...

Արդյոք քծնողները չե՞ն արատավորում մարդկության կերպարը

Արդյոք քծնողները չե՞ն արատավորում մարդկության կերպարը

ԱՉՔԻԴ ԳԵՐԱՆԸ

Որքան ճանաչում եմ մարդկանց,
Այնքան կարոտում եմ շներին:
Ավետիք Իսահակյան

Երկրիս ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի սրտին այնքան են դարդ եղել իր առաջին տեղակալ, ԳՇ-ի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի մասին հրապարակված տեղեկությունները, որ նա չի կարողացել թաքցնել իր վրդովմունքը և այդ մասին արտահայտվել է անթաքույց, առաջին իսկ պատահած առիթով: Սերժ Սարգսյանը հարկ է համարել հասարակությանը տեղեկացնել նաև, որ հայոց բանակը քաղաքականացված չէ: Կարծում եմ որևէ մեկը չի կարող առարկել այն իրողությանը, որ բանակը Հայաստանի թերևս ամենաքաղաքականացված կառույցն է՝ իր գեներալ-գնդապետներով ու գեներալիկներով հանդերձ: Եթե Սերժ Ազատիչը հայտարարում է, որ բանակը քաղաքականացված կառույց չէ, և այնտեղ ոչ ոք քաղաքականությամբ չի զբաղվում, ապա նույն Սերժ Ազատիչը ինչպե՞ս է մեկնաբանում այն իրողությունը, որ նախագահ Ռ. Քոչարյանը պարբերաբար պատեհ-անպատեհ առիթներով հեռուստաէկրաններից հասարակությանը հիշեցնում է, որ ինքը բանակի գերագույն հրամանատարն է: Իսկ Ռ. Քոչարյանը ոչ միայն հայտարարում է իր գերագույն հրամանատար լինելու մասին, այլև ապացուցում է, որ ինքը շատ լուրջ է մոտենում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են արատավորել «սպայի պատիվը»: Իսկ Սերժ Սարգսյանն էլ հայոց բանակի գեներալներին վարկաբեկելով ամեն ինչ անում է գերագույն հրամանատարի ասածները հիմնավորելու համար:

Բայց, դժբախտաբար, և «սպայի պատիվն» արատավորողների հանդեպ շատ զգայուն Ռ. Քոչարյանը, և «սպայի վարքի» մասին ճոռոմաբանող Սերժ Սարգսյանը շատ անուշադիր գտնվեցին իրենց քծնող գեներալների հանդեպ մամուլում հրապարակված հանցանք պարունակող տեղեկություններին: Ավելին, Սերժ Սարգսյանը նույնիսկ պաշտպանեց հայոց բանակի ամենակոռումպացված գեներալին՝ Միքայել Հարությունյանին, որը նույնպես, ի դժբախտություն բանակում ծառայող շարքային զինվորների, ամեն ինչով զբաղվում է, բացի բանակում առկա հազարավոր պրոբլեմներից:

Միքայել Հարությունյանին ճանաչողները շատ լավ գիտեն, թե ինչ սկզբունքով է առաջնորդվում նա, որպեսզի կարողանա մի կերպ քարշ տալ իր ողորմելի գոյությունը: Եվ թող պաշտպանության ներկայիս նախարարը համարձակություն ցուցաբերեր հերքելու սեփական ենթակաների մասին հրապարակված որևէ քրեածին տեղեկություն, այլ ոչ թե փորձեր խրատներ հղել դիմացիններին: Կամ ինչպես կարելի է պաշտպանել մի մարդու, որի կենցաղից ոչ միայն նրա հետ ամեն օր առնչվողներն են նողկում, այլև հասարակությունը:

Վերջապես, Սերժ Սարգսյանը չի հերքել այն, որ հենց Միքայել Հարությունյանն է գլխավոր հովանավորը «զորահավաքային մաֆիայի» (փողով այս կամ այն զորամասում զինվոր տեղադրել): Այլապես որտեղի՞ց Միքայել Հարությունյանին այդքան բնակարաններ, առանձնատներ, թանկարժեք մեքենաներ ու քաղաքով մեկ տարածված նշանավոր տնտեսական օբյեկտներ: Բնականաբար, ոչ Սերժ Սարգսյանը, և ոչ էլ նույն ինքը՝ Միքայել Հարությունյանը, չեն կարող հանրությանը համոզել, որ այդ ամենը իրենց «քրտինքով» վաստակածն է: Կամ ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը մեկնաբանում այն փաստը, որ «գերագույն հրամանատարի» կողմից արված ամեն մի ցինիկ հայտարարությանը առաջինը ձայնակցում է հենց բանակի ստրկամիտ գեներալիկների թիմը:

Այս ամենի մեջ ամենազավեշտականն այն է, որ գեներալական ուսադիրներ կրող, զորավարի կեցվածք ընդունած մարդիկ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրենց քծնանքն արտահայտելու որևէ առիթ բաց չեն թողնում: Եվ ճորտի հոգեբանության այս մարդկանց էլ վստահված են հազարավոր առողջ դատողության տեր զինվորների ճակատագրեր: Եվ եթե, Աստված մի արասցե, վաղը հանրապետությունում սահմանների պաշտպանության խնդիր առաջանա, ապա այս «զորավարներով» դժվար թե կարողանանք լուրջ բանի հասնել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գոնե մեկ շարքային զինվոր չի կարող տանել իր ետևից:

Վերջապես, հայոց բանակի մի խումբ գեներալներ իրենց կեցվածքով արդեն ապացուցել են, որ բանակն իրենք դիտում են որպես եկամտի աղբյուր և դրանից չզրկվելու համար պատրաստ են ցանկացած զոհողության՝ որքան էլ այն արժենա:

Եվ այս խառնամբոխին գեներալ կոչելով ՊՆ նախարարը «սպայի վարքից» է խոսում...

Մարգարիտ Սարգսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 389, սեպտեմբերի 17, 2002 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ