...

Սպանության հետքերով

Սպանության հետքերով

ՆԵՐԿԱ ՀԱՆՑԱՎՈՐ

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեռևս ԼՂՀ-ում պաշտոնավարության ժամանակահատվածում սկիզբ առավ քաղաքական սպանությունների շղթան, և առայժմ սպանությունների տրամաբանական ավարտը կարելի է համարել դարի ամենամեծ ոճիրը՝ հոկտեմբերի 27-ը, արդեն այս երկու տխրահռչակ պաշտոնյաների Հայաստանում իշխանության ժամանակահատվածում:

Փորձենք հետադարձ հայացք ձգել նրանց անցյալին և կտեսնենք, որ նրանց անցած ճանապարհի արյան հետքերը դեռ չեն մաքրվել, ավելին, նրանց ստրկաբար ծառայողներից շատերը պարգևատրվել են ամենաքիչը գեներալական ուսադիրներով և այժմ էլ շարունակում են կիրառել իրենց հանցավոր ձեռագիրը:

Փորձենք ևս մեկ անգամ թվարկել բազմիցս թվարկված նրանց իշխանության օրոք կատարված խորհրդավոր սպանությունների շղթան:

ԼՂՀ-ում իր բնակարանում սպանվում է ԼՂՀ-ի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը, որին հետագայում փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը: Վահրամ Խոռխոռունու նկատմամբ առաջին մահափորձը կատարվեց ԼՂՀ-ում: Միաժամանակ այնտեղ սպանվեցին hայաստանցի ազատամարտիկներ Գագիկ Զաքարյանը, Բոգդան Հայրիյանը, Սարո և Հովիկ Սարդարյանները: Նրանց սպանությունների վերաբերյալ, իհարկե, հարուցվեցին քրեական գործեր, բայց առ այս պահը նրանց հարազատները սպասում են բացահայտմանը:

Այնուհետև Ռ. Քոչարյանին Հայաստանում պաշտոնավարությունը սկսվեց հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին իր աշխատասենյակում գնդակահարումից և տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանի «ինքնասպանությունից», շարունակվեց ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունու իր բնակարանի մուտքի մոտ յոթ գնդակով գնդակահարվելուց և ՆԳՆ փոխնախարար՝ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի հրազենի երկու գնդակով «ինքնասպանությամբ» (իսկ ի՞նչն էր խանգարում Արծրուն Մարգարյանին, որպեսզի նա «ինքնասպան» լինի իր աշխատասենյակում, չէ՞ որ նա «ինքնասպանության» օրը ՆԳՆ-ի հերթապահն էր, և, ի վերջո, ի՞նչ գործ ուներ այդ պահին թփուտների մեջ):

Իսկ երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները՝ Ռոբերտ Սեդրակիչն ու Սերժ Ազատիչը այժմ թևերը ծալած սպասում են, որ «ուչաստկովին» պետք է բացահայտի ԼՂՀ-ում և ՀՀ-ում կատարված այս բոլոր խայտառակ սպանությունները: Իսկ մինչև «ուչաստկովին» կբացահայտի, մենք կփորձենք օգնել «ուչաստկովիի» աշխատանքներին ոչ միայն հոկտեմբերի 27-ի նախաքննական ցուցմունքների հրապարակմամբ, այլ նաև ԼՂՀ-ում կատարված առայժմ չորս սպանությունների վերաբերյալ մեր ունեցած տեղեկություններով:

ԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

1993թ. մարտի 13-ին «Երկիր» թերթը գրում է՝ «Փետրվարի 23-ին կատարվածը ցնցեց Հադրութը: Ոչ թե թուրքի, այլ հայի արձակած գնդակով սպանվել էին հայ զինվորներ: Ու հիմա Հադրութում, թեև արտաքուստ ոչինչ չի փոխվել, մի ներքին լարվածություն կա, մարդիկ սպասում են ճշմարտության բացահայտմանը: Սարդարյան Հովիկը, Հայրիյան Բոգդանը, Զաքարյան Գագիկը, շրջանի ինքնապաշտպանության շտաբի մոտ թողնելով իրենց հետ եկածներին՝ թվով տասը հոգի, ավտոմատներով մտել են ներս ու կռիվ հրահրել հրամանատարության հետ, ծեծել մարդկանց: Ներսում գտնվող Համլետ Հովհաննիսյանը փորձել է զսպել նրանց, բայց Զաքարյան Գագիկը կրակել է ու սպանել նրան: Շտաբի մոտակայքում գտնվող զինվորները օգնության են հասել հրամանատարությանը և փորձել զինաթափել խռովարարներին: Ընդհանուր ծեծկռտուքի ժամանակ սպանվել է նաև Բոգդան Հայրիյանն ու Գագիկ Զաքարյանը: Մյուսները, այդ թվում՝ Հովիկն ու գործին մասնակից նրա եղբայր Սարոն ձերբակալվել են ու տարվել մեկուսարան: Իսկ մի քանի օր անց Համլետի եղբայրը՝ Գագիկ Մարտիրոսյանը, Հովիկի և Սարոյի խնդրանքով մեկուսարանում հանդիպելով նրանց, երկու րոպե խոսելուց հետո, երբ վերջիններս խոստովանել են Համլետի սպանության իրենց մեղքը, լուծել է եղբոր վրեժը: Սա է կատարվածի հակիրճ նկարագրությունը:

Դառնալով Սարիշենի 12-րդ գումարտակի հրամանատար, Սարոն ավելի վստահ է զգում իրեն: Կեղծիքի ու զրպարտության դիմելով՝ փորձել է հրամանատարական կազմին լարել շրջանի պաշտպանության հրամանատար Արթուր Աղաբեկյանի դեմ ու գրավել նրա տեղը»:

Ո՞Վ Է ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ

«Երկիր» թերթի այս հրապարակումը շատ սովորական դաշնակցական ձեռագիր է. սկզբում կատարվում է սպանություն, այնուհետև, սեփական լրատվամիջոցներով վարկաբեկվում զոհերի հիշատակը: Իսկ հրապարակման մեջ նշված Արթուր Աղաբեկյանը դաշնակցության ամենակարկառուն գործիչներից է, որը և կասկածվում էր այս սպանությունների մեջ, որի համար և ԼՂՀ-ի այն ժամանակվա ՊՆ նախարար Սամվել Բաբայանը իր բացահայտ վերաբերմունքն էր արտահայտել Արթուր Աղաբեկյանի վերաբերյալ... Այժմ այս նույն դաշնակցական գործիչը զբաղեցնում է ՊՆ թիվ մեկ փոխնախարարի պաշտոնը և, չգիտես ինչու, պարգևատրվել է գեներալական ուսադիրներով: Այստեղից կարելի է ենթադրել, թե ինչու՞ է բանտում գտնվում ԼՂՀ ՊՆ նախարար Սամվել Բաբայանը:

Այժմ մեջբերենք Սարո և Հովիկ Սարդարյանների հոր նամակից, որով նա իր որդիների սպանության վերաբերյալ դիմել էր ԼՂՀ-ի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դեռևս 1993 թ. գարնանը: Եվ առ այս պահը ակնկալում է նրա պատասխանը:

ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

«Նույն թվականի փետրվարի 27-ին Հադրութի ինքնապաշտպանության 12-րդ վաշտի երեք տղաներ Սարինշեն տեղամասից իջնում են ավան: Առանց ինքնապաշտպանության հրամանատարից հարցնելու` բեռնակրով իրենց վաշտ են տեղափոխում մեկ ցիստեռն դիզելային վառելանյութ, որը նախատեսվածից մեկ տոննա ավել էր: Այդ մասին իմանալով ինքնապաշտպանության գնդի հրամանատար Արթուր Աղաբեկյանը 20 հոգուց բաղկացած մի ջոկատ է վերցնում, գնում նշված դիզելային վառելանյութը տանելու: Ճանապարհին կտրում է Թաղասեմ գյուղի շտաբը, որ դեպքի մասին ոչ ոքի չհայտնվի: Ճանապարհվում է դեպի Սարինշեն գյուղը, սակայն ճանապարհի ցեխ լինելու պատճառով, չի կարողանում հասնել Սարինշեն: Այդ մոմենտին Սարինշենից տրակտորով Վարդաշատ գյուղ էր իջնում Գագիկ Զաքարյանի ջոկատը: Արթուր Աղաբեկյանը հրամայում է ձերբակալել ջոկատի բոլոր անդամներին, տանել շտաբ: Սկսվում է հակամարտությունը երկու ջոկատների միջև, վրա է հասնում Վարդաշատ գյուղի բնակչությունը: Արթուր Աղաբեկյանը տեսնելով, որ ոչ մի բան չի կարողանում անել, թողնում է և իր ջոկատը վերցնելով փախչում շրջկենտրոն, ճանապարհին կապվելով Թաղասեմ գյուղի շտաբի հետ: Այդ օրը իմ տղա Սարոն՝ Արաբկիրի շտաբի պետ Լեռնիկը և Համլետ Մարտիրոսյանը գտնվում էին Սարինշեն գյուղում: Հետաքրքրվել են զինվորների վիճակով, որից հետո թենիս են խաղացել ու վերադարձել շրջկենտրոն՝ իրենց վաշտը՝ թիվ 12-րդը: Արթուր Աղաբեկյանը այդ օրվա բոլոր դեպքերը վերագրելով Սարոյին, երեկոյան մի ջոկատ է ուղարկում՝ Սարոյին բանտարկելու համար, որոնցից չորս հոգին մտնում են Սարոյի գրասենյակը ու ասում, որ դուք կալանավորված եք (Գագիկ Սադրխյանի գլխավորությամբ): Այստեղ է լինում նաև Արաբկիրի շտաբի պետ Լեռնիկը: Սարոն ոչ մի բանի չի դիմադրում: Լեռնիկի հետ գնում է Արթուր Աղաբեկյանի մոտ, նրա պաշտպանն էր Կարո Հովսեփյանը, բռնում է Սարոյի ձեռքից, Արթուրը մի քանի անգամ խփում է Սարոյին, հինգ անգամ կծում է նրա մեջքը, թողնում ու փախչում, որից հետո ցրվում են: Հաջորդ օրը Սարոյին հրավիրում են ծնունդի Թաղասեմ գյուղը: Ընդամենը նստել են 20 րոպե: Ծնունդը վերջացնելուց հետո Սարոն հրամայում է բոլորին անցնել ծառայության: Իսկ ինքը Լեռնիկի հետ միասին վերադառնում է Հադրութ՝ Լեռնիկին ճանապարհելու: Նրանք միասին գնում են բժիշկ Գառնիկ Ալեքսանյանի մոտ: Գառնիկը նրանց հրավիրում է թեյ խմելու: Եվ այսպես էլ եղավ: Այդ ամբողջ ժամանակահատվածում Գագիկ Զաքարյանը Վաղաշատ գյուղից Թաղասեմ է գալիս, որտեղ և հանդիպում է իր 11-րդ վաշտի հրամանատար Բոգդանին և հայտնում փետրվարի 22-ին ջոկի ձերբակալման մասին: Բոգդանը տղաներին ասում է. «Գնանք տեսնենք այդ ինչ հաշիվ է, ինչ որ ասում էին՝ ջոկին ձերբակալելու էին»: Սրանք Վալերիկ Այվազյանի մեքենայով (Սարոն դրա մասին տեղյակ չէր) գնում են շտաբ, այստեղ բռնկվում է թեժ կռիվ հետո, կրակոց, որի հետևանքով սպանվում է Համլետ Մարտիրոսյանը: Համլետի սպանությունը վերագրեցին Գագիկ Զաքարյանին, սակայն Գագիկի սպանության ժամանակ նա մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը Համլետին չի սպանել, որին կարող է վկա լինել Լեռնիկը: Այդ միջոցին Արթուր Աղաբեկյանի ջոկատը շրջապատում է Սարինշենի տղաներին և ձերբակալում, որոնց թվում նաև Սարոյին: Այդ նույն ժամին Աղաբեկյանը սպանում է Սարինշեն վաշտի հրամանատար Բոգդանին և դիակը տեղափոխում հիվանդանոց: Հաջորդ օրը Արթուր Աղաբեկյանը գնում է հիվանդանոց և Գագիկից պահանջում, թե՝ «Դուք դաշնա՞կ եք, թե ՀՀՇ-ական»: Նա պատասխանում է՝ «Ի՞նչ դաշնակ, ՀՀՇ-ական եմ»: Ծեծելուց հետո թողնում է դուրս գնում: Շուտով վրա է հասնում ջոկատը, Գագիկ Զաքարյանին հանում են հիվանդանոցից և տանում հիվանդանոցի փայտանոցում գնդակահարում: Գագիկ Զաքարյանի գնդակահարության մասին ինձ պատմեց բժիշկ Միքայել Հարությունյանը, ասաց, որ գնդակահարությանը ներկա էր գլխավոր բժիշկ Բալայանը: Մնացած տղաներին՝ թվով 11 հոգի, տարան մեկուսարան: Արթուր Աղաբեկյանի հրամանով տրվում էր տասը օրվա մեկուսացում: 9-րդ օրը իմ տղաներին՝ Սարոյին ու Հովիկին գնդակահարում է Համլետ Մարտիրոսյանի եղբայրը՝ Գագիկ Մարտիրոսյանը, իբր թե Համլետի սպանության պատճառը Սարոն ու Հովիկն են: Այս ամբողջ գործը սարքել են Արթուր Աղաբեկյանը, Ալբերտ Համբարձումյանը և Գագիկ Սադրխյանը: Սրանք այն մարդիկ են, որ դաշնակցության շվաքի տակ ամեն մի հասարակական երևույթի տեղիք էին տալիս (զենք, զինամթերք, մեքենաների վաճառում, զինվորների համար ուղարկված սննդամթերքի հափշտակում, իսկ այդ բոլորի մասին գիտեին Հովիկը և իր եղբայր Սարոն, նրանց գնդակահարեցին, որ եղելությունը չբացահայտվի: Սարոն նրանց մի քանի անգամ է ասել, որ այդ անօրինականությունների համար դուք կգնդակահարվեք):

Այս բաներից հետո խնդրում եմ ձեզ համապատասխան օրգանների միջոցով պատասխանել:

1. Եթե իմ տղաները մեղավոր են, ինչու՞ նրանց օրենքով չեն գնդակահարել, իսկ եթե ո՛չ, ինչու՞ են գնդակահարել:

2. Ո՞վ իրավունք ունի մտնել գնդացիրով մեկուսարան և մարդկանց գնդակահարել:

3. Քանի որ դատը չի եղել, ի՞նչ իրավունք ունի «Երկիր» թերթի խմբագրությունը սխալ տեղեկություններ տալ ժողովրդին:

4. Ինչու՞ այդ հոդվածի հեղինակը միայն խոսացրել է Արթուր Աղաբեկյանի շքախմբին, իսկ մյուս կողմից ոչ մեկին չի խոսացրել:

5. Ինչու՞ այս հոդվածի հեղինակը սուտ տեղից լարվածություն է ստեղծում ՀՀՇ և Դաշնակցություն կուսակցության միջև, եթե Սարոն ոչ մի կուսակցության անդամ չէր:

6. Մարդասպաններ Արթուր Աղաբեկյանն ու Ռուբիկ Ավետիսյանը ինչու՞ մինչև հիմա կալանավորված չեն: Այս բոլոր անօրինությունները կարող են տեղիք տալ ավելի վատ դեպքերի:

Խնդրում ենք ձեզ զբաղվել այս հարցով:

Սարո և Հովիկ Սարդարյանների հայր՝ Շ. Սարդարյան»:

Ի դեպ, Սարո Սարդարյանը կալանավորվելուց առաջ հորը նամակ է գրում, որի մեջ նշված է «Համլետի սպանության հարցում մենք ոչ մի մեղք չունենք, մենք պատժվում ենք մեր բարության համար: Աստծո կամքն է, մնաք բարով, քո որդի»:

ՍԵՐԺԸ` ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ,
ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷԼ ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Այն ժամանակ ԼՂՀ-ում, այժմ էլ Հայաստանում շարունակվում է տիրել անպատժելիության մթնոլորտը: Հանցագործությունների մեջ կասկածվողները պարգևատրվում են պետական բարձր պարգևներով, իսկ այս երևույթների մասին բարձրաձայն արտահայտվողներին, հավանաբար Սերժ Ազատիչի անմիջական նախաձեռնությամբ խաչագողերի քսու կամակատարության դեմ են տրվում եղած ու չեղած «կոմպրոմատներ», դեմ տված կոմպրոմատներն էլ ճշմարտության կողմնակիցների ինտիմ կյանքին վերաբերվող Սերժ Ազատիչին ու Ռոբերտ Սեդրակիչին հետաքրքրող հատվածներն են:

Հետաքրքիր է, բանակի գերագույն հրամանատարը և պաշտպանության նախարարը այս ամենից հետո գոնե մեկ անգամ իրար հետ անկեղծ եղե՞լ են, որպեսզի քննարկեն. եթե վաղը հայոց պետականությանը վտանգ սպառնա ու սահմանների պաշտպանության խնդիր առաջանա, ի՞նչ կոչ են անելու սեփական ժողովրդին, և որպես երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատուներ, քանի՞ շարքային զինվոր կարող են ուղեկցել մարտի դաշտ: Եվ վերջապես, ո՞վ է գնալու նրանց հետևից, սկսած սեփական ընտանիքի անդամներից: Չէ՞ որ նման պարագայում շրջանառությունից դուրս է մղվում «կոմպրոմատ» դեմ տալու տարբերակը: Եվ քանի դեռ այս երկու պաշտոնյաները չեն կարողացել իրենց ճակատից մաքրել այս բոլոր սպանությունների խարանը, նրանց պաշտոնավարությունը երկրի համար վտանգավոր է և հղի նոր քաղաքական սպանություններով:

Մարգարիտ Սարգսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 291, նոյեմբերի 6, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   708 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ