ՁԵՐԲԱԶԱՏՈՒՄՆԵՐ
Ինչպես հայտնի է, կույրաղիքը նրա համար է, որ օրգանիզմի համար անպիտան և թունավոր նյութերը կուտակի իր մեջ: Դրա համար էլ հաճախ կույրաղիքը պարզապես հեռացնում են: Բայց քիչ է պատահում, որ վիրահատությունից հետո կույրաղիքը պահեն և մնացած ամբողջ օրգանիզմը դեն նետեն, և կույրաղիքն էլ հանդես գա ողջ օրգանիզմի անունից...
Մոտավորապես նման բան տեղի ունեցավ Անկախության տասներորդ տարեդարձի կապակցությամբ, երբ մեր քաղաքական դաշտի մեծ և փոքր վնասատուները իրար ոտնատակ տալով առաջ էին նետվում՝ անկախության 10 տարիների մեր նվաճումներն իրենց վերագրելու տղայական մոլուցքով: Այդ առթիվ նույնիսկ փոքրիկ մի ֆիլմ էին նկարել: Եվ շատ հարմար հեղինակ էին գտել՝ անկախության ամենածանր տարիներին դրսի փողերով իշխանություններին հայհոյող ու ծովափնյա տարբեր քաղաքներում Նաիրի Հունանյանի հետ սկաուտական բանակումներին մասնակցած, հոկտեմբերի 27-ի նախկին գլխավոր կասկածյալներից մեկին...
Եվ ովքե~ր էին խոսում Անկախության ու մեր նվաճումների մասին: Վազգեն Մանուկյանը՝ նախկինում իր ամբիցիաների ձեռքը կրակն ընկած ու հանուն այդ ամբիցիաների նույնիսկ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակում հրահրելու պատրաստ, նախկինում Ազգային ժողովի վրա հարձակում կազմակերպած ու իշխանություններին կախաղան հանելու մոլագար կոչերով հայտնի, ներկայումս՝ իշխանությունների գրպանում պատահաբար մոռացված փշրանք որոնող...
Ո՞վ էր խոսում մեր բանակի ու ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակների մասին: Սերժ Սարգսյանը, որ մի անգամ արդեն եղել էր պաշտպանության նախարար: Այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը պաշտպանության հարցերով պետնախարար էր, և Սերժ Սարգսյանի փոխարեն ով էլ լիներ՝ գործը գլուխ էր գալու: Իսկ հիմա Վազգեն Սարգսյանի անունն անգամ չտվեցին: Պատերազմն իրենք են հաղթել. Սերժը, Մանվելն ու Նազիկը: Եվ՝ բոլոր այն գեներալները, որոնք այսօր տասնապատիկ ծալվում են՝ պատահաբար իրենց նախարարից բարձրահասակ չերևալու երկյուղով: Չհիշեցին նաև Սամվել Բաբայանին: Արկադին կնեղանա...
Բայց Վանոյին հիշեցին: Իհարկե՝ որպես հանցագործի: Այդ Վանոն չէր, որ ռազմաճակատ ու շրջափակում ճեղքելով՝ հաց ու վառելիք էր հասցնում Ղարաբաղ: Այդ Վանոն չէր, որ պատերազմող երկրում ներքին կարգուկանոն ապահովեց: Այդ ՆԳՆ ստորաբաժանումները չէին հայտնվում ճակատի ամենավտանգավոր հատվածներում: Ժողովուրդը սխալ է հիշում: Դա արել է Բաղդասարով Միշան: Եվ իհարկե՝ բոլոր ժամանակների հիմնական հերոս Սերժը:
Իսկ Անկախության անունից խոսում էր... Ռոբերտ Քոչարյանը: Սա՛ էր համարի մեխը: Նրանից առաջ Հայաստանում նախագահ չի եղել: Երրորդ հանրապետության պատմությունը սկսվում է այն պահից, երբ բոլոր ժամանակների միակ տղամարդը տեղեկանք ներկայացրեց առ այն, որ ինքը, պարզվում է, այդ ամբողջ ընթացքում ապրել է Հայաստանում: Իհարկե Հայաստանում է ապրել: Այլապես ինչպե՞ս պիտի կերտեր Հայաստանի անկախությունը: Այն էլ՝ միայնակ (Սերժին, Մանվելին ու Վազգեն Մանուկյանին չհաշված):
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը նույնպես առանձնապես չանդրադարձան: Մանրուքներով զբաղվելու ժամանակ չկա: Կարևորն անկախության հաղթական ընթացքն է՝ Քոչարյանով, Սերժով ու հարակից բաներով:
Ցանկացած հեղաշրջում ունի իր տրամաբանությունը և քայլերի որոշակի հաջորդականությունը, այլապես ոչինչ չի ստացվի: Տրամաբանությունը հետևյալն է.
1. Հասնել իշխանության,
2. Ձերբազատվել նրանցից, ում շնորհիվ հասել են իշխանության,
3. Ձերբազատվել դրա դեմ բողոքողներից,
4. Նախորդների արածները վերագրել իրենց (ձերբազատվել անբարենպաստ հասարակական կարծիքից):
Հարց. ո՞ր փուլում է գտնվում 98-ի իշխանափոխությունը (ճիշտ պատասխանողին խոստանում ենք անունը չհրապարակել):
Հրայր Ավետիսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 267, սեպտեմբերի 25, 2001 թ.