ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանը ոչ թե թալանի դեմ պայքարի, այլ այդ թալանն իր ու իր շրջապատի օգտին վերաբաշխելու և վերասեփականաշնորհելու համար էր մուրճը ձեռքը վերցրել։
Ուշագրավն այն է, որ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների հետ սրանք շատ լավ լեզու են գտել»:
«ՉԻ». Ինչ-որ բան է կատարվում մեր քաղաքական դաշտում, տեղյակ չենք: Իշխան Սաղաթելյանն է ինչ-որ նուրբ ակնարկներով կպնում նախկիններին, Անդրանիկ Թևանյանն ընդհանրապես բացահայտ խոսում է Նիկոլ Փաշինյան - Ռոբերտ Քոչարյան տնտեսական համագործակցության մասին:
Համենայն դեպս, վերջին շրջանում իշխանությունները նախկին պաշտոնյաներից ու օլիգարխներից ամենալավը Քոչարյանի հետ են լեզու գտնում: Իշխանության պահպանման գործում անուրանալի դերակատարման համար մենակ մի գործարքից 10-12 մլն դոլարի չափով գումար ստացավ Անդրանիկ Թևանյանի առաջնորդը:
Այնպես որ, լրիվ համաձայն ենք պատգամավորի հետ. ներկաները նախկինների հետ մի ուրիշ ձև են լեզու գտել: