Երբ դաշնակցական Արծվիկ Մինասյանը իշխող քաղաքական ուժին առաջարկում է հեռանալ ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքական ասպարեզից, չես կարող չհամաձայնել։
Սակայն նաև չես կարող չանդրադառնալ հենց իր կուսակցության անցյալին և ներկային։ Մի կուսակցություն, որի կրեատուրան նեոդաշնակցությունն է՝ ՔՊ-ն։
Հայաստանի առաջին հանրապետության պատմությանը քիչ թե շատ ծանոթ մեկը անմիջապես կտեսնի, թե ինչքան նմանություն կա այն ժամանակվա և ներկայիս միջև։ Ընդ որում, 1918-1920 թթ․ Հայաստանն ուսումնասիրողը այսօր հրեշավոր դեժավյու է ապրում։ Թվում է՝ հայտնվել ես կարդացածիդ մեջ, ու դրանից պրծում չկա։
Դաշնակցական իշխանության ամբարտավանությունը ՔՊ-ականները որդեգրել էին մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը։ Հիշո՞ւմ եք՝ Արցախում, Աղդամում ի՜նչ հրճվանքով էին նկարվում, իսկ նրանց պաշտպանության նախարարը հայտարարում էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ 2020-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պարտության թղթի տակ։ Իսկ հիմա երկիրն անշեղորեն տանում է դեպի Ալեքսանդրապոլի նոր պայմանագիր։
1920 թ․ դաշնակցականները մի ձեռքով ստորագրեցին Հայաստանը թուրքերի ողորմածությանը հանձնելու թղթի տակ (մեզ մնալու էր 10 000 քառակուսի կմ, բանակ չէինք ունենալու, մեզ հովանավորելու էին թուրքերը), մյուսով՝ Հայաստանի դռներն էին բացում բոլշևիկների առջև, որպեսզի մի կերպ փրկվենք նոր ցեղասպանությունից։ Սակայն մինչ այդ դաշնակցական ղեկավարությունը, Արևմուտքի հետ հույս կապելով, չէր հասկանում վտանգի խիստ մոտալուտ լինելը։
Եվ ի՞նչ։ Կարծում եք՝ 1918-1920 թթ․ ձախողված կուսակցությունը հեռացա՞վ քաղաքական ասպարեզից։ Ինչպես տեսնում եք՝ ո՛չ։
Ավելին, 1990-ական թվականներից բուռն գործունեություն են ծավալել Հայաստանում։ Քարոզչության հզոր միջոցներ են ունեցել և ունեն։
Հայդատականությամբ և ոչմիթիզականությամբ խեղդել են ցանկացած առողջ գաղափար։ 1998-ից սկսած՝ պետական պաշտոններ են զբաղեցրել և օգտվել իշխանության «բարիքներից»։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ ընդդիմությունն են, ընդդիմություն, որի շնորհիվ նա գոյատևում է պատերազմից հետո։
Ուրեմն թե՛ դաշնակների, թե՛ ներոդաշնակների գործունեությունը կործանարար է եղել և է Հայաստանի համար։ Որովհետև նեղ անձնական կամ կուսակցական շահը միշտ վեր են դասել պետության շահից։ Որովհետև անկախությունն իրենց խելքի բանը չէ։
Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայանալ որպես ՀՀ անկախության, ինքնիշխանության պաշտպան, սարսափում ես, որովհետև դա՛ էլ է կործանելու։ Եվ նրան օգնելու են հին դաշնակները։ Մեծ փորձ ունեն։
Ուղղակի այս անգամ բոլշևիկները չեն գալու։
Իսկ հավատարիմ «ընդդիմախոսները» հայտնվելու են օտար ափերում, որպեսզի մի 50 տարի էլ այնտեղ ազգային-հայրենասիրական բիզնես անեն։ Սովոր են։
Զարուհի Գաբրիելյան