...

Պրովինցիայի մայրամուտը

Պրովինցիայի մայրամուտը

ՄԱՆՐԱՄԵԾԱԾԱԽ

Հասարակությունը շոկի մեջ է: «Անսպասելիորեն» պարզվեց, որ Քոչարյանի հաղթողական քաղաքականությունն ընդամենը փուչիկ էր՝ ստեղծված «որքան մեծ է սուտը, այնքան մարդիկ հեշտությամբ դրան կհավատան» գեբելսյան սկզբունքով: Պարզվեց, որ չորս տարի շարունակ Քոչարյանը հիմարացնում էր ժողովրդին. այստեղ-այնտեղ ինքն իրեն անվանում էր «Վոյին» ու մեծ-մեծ խոսում արյունով գրաված տարածքները չտալու մասին, բայց իրականում վաղուց համաձայնվել էր և՛ ազատագրված տարածքները վերադարձնել, և՛ Մեղրին Լաչինի հետ փոխանակել:

Փուչիկը պայթեց: Եվ պարզ դարձավ, որ Քոչարյանն ու իր թիմակիցներն ընդամենը մանր խաբեբաներ էին, որոնք հասկացան, թե ինչերի կարելի է հասնել ղարաբաղյան խնդիրը շահարկելով: Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգն էր, որ երեխայի նման խաբեց Վազգեն Սարգսյանին, ու հասարակությունն էլ մի պահ հավատաց, թե ղարաբաղցիները պիտի լուծեն Ղարաբաղի հարցը: Հավատաց, որովհետև գավառական ժուլիկների այս դուետը հրապարակավ խոսում էր նախկինների «դավաճանության» մասին, իսկ կուլիսներում այդ նույն նախկիններին «բարեկամաբար» խելք էին սովորեցնում, թե «մենք է՛լ ենք նույն առաջարկներն ընդունելու, բայց հո հիմար չե՞նք: Մենք դա կներկայացնենք որպես հաղթանակ»: 

Ուր էր թե նույն առաջարկներն ընդունեին: Երևի նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հաստա՛տ գիտեր, որ այս դուետը Վազգենին երեխայի նման խաբել է, սկզբում կարծում էր, թե նույն առաջարկներն են ընդունելու: Դրա համար էլ, հանուն պետության ապագայի, մասնակցե՛ց իրեն թիկունքից հարվածածի երդման արարողությանը: Որպեսզի իրեն թիկունքից հարվածածը, որքան էլ նենգ ու գավառամիտ, գոնե համատարած ատելության մեջ չսկսի իր գործունեությունը: 

Հետո պարզվեց, որ սրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի: Ու երբ Մեղրիի հարցը հաղթողականների թեթև ձեռքով հայտնվեց բանակցությունների օրակարգում, ու Վազգենը հասկացավ, որ ոչ միայն սխալվել է, այլև միայն ինքը կարող է ուղղել սխալը, ասպարեզ իջան «մի խումբ անհավասարակշռված անձինք», ու դիտորդը դարձավ «միակ տղամարդ»: Սերժ Սարգսյանն էլ, որ մինչ այդ «հորով-մորով» էր արել ազգային անվտանգությունը, դարձավ պաշտպանության նախարար ու սկսեց աջուձախ սպառնալ, թե հանկարծ ազատագրված տարածքների վերադարձի հարցը չշահարկենք, որովհետև եթե այդպես ենք վարվում, ուրեմն այդպես է պետք: 

Մի հարցնող լինի՝ բա ա՛յ Սերժիկ, 97-ին ինչու՞ էիք հարայ-հրոց բարձրացրել, այն ժամանակ էլ էր «այդպես պետք»: Հարցնող լինի՝ ա՛յ Ռոբերտ, էն որ պոլիտեխնիկի հեռակա դիպլոմդ դրեցիր թևիդ տակ ու վազելով եկար Երևան, որ պատերի տակ սրա-նրա ականջին շշնջաս, թե որքան դավաճան է Լևոն Տեր-Պետրոսյանը, էն ժամանակ չգիտեի՞ր, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների ճանապարհով»: Թե՞ նախկինները տարածքներ վերադարձնելու ձևը չգիտեին, եկաք սովորեցնելու: 

Իսկապե՛ս չգիտեին: Նրանք միայն ազատագրելու՛ ձևը գիտեին և ազատագրում էին: Ու չգիտեին, որ տարածքներ վերադարձնելուց առաջ պետք է նախապատրաստական լուրջ աշխատանքներ տանել: Զորօրինակ՝ խրախուսել սկաուտական շարժումը: Սամվել Բաբայանին ձերբակալել, դաշնակներին մի քանի շուկա ու մի երկու միջին պաշտոն տալ, որ լափեն ու «արյունով գրաված տարածքները» հիշեն միայն ատամները քչփորելիս... 

Արդյունքում՝ ղարաբաղյան հարցում բառացիորեն կանգնած էինք պատերազմի շեմին: Եվ այն էլ՝ մի բանակով, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է: Արդյունքում՝ անցած չորս տարիները Հայաստանի համար կորսված են, իսկ ներքաղաքական իրադարձություններն ավելի շատ «ինքնասպանությունների» ու «դժբախտ պատահարների» խրոնիկա են հիշեցնում: Արդյունքում՝ Հայաստանը ոչ միայն դուրս է մղվել միջազգային համագործակցության բոլոր ծրագրերից, այլև «իր արժանի տեղն է նվաճում» չարիքի առանցք երկրների շարքում: 

Է, հետո՞: Հո կրակը չե՞նք ընկել երկու ժուլիկների ձեռքը: Կրկեսի ձախողակ աճպարարների դեպքում հանդիսատեսները գոնե հնարավորություն ունեն սուլելով ու ձեռքի տակ եղած բութ առարկաներով վռնդել խաբեբաներին: Մեր հասարակությունը զրկված է նաև այդ հնարավորությունից: Որովհետև առաջին շարքում նստած են վարձու ծափ տվողները (ազատ ու պատասխանատու կեցվածքով), իսկ վերջին շարքում՝ ամեն վայրկյան անզգույշ քաշքշելու պատրաստ ուժայինները: 

Բայց նույնիսկ դա չի փրկելու գավառական «գաստրոլյորներին»: Համենայն դեպս՝ պատմությանը հայտնի չէ գոնե մի դեպք, երբ հնարավոր լինի տեռորի ճանապարհով համաժողովրդական ատելության դեմն առնել: 

Հրայր Ավետիսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 374, հունիս 2, 2002 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ