...

Խանասորի արշավանքը հետաձգվեց

Խանասորի արշավանքը հետաձգվեց

ՄԵՂՐԻՆ

Օրերս «Հայլուրը» հանրությանը մատուցեց հերթական սենսացիան: Հաղորդավարը ստույգ ձայնով ի լուր ողջ հայ ժողովրդի և ի սփյուռս աշխարհի ավետեց, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Շիրակը «չի բացառել, որ Ղարաբաղի հարցը լուծվի առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման»: 

Խոստովանեմ, որ նման հայտարարություն լսելիս ես առաջին պահին խիստ ուրախացա: Այնքան ուրախացա, որ ցանկություն առաջացավ վերցնել դաշնակցության արյունոտ դրոշը և «Ելիր դաշնակ Դրո» երգով արշավել դեպի Խանասոր: Հետո որոշեցի հետաձգել խանասորյան արշավանքը գոնե մինչև լսեմ (թեկուզ նույն «Հայլուր»-ով), թե այնուամենայնիվ ինչ է ասել նախագահ Շիրակը: Ավա~ղ, հաղորդագրությունն այնքանով էր համապատասխանում իրականությանը, որքանով կուսակցության XXI համագումարի խոստումը 1980 թվականին կառուցել կոմունիզմ, նույն թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերին: Պարզվեց, որ նախագահ Շիրակը բառացիորեն ասել է հետևյալը. «Չեչնիայի հարցը պետք է լուծվի Ռուսաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ, իսկ Ղարաբաղի հարցը` Հայաստանի և Ադրբեջանի փոխհամաձայնեցմամբ»: Առաջին հայացքից իսկապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ոչ մի խոսք ասված չէ: Սակայն մյուս կողմից ոչ մի խոսք էլ չի ասվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Առավել ևս, ոչ մի խոսք չի ասվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի ինչ-որ իրավունքների մասին: 

Այնպես որ, «Հայլուրը» սենսացիա թխելու մոլուցքով տարված` այս անգամ ակնհայտորեն համը հանել է: Սակայն Ժակ Շիրակի հայտարարությունը, ինչ խոսք, բավականաչափ լուրջ է և արժանի է ավելի խորը վերլուծության, քան «Հայլուրն» է, թեկուզ ելնելով ավանդական հայ-ֆրանսիական հարաբերությունները չվտանգելու բարի ցանկությունից: Նախ` այն դրույթը, որ Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի փոխհամաձայնությամբ, ոչ մի նոր բան չի պարունակում: Նմանօրինակ ելույթներ հնչել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրթերից և կարող են նշանակել միայն մեկ բան` միջազգային հանրությունն այսօր այն կարծիքին չէ, որ Ղարաբաղի հարցում որոշիչ պետք է լինի ԼՂՀ ազգաբնակչության կարծիքը: Սակայն այս անգամ նման հայտարարություն արվեց Մինսկի խմբի երկու անդամ երկրների ղեկավարների կողմից: 

Ընթերցողներին հիշեցնենք, որ Մինսկի խմբի պարտավորությունների մեջ է մտնում նախապատրաստել Մինսկի կոնֆերանսը, որը և պետք է որոշի ԼՂՀ կարգավիճակը: Ավելին, համաժողովին պետք է անպայման մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Հիշեցնեմ, որ այս ամենը ձեռք է բերվել «նախկին հանցագործ ռեժիմի պարտվողական քաղաքականության» ջանքերով: Հետևապես Շիրակ-Պուտին հանդիպման ժամանակ հնչած հայտարարությունը, ինչպես նաև վերջին տարիներին նկատվող Լեռնային Ղարաբաղի խնդրի փոխանցումը բացառապես հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների ոլորտ կարող է նշանակել միայն մեկ բան` մեզ հասկացնել են տալիս, որ հարցի կարգավորման գործում Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչների մասնակցությունը խիստ անհավանական է: 

Այստեղից իհարկե կարող են ծագել բազմաթիվ հարցեր, որոնք բազմիցս բարձրացվել են մեր մամուլում և որոնց կրկնությունը ոչինչ չի տա, ասենք Մեղրիի հարցը, կամ ինչ ձևով է Հայաստանը փոխհատուցելու Ադրբեջանին Ղարաբաղի հնարավոր կորուստը: Կամ էլ ընդհանրապես, Հայաստանը հրաժարվելու է Ղարաբաղից: 

Սակայն Շիրակի ելույթը պարունակում էր մի դրական կողմ, ինչն անկասկած հաճելի է մեր դիվանագիտության համընդհանուր ձախողումների մթնոլորտում. Ժակ Շիրակը, ինչպես նշել էինք, ոչինչ չի ասել Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը համապատասխանում է ԵԱՀԿ որոշումներին, ըստ որոնց Ղարաբաղի կարգավիճակի մասին կարող է որոշումներ ընդունել միայն Մինսկի համաժողովը: Ափսոս միայն, որ մեր արտաքին գերատեսչության փայլուն աշխատանքի շնորհիվ նշված համաժողովի իրականացումը, առավել ևս դրան Ղարաբաղի մասնակցությունը նույնքան հիպոթետիկ են, ինչպես կոմունիզմը XXI համագումարի նյութերում: 

Կ. Օհանջանյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 270, Փետրվարի 18, 2003 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ