային գործընթացը զրոյացնել։ Բայց զրոյացրեց Հայաստանն ու Արցախը։
Ի՞նչ կապ ունի սա սահմանային ամրությունների հետ։ Շատ ուղիղ։ Ե՛վ սեփական կետը, և՛ սահմանների վիճակը անգործության, թեթևամտության, իսկ գուցե նաև այլ բանի հետևանք են։
Հասարակության համարժեք արձագանքն էլ ի՛ր դերն ունի։
Այսպես, 2020 ի պատերազմից հետո որոշ քաղաքական գործիչներ, օր․՝ Տիգրան Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Լևոն Զուրաբյանը, Սեյրան Օհանյանը և մամուլի որոշ ներկայացուցիչներ, օր․՝ «ՉԻ»-ն, պնդել են, ահազանգել են սահմանների անտերության մասին։ Սակայն հասարակական պատշաճ արձագանք չեն ստացել։ Ֆեյսբուքյան թեթևսոլիկությունը կոնկրետ գործերի համար չէ։ Այնտեղ առավելաբար քննարկվում է ինչ- որ մեկի գլխարկի փետուրի գույնը։ Բացի դրանից՝ վիրտուալ և ռեալ Հայաստաններում կարևորն անկարևորից քչերն են տարբերակում։ Անգամ պատերազմական վիճակն է մեկ-երկու օր մնում՝ որպես թեմա;
Այնինչ կարևոր հարցը՝ բանակը և սահմանները, այսինքն՝ երկրի անվտանգությունը, պետք է լիներ հասարակության ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Իսկ հիմա պետք մտածենք, թե ինչ կարող ենք անել, երբ չունենք համարժեք իշխանություն։ Առաջինը՝ լրջանանք և աշխատեցնենք մեր ուղեղը։ Հրաժարվենք զգայացունց տեքստերից և հեքիաթներից։ Օգնենք հայկական բանակին։
Զարուհի Գաբրիելյան