...

Հովիկ Աղազարյանի երազը

Հովիկ Աղազարյանի երազը

Ինքը խորհրդարան օրինագիծ է ներկայացրել, որով Քարվաճառը ճանաչվում է Ծովից ծով Հայաստանի անքակտելի ու անբաժանելի տարածք:

«Հարգելի պատգամավորներ,- սկսում է իր խոսքը,- ինչպես գիտեք, վերջին շրջանում, այսպես կոչված, ընդդիմության առավել ծախու դեմքերը սկսել են առավել հաճախ կասկածի տակ դնել Քարվաճառի հայկական ծագումը: Բանը հասել ա նրան, որ, այսպես կոչված, ընդդիմության մի քանի ղեկավար ասում է, թե Քարվաճառը ադրբեջանական է: Ո՞նց ա, էլի, դրանց լեզուն պտտվում տենց բան ասեն: Բա դավաճան չե՞ն: Դրա համար էս օրենքը շուտ պիտի ընդունվի»,- ավարտում է ինքը:

Ալեն Սիմոնյանը տեղից ձայն է խնդրում. «Էդ գրանտակեր լազարևականներ են, դրա համար առաջարկում եմ նաև դավաճանական հայտարարությունների համար տուգանել, խոսքի՝ 6 միլիոն դրամով»:

«Հարյուր տոկոս,- միջամտում է Լենա Նազարյանը: Էդ ռուսամոնղոլաթաթարաբարո վիժվածքներն արդեն կասկածի տակ են դնում հայկական գիտության գոյությունը: Ասում են՝ հայերը գիտություն չեն ունեցել, հետևաբար, մեզ բուհեր պետք չեն: Պարազիտներ»,- բացականչում է ինքը:

Ամբիոն է բարձրանում և խոսափողին մոտենում Նիկոլ Փաշինյանը. «Իմ հպարտ պատգամավորներ, մենք ոչ մի ընդդիմությունից վախեցողը չենք: Ինչքան էլ ուզեն թշնամու ջրաղացին ջուր լցնեն, չի ստացվելու: Մեզ վախեցնել հնարավոր չէ: Մեր վախը վաղուց են չափել: Եթե իրենք էշն են, մենք իշատերն ենք, եթե կողպեքն են, մենք բանալին ենք, եթե գազան են, մենք որսորդն ենք, եթե մութն են, մենք լուսաբացն ենք, եթե նապաստակն են, մենք գելն ենք: Դուխով»:

«Հլը սրանց լկտիությանը,- վրդովում է Լիլիթ Մակունցը,- 30 տարի բան չեն արել, հիմա եկել՝ թե բա հաշտվեք թուրքերի հետ: Յախք, ոնց եմ զզվում դրանցից: Էսքան վախկոտ, ճղճիմ ընդդիմություն կլինի՞, որ սրանք են»:

Այդ պահին Նիկոլ Փաշինյանին Պուտինն է զանգում: Հեռախոսը վերցնում է, լսում, հետո ասում՝ «Եղավ» ու նորից մոտենում խոսափողին:

«Քելբաջարը եթե հայկական լիներ, 30 տարվա մեջ այնտեղ ժողովուրդ կապրեր: Դժգույն, անհամ շրջան էր, պարզ չէ՞, որ դա ադրբեջանական տարածք է: Ստեղ կա՞ մեկը, որ դուխ ունենա հակառակն ասել: Ու հետո մի մոռացեք, որ վերջին 3000 տարում Հայաստանը ռումինացիներին չէր կրել, Կապառոսն էլ մենակ մեր օրոք է հավաքականի մարզիչ եղել»,- հպարտությամբ հայտարարում է Նիկոլը:

«Ես մի անգամ գնացի Քելբաջար,- հեծկլտալով ասում է Ալեն Սիմոնյանը,- այնտեղ խանութից պոնչիկ առա, ՀԴՄ չտվեցին: Բա չտվեցին, որովհետև իրենք էլ գիտեին, որ դա մեր խանութը չի»:

«Ամեն օր առավոտյան դուրս եմ գալիս տան պատշգամբ,- հոգոց է հանում Լենա Նազարյանը,- ու երկա՜ր նայում Մասիս սարի տակով անցնող հայ-թուրքական փակ սահմանին: Մինչև ե՞րբ պետք է մենք ատելության և թշնամանքի մթնոլորտում ապրենք»:

Ինքը գրպանից մի թուղթ է հանում ու ասում. «Ես առաջարկում եմ շուտափույթ ընդունել այս օրինագիծը, համաձայն որի ճանաչվում է Ծովից ծով Հայաստանը, բացառությամբ այն տարածքների, որոնք 1828թ. Գյուլիստանի, 1920թ. Ալեքսանդրապոլի և 2020թ. ինտերնետային պայմանագրերով մեր վերահսկողության տակ չեն»: 

Այդ պահին Նիկոլ Փաշինյանին Մակրոնն է զանգում: Հեռախոսը վերցնում է, լսում, հետո ասում՝ «Եղավ» ու նորից մոտենում խոսափողին: «Քարվաճառը ոչ միայն հայկական քաղաքակրթության վերջին բաստիոնն է, այլև Եվրոպայի դարպասն է»: 

«Արա, ա´յ, տղա, էս մուտիտնե՞ր ես անում: Գյա, մի քիչ մտածի, նոր խոսա»,- զայրացած դահլիճից բացականչում է Սասուն Միքայելյանը, մոտենում իրեն ու հավեսով ապտակում: Ինքը թրմփալով ընկնում է գետնին:

Արթնանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության սենյակում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 13, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ