...

Բաստիոնում համառորեն պտտվում է 1937-ի ուրվականը

Բաստիոնում համառորեն պտտվում է 1937-ի ուրվականը

Մեր երիտասարդ ընթերցողների համար պարզաբանենք այս վերնագիրը։ Խորհրդային ժամանակներում քաղաքական պարտադիր գրականություն կար։ Էլ չենք խոսում այն մասին, որ ցանկացած բուհ ավարտելու համար պետք էր քննություն հանձնել «Գիտական կոմունիզմ» առարկայից։ Ուրեմն այն ժամանակ պարտադիր ուսումնասիրության առարկա էր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», որի ամենահայտնի արտահայտությունը հետևյալն էր․ «Մի ուրվական է շրջում Եվրոպայում- կոմունիզմի ուրվականը»։ Կարող եք պատկերացնել, թե 70-80-ականների երիտասարդությանը որքան ուրախություն էր պատճառում սա՝ դառնալով անեկդոտների հիմք։

1937-ի մասին, ամենայն հավանականությամբ, գիտեք։ Այն ստալինյան բռնաճնշումների խորհրդանիշներից է։ Հիշեցնենք միայն, որ բոլշևիկյան հեղափոխությունից հետո խիստ ժողովրդական իշխանությունը անխնա ոչնչացրեց նախկիններին, հետո անցավ սեփական շարքերը «մաքրելուն»։ Բազմաթիվ նվիրյալ բոլշևիկներ՝ մտավորականներ, բարձրաստիճան զինվորականներ, շարքային կուսակցականներ հայտարարվեցին ժողովրդի թշնամիներ և գնդակահարվեցին, որովհետև չէին համապատասխանում կուսակցական գծին, այսինքն՝ կարող էին վտանգ ներկայացնել ժողովուրդների հոր՝ Իոսիֆ Ստալինի համար։

Գանք Հայաստան, այն էլ՝ 21-րդ դարի, այն էլ՝ ժողովրդավարության բաստիոն հռչակված։

2023 թ․ դեկտեմբերի 9-ին ՔՊԿ նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Ն․ Փաշինյանը հայտարարել է, որ կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից։ Հասկացա՞ք։ Բացատրենք։ Տեղական ինքնակառավարման մարմինները բաստիոնական աննախադեպությամբ հորով-մորով անելուց հետո պետք է բացարձակ վերահսկողություն հաստատել գործնականում բացարձակ իշխանություն ունեցող կուսակցության անդամների վրա։ Շարքայինները կարող են հանգիստ լինել։ Նրանք տնտեսական որևէ նշանակություն չունեն։ Բայց նախարարները, քաղաքապետները, համայնքապետները, բարձրաստիճան իրավապահները, ռեկտորները և այլք պետք է աչալուրջ լինեն, որովհետև բաստիոնի գլուխը, ամենաժողվարչապետը կասկածամիտ է, խիստ կասկածամիտ։ Չէ՛, չեն գնդակահարվի, բայց պաշտոնից, ուրեմն և տնտեսական լծակներից ու բարեկեցությունից կզրկվեն, գուցե և բանտ ընկնեն։ Անդուր հեռանկար է, բայց շատ բնական։ Իսկ Նիկոլ Փաշինյանը և՛ կոռուպցիայի դեմ պայքար կբեմադրի, և՛ «անհնազանդներից» կազատվի։ Տեսարաններն ապահովված կլինեն։

Ուրեմն ի՞նչ պետք է անեն ՔՊ-ականները։ Այո՛, նրանք պետք է է՛լ ավելի հարմարվեն ու քծնեն։ Բայց նույնիսկ դա ոմանց չի փրկելու։

Հա՛, գաղափարները մոռացանք։ Բայց ինչպե՞ս կարելի է մոռանալ մի բան, որ չկա։ 

Այնպես որ, ՔՊ-ականներին մաղթենք բարի՛ վայելում։

Զարուհի Գաբրիելյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   628 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ