...

Սեքս շաբաթվա 50 երանգները


Աղազար Այնթափցին

Ամեն անգամ ցանկանում ենք շաբաթն ամփոփել տարածաշրջանային խնդիրներով, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Թրամպ... լիքը բան կա, բայց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրադարձությունների կիզակետը պինդ բռնել  ու բաց չի թողնում:

Շաբաթը նրա համար հուսադրող էր. հայտարարեց, որ վարչապետի «խնդրանքը» կմերժի և վայր չի դնի մանդատը: «Ես իսկապես արդեն եկել եմ եզրահանգման, շատ այսպես կոչված ընկերների հետ, իմ ասած ընկերոջ հետ շփման արդյունքում»,- ասաց նա: Բոլորը զարմացան, թե էս ինչ խաբար, ոնց որ թե իսկականից էն Մոսկվայի ընկերը գոյություն ունի:

Է՜, բալամ, դա ասելիս մոռացել էր, որ ձեռքի բջջային հեռախոսը Փաշինյանի մոտ է: Փաշինյանն էլ, գիտեք, նախկին խմբագիր է եղել, իր փեշակն էր սենսացիոն լուրեր հրապարակել, «սլիվներ» կազմակերպել:

Աղազարյանի հեռախոսն էլ քրքրել է ու... պայ-պայ-պայ, Քլինթոն-Մոնիկա Լևինսկի սիրավեպից բեթար հայկական տարբերակ է հայտնաբերել: Կամ տարբերակներ: Ու ՔՊ վարչության հերթական սխոդկայի ժամանակ վարչության անդամներին «սլիվել» է Աղազարյանի նամակագրությունները, գրավոր ու ձայնագրված տեսքով: Ամբողջ վարչությունով նստել են ու հավեսով դիտել, թե ինչպես է ամերիկյան հետախուզության գաղտնի գործակալը Հովիկ Աղազարյանին չաթով փորձում գայթակղել:

Նիստի մասնակիցները այնտեղից դուրս են եկել սկզբից խիստ գրգռված, հետո զայրացած, վերջում էլ շոկահարված: Խեղճ Ալեն Սիմոնյանն էդ զապիսներն ու նամակագրությունները լսելուց հետո ցանկացել է նախ թքել Աղազարյանի դեմքին, հետո խեղդել, վերջում էլ ուրիշ իմաստով ճնշել:

Բնականաբար, Աղազարյանին հեռացրեցին ՔՊ կուսակցությունից, ուզում էին նաև ԱԺ ՔՊ խմբակցությունից էլ հեռացնել, բայց ինքն առաջ ընկավ, խորհրդարանում հայտարարեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից, որին անմիջապես հետևեց Ալեն Սիմոնյանի արձագանքը, թե բա «քո տեղը պարաշայում... ըըը, կներեք, արդեն ուրիշ տեղ է լինելու, գնացեք այնտեղ նստեք»:

Հետո կենացները քաղցրացան, Հովիկ Աղազարյանին մեղադրեցին նաև պետական, սեփական, կուսակցական, ընկերական ու ախպերական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների արտահոսքի մեջ:

Աղազարյանն էլ տակ չմնաց, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իր համար այլևս Քրիստոսին համարժեք չի, մինչև վերջ գնալու է: Դեպի դարերը նորից, դեպի պայծառ ապագա:

«Ատչյոտի» տակ մնաց

Այս շաբաթ մի քիչ «ազաղարյանոտ» վիճակների մեջ էր ընկել նաև մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իրեն ստիպել են ներողություն խնդրել ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանից և Սիսակ Գաբրիելյանից:

Ասում են, որ Անդ. Քոչարյանը Սիսակ Գաբրիելյանին և Հրաչյա Հակոբյանին պիտակավորել է՝ նրանց կապելով խաղադրույքներով և թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ որակելով գործարարի «դեղ ցրողներ»:

Հատուկ դրա համար մի սխոդկա էլ են հրավիրել, որտեղ Անդրանիկ Քոչարյանը, գլուխը կախ, ՔՊ վարչության անդամների մոտ ներողություն է խնդրել Հակոբյանից և Գաբրիելյանից:

Եթե բանը սրանով ավարտվի, հաշվեք, որ Անդրանիկ Քոչարյանը էժան է պրծել: Բա որ հանկարծ Փաշինյանը ձեռքից խլի բջջային հեռախոսն ու մտնի մեջը:

Անասուն երկիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երկարատև, երևի մի 20-30 տարվա մտորումներից հետո եկավ այն եզրահանգման, որ «ազգ-բանակն ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է»: Սրա մասին նա հայտարարեց խորհրդարանում:

Ու մեկը չկար, ասեր, որ ազգ-բանակ բանաձևը նորմալ երևույթ է, օրինակ, Շվեյցարիայում հենց ազգ-բանակ է գործում: Ցանկացած վտանգի դեպքում ամբողջ ազգը միանգամից կարող է զենք վերցնել: Դե, մեկ-մեկ էլ նահատակվել: Ու ոչ ոք Շվեյցարիայում դա չի ընկալում որպես ազգ-նահատակ:

Չնայած, որ Փաշինյանն իմանա Շվեյցարիայի օրինակի մասին, վախենանք, հայտարարի. «Բա որ ասում եմ, արա, անասուն երկիր ա, անասուն երկիր ա»:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ