Մասնակցում է ՔՊ-ի նիստին, քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Խոսք է խնդրում Ալեն Սիմոնյանը: «Շեֆ, երկու լուր ունեմ, մեկը լավ, մյուսը՝ վատ, որի՞ց սկսեմ»:
«Սկսիր լավից»,- հրահանգում է ինքը: «Ուրեմն, Լիլիթ Մակունցը TOEFL-ի թեստը դրական է հանձնել»:
«Շատ լավ ա»,- ասում է ինքն ու կանչում Տարոն Չախոյանին,- «Լիլիթին ԱՄՆ-ի դեսպան նշանակելու հրամանագիր պատրաստի: Բա վատը ո՞րն ա»,- հարցնում է Ալենին:
«Վատն էլ էն ա, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցելու»,- վհատված պատասխանում է Ալենը: «Պահո՜,- ծոր է տալիս ինքը,- էդ մեր քարոզարշավը վարի կտա: Բա ինչի՞ մասին պիտի մարզերում խոսենք»:
«Ես առաջարկում եմ նոր կարգախոսով հանդես գալ. «Զանգեզուրը Հայաստան է և վերջ»»,- տեղից լսվում է Հովիկ Աղազարյանի ձայնը:
«Իսկ ավելի լավ չի՞, որ ասենք՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստան է և վերջ»»,- կողքից առաջարկում է Հայկ Սարգսյանը:
«Ծը,- գլուխն օրորում է ինքը,- կրեատիվ չի: Ուրիշ բան մտածեք»:
«Ես գիտեմ ինչ անել,- ձեռք է բարձրացնում Անդրանիկ Քոչարյանը,- եկեք մինչև ընտրությունների ավարտը Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կալանավորենք»:
«Բայց ի՞նչ հիմքով»,- հարցնում է Ալենը: «Ո՞նց թե ինչի համար, ընտրությունները սաբոտաժի ենթարկելու համար»,- պատասխանում է Անդրանիկը:
«Հա, ճիշտ ա,- ուրախանում է Ալենը,- համ էլ զրպարտության հոդված կդնենք դրանց վրա՝ ընտրությունների արդարացիությունը կասկածի տակ դնելու համար»:
Հանկարծ դրսում աղմուկ է լսվում: «Էդ ի՞նչ է»,- հարցնում է ինքը: Բոլորը պատուհանից դուրս են նայում. Վազգեն Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանը խորովածի մանղալ են տեղադրում Սայաթ-Նովա փողոցի մեջտեղում ու հայտարարում, որ այսուհետ ՀՓՇ-ի շտաբը ՔՊ-ի գրասենյակի առջև է գործելու:
Այդ պահին սնայպերներից մեկը հեռախոսը մոտեցնում է իրեն ու ասում. «Ձեզ են ուզում, տիկին Մակունցն է»: Ինքը վերցնում է հեռախոսը. «Պարոն վարչապետ,- լացելով խոսում է Մակունցը,- բա ինչի՞ եք Սոֆյա Հովսեփյանին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակել»:
«Էս ի՞նչ ես ասում, ո՞վ ա տենց բան ասում»,- զարմանում է ինքը: «Հենա, իրեն դեսպան նշանակելու հրամանագիրը Արմեն Սարգսյանն առանց առարկության արդեն ստորագրել ու հրապարակել է, վը՜, վը՜»,- լացում է Մակունցը:
«Արա´, Տարոն, արի ստեղ հլը»,- գոռում է ինքը: Տարոն Չախոյանը մոտենում է: «Քեզ չէի ասե՞լ, որ Լիլիթին եմ դեսպան նշանակում, էս ինչի՞ ես Սոֆյայի անունը գրել»:
Տարոնը նայում է հրամանագրին ու աչքերը մթնում են. «Վա՜յ, ես գուգըլով Մակունցի նկարի պոիսկ տվեցի, Սոֆյայի նկարն է բերել, դա էլ ուղարկել եմ նախագահին»:
Այդ պահին ռուսական ОРТ-ի լուրերի թողարկումով հայտնում են, որ փչացած «Իսկանդերի» լուսանկարները, որոնք հրապարակել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, իրականում արվել են 1945 թվին, և ոչ թե Երևանում, այլ Բեռլինում, և ոչ թե մարտ ամսին, այլ մայիսին, և ոչ թե «Իսկանդեր» է, այլ «Կատյուշա»:
«Արա, Տարո´ն, արի ստեղ հլը»,- գժված գոռում է ինքն ու գլուխը բռնում:
Արթնանում է թիվ 14 մանկապարտեզի երեխաների հետ նախընտրական հանդիպման ժամանակ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021