...

Դիմում մարդու իրավունքների պաշտպանին

Դիմում մարդու իրավունքների պաշտպանին

Ես՝ ՀՀ քաղաքացի Զարուհի Գաբրիելյանս, դիմում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։ 

Հարգելի՛ պաշտպան, Ձեր անմիջական պարտականությունն է ինձ՝ ՀՀ շարքային քաղաքացուս, իմ իրավունքները խախտող բոլոր ոտնձգություններից պաշտպանելը։ Ո՛չ, խոսքը Ադրբեջանի կամ Թուրքիայի մասին չէ։ Թեպետ այստեղ էլ Դուք անելիք ունեք։ Խոսքը վերաբերում է ՀՀ հավասար քաղաքացիներին ամենահավասարից պաշտպանելուն (հուսով եմ՝ Օրուել կարդացել եք)։

Տեղեկացնում եմ, որ ՀՀ ամենահավասար քաղաքացին՝ ՀՀ գլխավոր պաշտոնյան՝ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի ներկայությամբ վիրավորել է իմ արժանապատվությունը։ 

Զարմացա՞ք։ Գուցե զարմացաք արժանապատվություն հասկացությունից։ Ոչինչ, բառարան կբանաք և կիմանաք, թե դա ինչ է։ 

Բացատրեմ։ ՀՀ վարչապետ, ՀՀ ամենահավասար քաղաքացի Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի ներկայությամբ, անդրադառնալով ՀՀ բանակում տեղի ունեցած հրեշավոր դեպքին, ասել է հետևյալը․ «Զոհվել են մեր զավակները, ՀՀ զավակները՝ մեր սիրասունները։ Արձագանքներից որոշները ցույց են տալիս, որ մենք կարիք ունենք բացի մակերեսի փաստերից խորանալ և հասկանալ խնդիրներն իրենց խորության մեջ։ Իսկ խնդիրները ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում։ Դրանք, եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի խնդիրներ են»։

Բացատրեմ։ Հայ ազգի ԴՆԹ մակարդակում խնդիրներ քչփորելը առնվազն ռասիզմ է կամ ատելության խոսք, որը քաղաքակիրթ և անգամ ոչ քաղաքակիրթ երկրներում կբնութագրվեր որպես hate speech-ի դասական օրինակ, մանավանդ այն դեպքում, երբ ասողը երկրի փաստացի ղեկավարն է։ 

Ուստի սպասում եմ, որ հրապարակավ գոնե կհորդորեք Ձեր վարչապետին այլևս երբեք նման արտահայտություններով հանդես չգալ։

Ի դեպ, ասածս վերաբերում է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին։ Չի՛ կարելի լռության մատնել երկրի իշխանավորների, այո՛, հատկապես իշխանավորների սանձարձակ արտահայտությունները, եթե նույնիսկ նրանց նկատմամբ ջերմ զգացմունքներ ունեք։

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ Հետգրությունն ընթերցողներիս համար է։ Գիտեմ՝ կասեք՝ երկրի լինել-չլինելու խնդիր ունենք, իսկ դու ատելության խոսքն ես հիշել։ Բայց մեր ծանր խնդիրը լուծելու առաջին խոչընդոտը նորմալ իշխանություն չունենալն է։ Եվ այս խոչընդոտից պետք է ազատվել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   13433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ