«ԹՈՇԱԿԱՌՈՒ»
1998թ. հեղաշրջումից հետո հեղաշրջում եղավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը փոխարինեց ագրեսիվ, պահանջատիրական քաղաքականությունը, իսկ հզոր գերտերությունների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ նորմալ, գործընկերային հարաբերությունները՝ կոմպլիմենտարիզմով:
Այդ ժամանակվանից Հայաստանի միջազգային դիրքերը խիստ թուլացել են, եթե ոչ հավասարվել զրոյի: Ավելի են սրվել հարաբերությունները հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մեծ պրոբլեմներ կան Վրաստանի հետ: Այս ամենի արդյունքում միջազգային հանրությունը կորցրել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: ԱՄՆ-ը և Ռուսաստանը Հայաստանին ընդամենը իրենց շահերի մանրադրամ են դիտարկում:
Բնական է, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները և վայրիվերումները այլևս արձագանք չեն ստանում Ռուսաստանում: 1998թ. հետո աստիճանաբար նվազեցին շփումները Ռուսաստանի հետ թե խորհրդարանական, թե կառավարական, նախագահական մակարդակներում, քանզի խոսելու ոչինչ չկա:
Այս բարձիթողի իրավիճակից բավական արդյունավետ են օգտվում Քոչարյանը և Ս. Սարգսյանը: Ըստ էության, նրանց հաջողվել է իրենց ազդեցության տակ դնել Հայաստանում ՌԴ դեսպան Դրյուկովին: Քանի որ Ռուսաստանը այստեղ մեծ հաշվով այլևս շահեր չի հետապնդում, ռուս դեսպանը իր շահերով է այստեղ առաջնորդվում: Դա հստակ երևում է Սերժ Սարգսյանի և Արտաշես Թումանյանի հետ ավելի քան ջերմ հարաբերություններում: Դա երևում է նրանից, թե ինչպես է Դրյուկովը մի քանի տարի շարունակ իր գործունեությամբ նպաստում Քոչարյանի վարչախմբի իշխանության պահպանմանը:
Եթե մենք վերլուծենք վերջին շրջանում Դրյուկովի գործունեությունը, ապա պարզ կդառնա, որ Դրյուկովը հետևյալ խնդիրն է լուծում՝ քանդել ընդդիմությունը, որպեսզի Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվի: Ի՞նչ է դրա համար անում Դրյուկովը. կանչում է ընդդիմադիրներից որևէ մեկին և ասում, որ Ռուսաստանը նրա թիկունքին է կանգնելու: Հետո կանչում է երկրորդին, երրորդին և նույնը ասում: Եվ ներկայումս ձևավորված 16 կուսակցությունների լիդերներից յուրաքանչյուրը մտածում է, որ դաշինքի ետևում կանգնած է Ռուսաստանը և հենց իրեն է պաշտպանելու առաջիկա ընտրություններում: Այստեղից սկսվում է գզվռտոցը: Սա հաստատեցին 16-ի դաշինքի մի շարք ներկայացուցիչներ:
Նույն դաշինքի ներկայացուցիչները պատմում են, որ Դրյուկովի պատճառով էր, որ 2001թ. սեպտեմբերին, Պուտինի այցից առաջ տեղի չունեցավ ընդդիմության կողմից նախապատրաստվող մեծ հանրահավաքը: Դրյուկովն է կանչել իր մոտ ընդդիմադիր կուսակցության ղեկավարներին և հորդորել, որ նրանք այդ քայլին չգնան, քանզի այն կվնասի հայ-ռուսական հարաբերություններին: Ավելին, նաև Դրյուկովն է շատ բան արել, որպեսզի 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Քոչարյանը պահպանի իր իշխանությունը: Արդեն այսօր շատ ընդդիմադիրներ խոստովանում են, որ երբ Քոչարյանի լինել-չլինելու հարցը մազից էր կախված, Դրյուկովը համարյա ամեն օր իրենց հետ հանդիպում էր և պահանջում հրաժարվել Քոչարյանին իշխանությունից հեռացնելու մտադրությունից: Ինչ խոսք, այստեղ իր լուման ներդրել է նաև ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնը, որի պատճառով էլ վերջինս ետ կանչվեց Վաշինգտոնի կողմից:
Այսօր Դրյուկովը այնքան է խորացել Հայաստանի ներքաղաքական կյանքում, որ արդեն իրեն թույլ է տալիս կադրային հարցեր լուծել իշխանության տարբեր օղակներում: Բոլորս արդեն գիտենք, թե ինչպես է նա փորձել Հմայակ Հովհաննիսյանին արտգործնախարարի տեղակալի պաշտոնում տեղավորել, ինչը, ի դեպ, Հմ. Հովհաննիսյանը չհերքեց:
Մյուս կողմից, Դրյուկովին էլ կարելի է հասկանալ: Նա շուտով ավարտելու է իր դիվանագիտական աշխատանքը, անցնելու է թոշակի և օր ծերության չէր խանգարի մի լավ կլպել Սերժ Սարգսյանին:
Սակայն ամբողջ պրոբլեմն այն է, որ Դրյուկովը իր շահերի հաշվին վնասում է հայ-ռուսական հարաբերությունները: Սրա արդյունքում այսօր Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը և հասարակական լայն շերտերը խիստ մեծ անվստահություն և դժգոհություն ունեն Ռուսաստանի նկատմամբ: Քանզի դուրս է գալիս, որ Ռուսաստանը, որն այսօր Վրաստանին մեղադրում է չեչեն ահաբեկիչներին պատսպարելու մեջ և սպառնում է ռազմական միջամտությամբ, անընդհատ հայտարարում է ահաբեկչության նկատմամբ վճռական քաղաքականություն վարելու մասին, այսօր Հայաստանում բացահայտորեն աջակցում է ահաբեկչությանը հովանավորող իշխանություններին:
Ներսես Սայադյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 230, սեպտեմբերի 20, 2002 թ.