...

Ռետրո. ԼՂ հիմնախնդիրն ըստ Սերժ Սարգսյանի. 2008-2013 տրանզիտ

Ռետրո. ԼՂ հիմնախնդիրն ըստ Սերժ Սարգսյանի. 2008-2013 տրանզիտ

Մերժելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլ առ փուլ տարբերակը, փուլ առ փուլ մոտեցել ենք 2020 թվականի աղետալի պարտությանը։ ՌԵՏՐՈ բաժնի այս թողարկումը հաստատումն է այն բանի, որ ահազանգ միշտ էլ հնչեցվել է։

Փուլ առ փուլ

Հայտնի փաստ է` Հայաստանում արդեն տևական ժամանակ է, ինչ նախագահի թեկնածուների մեծ մասը որևէ իրատեսական նախընտրական ծրագիր չի ներկայացնում, իսկ իշխանական թեկնածուներն էլ այդ ծրագրերը ներկայացնում են ոչ թե կատարելու, այլ ձևի համար (քանի որ դա ընտրությունների մասնակցության պարտադիր ատրիբուտներից է)։

Եթե դա ձևական փաստաթուղթ չլիներ, ապա իշխանական թեկնածուները ընտրություններից հետո կջանային կարևորել իրենց ծրագրային դրույթներն ու կյանքի կոչել դրանք։ Մինչդեռ ոչ էլ ջանում են։ Ավելին, եթե օրինակ` Սերժ Սարգսյանը ջանար դա անել, այժմ չէր ընկնի դռնեդուռ և մարդկանց չէր բացատրի, թե ինչու չի իրականացրել իր նախընտրական նախորդ ծրագրի դրույթները։ Այն, որ ծրագրերը իշխանությունների համար երկրորդական մի բան են, կարելի է ապացուցել նաև, եթե համեմատենք նրանց ծրագրերը տարբեր ժամանակներում։ Իհարկե, ժամանակները փոխվում են, տեղի են ունենում զարգացումներ, և ըստ այդմ ծրագրային դրույթները պետք է փոփոխվեն, դառնան ժամանակի շնչին և պահանջներին համապատասխան։ Սակայն, կան հիմնական ուղենիշներ, այսպես կոչված` մեխեր, որոնք արտահայտում են այս կամ այն թեկնածուի այս կամ այն հարցում ունեցած պատկերացումները, որոնք ժամանակին չեն կարող փոխվել։

Համեմատենք Սերժ Սարգսյանի 2008-ի և այս նախագահական ընտրություններից առաջ հրապարակված ծրագրերի` ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածները։ 2008-ին Սերժ Սարգսյանը այսպես էր պատկերացնում հիմնախնդրի կարգավորումը. «Արցախյան հիմնախնդիրը լինելու է ՀՀ նախագահի գործողությունների կիզակետում։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա` պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության և սահմանների անվտանգությունը, ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման»։ Ապա հավելում էր. «յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ամեն մի` քիչ թե շատ բարդ գործընթաց, առավել ևս` հակամարտության կարգավորում, հնարավոր չէ իրականացնել միանգամից, մեկ օրում, այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է։ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը»։ 

Իսկ ահա թե 5 տարի անց Սերժ Սարգսյանը ինչպես է ներկայացնում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ իր պատկերացումները. «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով, միևնույն ժամանակ պատրաստ ենք վճռականորեն պատասխանել յուրաքանչյուր արկածախնդրության և ոտնձգության, որը կսպառնա մեր անվտանգությանը։ Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հայատյացությունը, ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի մշտական իրողությունները՝ բոլոր հնարավոր միջոցներով է՛լ ավելի են մեծացվելու Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման երաշխիքները։ Երախտագիտություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ներդրած ջանքերի համար՝ շարունակելու ենք միջնորդների ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնող վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտության վրա։ Այս նպատակով ակտիվորեն օգտագործելու ենք նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները։ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, մասնավորապես՝ դիպուկահարներին հետ քաշելուց և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի գործարկումից հրաժարվելը, մարդասպաններին հերոսացնելը, այլատյացությունը և ռասիզմը խրախուսելը, անհուսալի և բանակցություններում դրսևորվող երկերեսանի կեցվածքը ծայրաստիճան սրում են իրավիճակն ամբողջ տարածաշրջանում։ Բնական և բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի մեր ջանքերն ուղղելու ենք այդ հարցի շուտափույթ լուծմանը։ Արդյունավետ բանակցությունների վարումը կառուցողական մթնոլորտում հնարավոր կլինի սոսկ այն դեպքում, երբ հակամարտության կողմերն իրապես ցանկանան հասնել խնդրի արդար լուծման՝ հրաժարվելով անհիմն առավելապաշտական նկրտումներից։ Միջազգային գործընթացների համատեքստում այսօր ականատես ենք ինքնորոշման իրավունքի իրացման վառ օրինակների, որոնք չեն հանգեցնում պատերազմների կամ ուժային ճնշումների։ Արցախը եվրոպական ընտանիքի մասն է։ Եվ մենք միշտ եղել և շարունակում ենք մնալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից։ Լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու Արցախի և միջազգային հանրության շփումները սերտացնելու համար։ Պետք է հզորանան սերտ կապերն ու միասնական օրակարգի ներքո գործունեությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի միջև։ Համատեղ ջանքերով մեր նպաստն ենք բերելու ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի զարգացմանը»։ 

Այսինքն, եթե 2008-ին Սերժ Սարգսյանը իր ծրագրում քիչ թե շատ ներկայացնում էր այն ուղիները, որոնցով, իր պատկերացմամբ, հնարավոր է լուծել կամ պետք է լուծվի հակամարտությունը, այսօր Սարգսյանը ներկայացնում է ընդհանրական մի տեքստ, բարի ցանկությունների մի շարադրություն, կենացների մի շարան։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Սարգսյանը որևէ պատկերացում կամ կողմնորոշում չունի այն հարցում, թե ինչպես պետք է կարգավորվի ԼՂ հիմնախնդիրը։ Նա տեսակետ, լուծման տարբերակներ կամ տարբերակ չունի։ Նա ունի սոսկ ցանկություններ, որոնց իրագործման մեխանիզմները հայտնի չեն, կամ չի ներկայացնում մեզ։ Իսկ դա նշանակում է, որ իր նախընտրական ծրագրով Սերժ Սարգսյանը մի հստակ մեսիջ է հղում հանրությանը. այն է, որ ինքը պատկերացում էլ չունի, թե այդ խնդիրն ինչպես պետք է կարգավորվի։ Ընդ որում՝ որքան էլ փորձ է արվել ծրագրում ներկայացնել այնպես, թե իբր Սարգսյանը լուծումներ տեսնում է, բայց այդ լուծումները ԼՂ-ից են կախված, իրականում, սակայն, տեքստից պարզ երևում է, որ դա հեղինակներին չի հաջողվել։ Սա ԼՂ հարցում ոչինչ չասող և ոչինչ չխոստացող լավատեսության մի տեքստ է։

Քրիստինե Խանումյան

«Չորրորդ իշխանություն», 25 հունվարի, 2013 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ