...

Հե՜յ, ովքե՞ր կան դպրոցում, բուհում

Հե՜յ, ովքե՞ր կան դպրոցում, բուհում

Թեպետ ներկա իշխանավորների «մտքերին» անդրադառնալը համարում եմ անպատիվ և անիմաստ զբաղմունք, այնուամենայնիվ փորձեմ գրավել մեր կրթական համակարգում աշխատողների ուշադրությունը։ Հարվածի տակ եք, տիկնա՛յք և պարոնա՛յք։ 

Այսպես, ս․թ․ հունիսի 25-ին ՀՀ ՄԻՊ-ը քննարկում է կազմակերպել «Կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ» թեմայով։ Եվ ահա թե ինչ է ասել․ «Խնդիրներն ունեն պատշաճ հասցեավորման անհրաժեշտություն: Վերջին տարիների մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խտրական խոսքը, ատելության խոսքը տարածվում են շատ լայն ծավալով, այդ թվում՝ նաև ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից, ինչը ցավալի է: Այս խումբ անձինք պետք է օրինակելի վարքագիծ դրսևորեն, քանի որ կրթում և դաստիարակում են մեր երիտասարդներին»։

Հասակացա՞ք։ Ո՞չ։ Բացատրենք։ Հունիսի 12-ին ոստիկանական խայտառակ բռնությունները գրեթե անտեսած մեր ՄԻՊ-ը հաթաթա է տալիս «ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին»՝ պնդելով․ որ նրանք ատելության խոսք են տարածում։

Նախ, սիրելի՛ ընթերցողներ, ասենք, որ մինչև օրս հստակ ձևակերպում, սահմանում չունենք, թե ինչ է ատելության խոսքը։ Երկրորդ, եթե հակառակորդներին թիրախավորող վիրավորական արտահայտությունները հիշենք, կտեսնենք, որ ամենապատկերավոր դարձույթները լսվում են իշխանական կուսակցության առաջնորդի, այդ կուսակցության ԱԺ անդամների շուրթերից։ Օրինակ՝ ծեփռտել, ասֆալտ լիզել, ականջ և լեզու կտրել,  շինել (հայհոյանք) և բառապաշարային այլ գլուխգործոցներն ինչպե՞ս է որակում ՄԻՊ-ը։ Պատկերավոր արտահայտություննե՞ր են կազմվում սրանցով, թե՞ ակնհայտ ատելություն և սպառնալիք են։ Ընդ որում, տարածվում են կայծակնային արագությամբ, տարածվում են իշխանական բոլոր լրատվամիջոցներով, սոցցանցերով և այլն։ Բայց օմբուդսմենի թիրախում են հայտնվում ակադեմիական, այսինքն՝ բուհական ոլորտի որոշ ներկայացուցիչներ, որոնք համարձակվել են․․․ ընդդիմանալ իշխանությանը։

«Ատելության խոսքի» դեմ պայքարը ՔՊ-ն հիմա էլ որոշել է օգտագործել ոչ միայն լրատվամիջոցների, այլև Նիկոլ Փաշինյանի ատելության հիմնական թիրախներից մեկի՝ բուհերի դեմ։ 

Եվ եթե ձեզ թվում է, որ վաղը կամ մյուս օրը «ատելության խոսքի» հոդվածով կպախարակվեն, աշխատանքից կազատվեն միայն այն դասախոսները, որոնք համարձակվում են ընդդիմանալ իշխանությանը, չարաչար սխալվում եք։ «Ատելության խոսքի» տակ կարելի է անցկացնել ձեր ցանկացած արտահայտություն, օր․՝ աղջի՛կ ջան-ը, եթե այն տհաճ լինի որևէ իշխանավորի համար։ Այնպես որ, բոլորդ եք թիրախ։

Սակայն ՄԻՊ-ը միայն սկսեց։

Շարունակեց վարչապետը։ Հունիսի 27-ին նա հայտարարեց, որ «դպրոցը նույնիսկ ուսուցչի ու տնօրենի համար չի»։ Թվում է՝ թիրախը դարձյալ բուհերն են, որոնք, ըստ Ն․ Փաշինյանի, անիմաստ շատ մանկավարժներ են արտադրում։ Մի կողմ թողնենք այն, որ ՀՀ վարչապետը տեղյակ չէ, թե ինչ ողբերգական վիճակ է երկրի գյուղական և հատկապես սահմանամերձ դպրոցներում։ Ուսուցիչների պակաս կա, ոչ թե ավելցուկ։ Մի կողմ թողնենք, որ թմբկահարվող բարձր աշխատավարձերն այդպես էլ չեն հասնում ուսուցիչներին։ Բայց, հարգելի՛ ուսուցիչներ, հասկացա՞ք, որ դպրոցը ձեզ համար չէ, այսինքն՝ ցանկացած պահի կարող եք դուրս թռչել ձեր աշխատավայրից։ Հասկացա՞ք, որ ձեզ այսպես դեռ ոչ ոք չի ստորացրել։

Հուսով եմ՝ հասկացաք։ Սակայն հասկանալը քիչ է, պետք է կենդանության նշաններ ցույց տալ։ 

Զարուհի Գաբրիելյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3675 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ