Առաջին հանրապետության անփառունակ անկումից հետո Հովհաննես Քաջազնունին գրեց. «Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս:
Մեր կուսակցութիւնը արել է արդէն իր ամբողջ անելիքը ու սպառել է իրան, կեանքի նոր պայմանները առաջադրում են հրամայօրէն նոր պահանջներ․ այդ նոր պահանջներին մենք անընդունակ ենք պատասխան տալու, ուրեմն պիտի թողնենք ասպարեզը մեզանից աւելի կարողներին»:
Ի՜նչ իմանար Քաջազնունին, որ 100 տարի հետո էլ իր կուսակցությունն անելիք ունի: Հայաստանը դեռ կա աշխարհի քարտեզի վրա, դեռ չի ջնջվել, ուրեմն անելիք ունեն: Թեպետ այսօր միայնակ չեն, կլոնավորված են ու շատ են՝ ԱԺՄ, ՔՊ, ՀՀԿ և այլն: Ու բոլորը միասին կարծում են, թե անելիք ունեն, բայց մի վերապահումով:
Իրականում լավ էլ գլխի են ընկել, որ պետությունը խայտառակ վիճակում է, որ ծանրագույն պայմաններում ամոթալի փաստաթղթեր են պարտադրվելու մեզ: Գլխի են ընկել գիտակցում են: 21-րդ դարի ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն ասում է. «Առաջիկայում Հայաստանին սպասվում են ցավոտ լուծումներ»:
Իհարկե, կասկածում ենք, որ ընդդիմադիր որևէ ուժ հստակ գիտի, թե մեզ ինչ է պարտադրվելու: Բայց Նիկոլ Փաշինյանին հաստատ տեղեկացրել են: Վ. Պուտինը, օրինակ, բաց տեքստով ասաց՝ քեզ լեգիտիմ ենք համարում, ուրեմն պետք է …
ՔՊ-ական հին ու նոր աղջիկներն ու տղաները վզները ծռում են, հենց լրագրողները հարցնում են երկրի անվտանգությունից: Լավագույն դեպքում թութակի նման կրկնում են շեֆի ասածները, թե ռուսները կկանգնեն մեր սահմաններին: Իսկ սահմաններին անհանգիստ է, կրակում են, սպանում են: Գերիներին դատում են: Բայց դե մեր ՔՊ-ական աղջիկներն ու տղաները պողպատե մանդատով են գլուխ գովում և խոստանում, որ իրենց բարեփոխումներին ոչ ոք չի խանգարի, իրենք թույլ չեն տա: Սրանց պնդերեսությունը չափ ու սահման չունի, որովհետև ազգակործան պատերազմից հետո պետք է ամաչեին անգամ երեսները մեզ ցույց տալուց, բայց…
Ալիևը ռեժիմով սպառնում է երկրին, իրենք Սյունիքում վրեժ են լուծում: Ումի՞ց: Օրվա ընդդիմությունից: Այո՛, սիրելի՛ ընթերցողներ, այն, ինչ հիմա է կատարվում Հայաստանի հարավում, արդարության հետ որևէ աղերս չունի: Պրիմիտիվ ահաբեկչություն է, հերթական զզվելի տեսարանը: Ընդ որում, հիասթափեցնենք նիկոլականներին: Եթե 2018-ի ԱԱԾ-ական շոուներին մարդիկ ծափահարում էին, հիմա մեծ մասամբ լուռ են: Այնպես որ, ձեր նպատակին չեք հասնելու:
Ասենք նաև, որ այսօր ընդդիմությունն ավելի շահեկան վիճակում է, ցավոտ փաստաթղթերի տակ իշխանությունն է ստորագրելու: Բայց հիասթափեցնենք նաև ընդդիմությանը: Եթե նրանց թվում է, որ երկրի վերջնական կապիտուլյացիան ստորագրելուց հետո Ն. Փաշինյանը և նրա ապաշնորհ թիմը կհեռանան, չարաչար սխալվում են: Չեն հեռանալու, որովհետև Քաջազնունու չափ խելք չունեն, որովհետև չեն հասկանում, որ այլևս անելիք չունեն: Չեն հասկանում ճիշտ այնպես, ինչպես 100 տարի չհասկացավ ՀՅԴ-ն:
Գրիգոր Խաչիկյան