...

Վլադիմիր Պուտինի երազը

Վլադիմիր Պուտինի երազը

Ծանր հոգոց հանելով՝ ՌԴ անվտանգության խորհրդի նիստը հայտարարում է բացված: Օրակարգում 6 հարց կա. «Զեկուցեք, պրն Շոյգու»: 

«Ուրեմն, այս գիշեր և առավոտյան իրավիճակը առաջնագծում կայուն էր: Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը գործում է անխափան: Մի քիչ Նախիջևանի կողմերում են թուրքերը խաղեր տալիս, բայց արդեն զգուշացրել եմ. նոր պատերազմ, նոր տարածքներ: Ալիևի զանգերին էլ չեմ պատասխանում. զահլես տարավ, էս գյուղը տվեք, էն գյուղը տվեք»,- գրիչը սեղանին շպրտելով ավարտում է Շոյգուն:

«Իսկ ի՞նչ կասի ԱԻՆ նախարարը»,- հարցնում է ինքը: «Պրն Պուտին, տքնաջան զբաղվում ենք անհետ կորածներով: Սա է մեր առաջնահերթ խնդիրը: Այս պահին «Իմ քայլից» անհետ կորած է 213 հոգի, արդեն մի ամիս է, չենք գտնում: Լենա Նազարյանն ասում է, իրենք չեն անհետացել, այլ անհետացրել են: Աբովյանի ջրամատակարարման հարցն էլ լուծեցինք. ժամը 12:00-ից մինչև 18:00-ը ջուր կունենան»:

Այդ պահին ներս է մտնում Russa Today-ի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանն ու հարցնում. «Պարոն նախագահ, էս գյադու նկարը ո՞ր էջում դնեմ»: Նայում է, Սաակաշվիլին է: «Առաջին էջ դիր, վրեն գրի՝ դավաճան: Հեղափոխությամբ եկավ իշխանության, սաղ հողերը հանձնեց»: «Համ էլ գիտեք, չէ՞, էսի ՑՌՈՒ-շնիկ էր»,- աչքերը խաղացնելով ասում է Ալենը ու հեռանում:

«Խոսքը տանք Ներքին գործերի նախարարին»,- ասում է ինքը: «Պարոն նախագահ, Օմսկում ահաբեկչական խմբավորում ենք վնասազերծել...»: «Էդ ինձ չի հետաքրքրում,- ընդհատում է ինքը,- դու ասա, Երևանում վիճակը ո՞նց է»: «Շատ հանգիստ,- պատասխանում է նախարարը,- զանգել եմ երկուսին էլ, ասել՝ սթրվեք տեղներդ: Մենակ մեկը կա, ծնգլահան արեց, ասում է՝ եթե 20 րոպեից ինձ դաբրո չտաք, կգամ ձեր հետևից: Ստիպված ախպորը պատանդ վերցրինք»: 

Այդ պահին զանգահարում են: Մակրոնն է: «Հա, ապեր: Գիտեմ, գիտեմ, ես էլ եմ ֆեյսբուք մտնում: Էմո ջան, ինչքան կարաս, ձգի էլի: Սենատից տարեք Սահմանադրական դատարան, մի 3-4 ամիս թող քննարկեն, հետո էլի հետ ուղարկեք, էս ոգևորության ալիքը մնա, մինչև Բայդենի հետ խոսեմ, թեման պաս տանք իրեն, մինչև տենանք՝ ինչ ենք անում»:

Կարմիր հեռախոսն է ծնգում, կոճակը սեղմում է, քարտուղարուհին հարցնում է. «Պրն նախագահ, Նիկոլն է գծի վրա ... Պատրուշև»: 

Վերցնում է լսափողը. «Ա՜, ջերմ ողջույններս, պարոն Պատրուշև: Հը, ո՞նց է վիճակը, կարո՞ւմ ես գլուխ հանել: Ինչի մեջ ես ընկե՞լ: Լավ, լավ, շատ մի դժգոհի, բա մեր ջանը քա՞ր է, 2,5 տարի է, դրա մեջ ենք: Սաղ գործերս թողած, ընկած մտածում եմ. Սյունիքը դրսի՞ց պահեմ, թե՞ ներսից: Դե քեզ համբերություն, Նիկոլ ջան»,- դնում է խոսափողը, կանգնում և հայտարարում. 

«Դե ինչ, օրակարգի բոլոր հարցերը սպառված են, նիստը հայտարարում եմ ավարտված: Հաջորդ նիստը՝ 2 ժամից: Օրակարգում՝ K-415 սուզանավի վաճառքի հարցն է: Սելֆիի համար են ուզել: Հիվանդ են, արա»,- մատը վեր է տնկում ինքը:

Արթնանում է 2 ժամից: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ