...

Ու մի մեծ հարցական

Ու մի մեծ հարցական

Հատկապես 2020-ի նոյեմբերի 9-ից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի հիմնական խնդիրն իշխանությունն է, ավելի ճիշտ՝ անիշխանությունը։ 

Թեպետ բազմիցս ենք բացատրել՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ կրկնենք։ Հայաստանն աշխարհին ներկայացնում են երկրի գլխին հրեշավոր աղետ բերածները։ Աշխարհի հետ խոսում են մարդիկ, որոնց քաղաքականությունը բերեց Արցախի հայաթափման։

Սա, ի դեպ, տեսանելի էր դեռ 2020-ի պատերազմի ընթացքում։ «Հաղթելու ենք» կարգախոսով 44 օր ստողները մարսեցին պատերազմն էլ, պարտությունն էլ, Արցախն էլ։ Էլ ի՞նչն են մարսելու։ Ինչպե՞ս եղավ, որ չկարողացանք երկրի ներսում լուծել նորմալ իշխանություն ունենալու հարցը։

Միանգամից ասեմ՝ խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ մենք։

Նիկոլ Փաշինյանին և իր թիմին ուղղված քննադատությունը մեծ մասամբ օբյեկտիվ է, սակայն անպտուղ։ Քաղաքական գործիչների, վերլուծաբանների մի մասը երեք տարուց ավելի է, ինչ զբաղված է նրանց դավաճանական բնույթը բացահայտելով, մյուս՝ ավելի փոքրաթիվ հատվածը դարձել է Նիկոլի հոգեվերլուծության մասնագետ։

Հասկացանք՝ «ազգակործան պատուհաս» է, «հողատու դավաճան», «կապիտուլյանտ», «անմեղսունակ» կամ բոլորը միասին։ 

Իսկ ազգիս խելոքներն ո՞ւր են։ Տարբեր տաղավարներում քաղաքակիրթ ու սիրուն հարցազրույցներ են տալիս։ Օգտակար գործողության գործակիցը ոչինչ է։ Այսինքն՝ այսպիսի «ջանքերը» ապարդյուն են։ 

Եվ բնավ տարօրինակ չէ, որ էքստրասենսներն ու աստղագուշակներն ավելի լայն լսարան ունեն, քան հայ քաղաքական գործիչներն օրհասի պահին։

Ընթերցողը կամ ունկնդիրը շատ լավ հասկանում է, որ իրական ծրագիր ոչ ոք չունի։ Հիվանդության ճշգրիտ ախտորոշումը բուժման սկիզբն է միայն։ Ծրագիր է պետք։ Գոնե այս օրհասից դուրս պրծնելու իրատեսական ծրագիր։ Եվ վստահելի գործիչներ են պետք։ 

2021-ին ընտրված ընդդիմությունը շատ լավ ցույց տվեց, թե որտեղ է իր «կարմիր գիծը»։ Այո՛, հայոց հարուստների սահմանը ոչ թե զենքն է, այլ փողը, որը, ինչպես գիտեք, հասարակական չի լինում։ Շատ լավ բացահայտվեց, որ այդ ընդդիմությունը իրատեսական ծրագիր չունի ո՛չ իշխանափոխության, ո՛չ էլ երկրի զարգացման։ Մարդիկ խոստանում են առանց պատերազմի Արցախը հետ բերել։ Ու իրենց թվում է՝ լսողներն անմեղսունակ են, հեքիաթն իրականությունից չեն տարբերում։

Նույնիսկ սա էական չէ։ 

Խնդիրն ուրիշ է։ Ինչո՞ւ մենք չենք կարողանում հարցը լուծելու բանաձև գտնել։ Ինչո՞ւ ենք տրվել Նիկոլ Փաշինյանի էժանագին պրոպագանդային։ Քննարկում ենք դասագիրքը, պատմության հայոց կամ Հայաստանի լինելը, Սահմանադրություն փոխել-չփոխելը։ ՔՊ-ն ամեն օր թեմա է տալիս, մենք ծամում ենք, ծաղրում ենք, վրդովվում ենք։ Եվ գովազդում ենք Նիկոլին ու իր թիմը։

Այնինչ պետք է մե՛ր օրակարգը կարողանայինք թելադրել, մե՛ր ծրագիրն ունենալ և իրականացնել։

Հիմա մի մեծ հարցական․ ո՞վ է անմեղսունակը։

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ 1988-ի մի անհույս օր միկրոֆոնը վերցրեց Վանոն ու բազմահազարանոց ամբոխին ասաց՝ խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք։ Շարժումը նոր թափ ստացավ։                   

ՎԱՐԿԱՆԻՇ

   3625 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ