Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե «երբ զինված ուժերն օգտագործվում են սեփական ժողովրդին ճնշելու համար, այդ պահից սկսած կարելի է ասել, որ ԶՈւ-ն գնաց ինքնաոչնչացման, Սեյրան Օհանյանը դրա մասնակիցն է»։
Այստեղ լսեք նյութի աուդիո տարբերակը։ Բաժանորդագրվեք Spotify "1991tv" ալիքին և հետևեք մեր այլ հրապարակումների ձայնային տարբերակներին։
Անդրանիկ Քոչարյանը երևի տեղյակ չէ, որ իրենք արդեն համարյա 7 տարի է՝ իշխանության են, հետևաբար ցանկացած ոք իրավունք ունի անձամբ իրեն հարցնել՝ բա «զաձերժկան ինչո՞ւմն ա», ինչո՞ւ է «հայկական զինված ուժերի ինքնաոչնչացման մասնակից» Սեյրան Օհանյանը ոչ թե համապատասխան ծանրագույն հոդվածով իր պատիժը կրում որևէ քրեակատարողական հիմնարկում, այլ որպես արմատական ընդդիմություն՝ աշխատում Ազգային ժողովում։ Ի դեպ, Սեյրան Օհանյանը չէր կարող ինքնագլուխ մասնակցել ԶՈւ-ն սեփական ժողովրդին ճնշելու համար օգտագործելուն, որովհետև 2008-ի մարտի 1-ին այդ ԶՈւ-ն նաև գերագույն-գլխավոր հրամանատար ուներ՝ Ռոբերտ Քոչարյանը։ Ընդ որում՝ նա է՛լ է «ԶՈւ-ն ինքնաոչնչացման տանելու» մեղադրանքով պատիժը կրելու փոխարեն հանգիստ վայելում կյանքն ու զարգացնում բիզնեսները՝ հընթացս աշխատելով նաև որպես արմատական ընդդիմության պարագլուխ։
Իսկ գիտե՞ք, թե ինչու են փաշինյանական իշխանությունները ժամանակ առ ժամանակ «բանավոր ընթացակարգով» նման ծանրագույն մեղադրանքներ հնչեցնում նրանց հասցեին, բայց դատարաններ քարշ տալիս ընդամենը ինչ-որ ապօրինի ունեցվածքից ինչ-որ բան կճմթելու նպատակով։ Հիմնական պատճառները երկուսն են։ Առաջին՝ նրանց ձեռնտու է այդպիսի խոցելի «արմատական ընդդիմություն» ունենալը, և երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում որևէ մեկին դատել բանակը սեփական ժողովրդի դեմ օգտագործելու համար, որովհետև եթե այսպես շարունակվի՝ ինչ-որ պահի ինքն է՛լ ստիպված կլինի փորձել դիմել նույն քայլին։ Իսկ եթե բանակը սեփական ժողովրդի դեմ օգտագործելու համար դատվածներ լինեն՝ զանազան սուրենպապիկյանները կարող են նաև հաշվի առնել այդ նախադեպերը, տատանվել ու չկատարել ապօրինի հրամանները։