...

Հայաստանը ՌՔ-ՍՍ փակուղում

Հայաստանը ՌՔ-ՍՍ փակուղում

ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ - 2

Երեք գերտերությունների նախագահների գործնական հայտարարությունից հետո հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացները չէին կարող չխթանվել ու սառեցվել: Միջազգային հանրությունը շռայլորեն թույլ չէր տալու ներդրված հսկայական ջանքերի ու արդյունքների ուղղակի տապալում: ՍՍ-ի պարզունակ հաշվարկներով, բավարարվելով հայ-թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու համաձայնությամբ, Թուրքիան ստիպված էր լինելու բացել սահմանը: Թերևս այսպիսի նախնական խոստում էր նա ստացել խաղը պարտադրած երկրներից, որ ցեղասպանության ուրացմամբ հնարավոր է հասնել հայ-թուրքական սահմանի բացման:

Մինչդեռ Թուրքիան համառորեն ու անդրդվելիորեն, տեղի չտալով միջազգային պարտադրանքներին ու ճնշումներին, հաստատագրեց «սահմանի բացում միմիայն գրավյալ տարածքների վերադարձից հետո» նախապայմանը: Մի պահ անգամ հետ քաշվելով, գործընթացը վտանգելու սպառնալիքով միջազգային հանրությանը Թուրքիան հասկացրեց, որ հանգուցալուծումը կախված է միայն ու միայն իրենից: Իր վրա գործադրվող ճնշումները Թուրքիան հաջողությամբ կարողացավ փոխակերպել իրեն ուղղված խնդրանքների ու իրեն տրվող խոստումների:

Կարճ ժամանակահատվածում թուրքական դիվանագիտությունը համոզիչ հաղթանակ գրանցեց. ամրագրեց հայ-թուրքական և ղարաբաղյան հիմնահարցերի փոխկապակցվածությունը և դրանց միաժամանակ-հաջորդաբար լուծման անհրաժեշտությունը, միջազգային սաստկացող ճնշումներն ուղղելով թուլացած, անկարող հայկական կողմի վրա: ՍՍ-ը խաբված և օգտագործված է մինչև վերջ. երբևէ կպատկերացնեի՞ք ՀՀ նախագահը բոլոր տարածքները հանձնելու, ընդհանուր սահմանի փոխարեն միջանցք ունենալու մասին հայտարարեր և տարածքները չբնակեցնելու համար արդարանար միջազգային հանրության առջև:

Մեր իսկ ջանքերով միջազգային հանրությանը դարձրեցինք մեր թշնամին ու հակառակորդը, որն այսօր լծված է Թուրքիային գոհացում տալու և գործընթացի վերջնական հանգուցալուծման գործին: Բնավ պետք չէ ոգևորվել այս օրերին այլ երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության ճանաչման քննարկումներով՝ համարելով դրանք Թուրքիայի վրա կախված մահակ: Նմանատիպ մահակները Թուրքիան հաջողությամբ շուռ է տալիս մեր գլխին:

Ոչ թե հայ-թուրքական գործընթացն է մտել փակուղի, այլ ՍՍ-ի «նախաձեռնողական» քաղաքականության լիակատար ձախողման արդյունքում Հայաստանն է հայտնվում փակուղում: Ադրբեջանի և Թուրքիայի հաստատակամ, վճռական կեցվածքին հակադրվում է Հայաստանի խուճապահար, ցայտնոտային ու «անորոշ» պահվածքը:

Որքան հարցի հանգուցալուծումը դառնում է իրական, անխուսափելի՝ հայկական կողմի միակողմանի զիջումներով, այնքան մեծանում է ներիշխանական խուճապը: Դեռ բազմիցս ենք լսելու արտառոց հնչերանգի փոխադարձ մեղադրանքներ:

Քոչարյանախումբը՝ ՀՅԴ-Օսկանյան-ԲՀԿ (մասամբ), վերջնախաղում չափազանց անհանգիստ ու ջղագրգիռ է դառնում: ՌՔ-ի անհանգստությունը հանրապետական «զավզակները» փորձում են զսպել «մարտի 1-ի դեռևս չմարված լինելու» հանգամանքը բարձրացնելով: Չզարմանաք, եթե քոչարյանախմբի ներկայացուցիչներն էլ դրան հակադարձեն, թե ո՞ւմ համար է արվել և ո՞վ է օգտվել մարտի 1-ից:

Ո՞ւմ մեղքով, ո՞վ է պատասխանատու. մի խոսքով, վրա հասան Եղիազար Այնթապցու ժամանակները: Այսքա՜ն առաջ և այսքան էլ առաջի՞ն իր կանխատեսումներում: Նոյեմբերյան ելույթ-պարապմունքն էլ անտեղի չի անցել, քոչարյանախմբի հարձակում-շանտաժներին հանրապետական թերզարգացածները պատասխանում են դիպուկ և հիշեցնում, թե ո՞վ է բանակցային գործընթացից դուրս մղել ղարաբաղյան կողմին, ո՞վ է մադրիդյան սկզբունքներին համաձայնություն տվել: Որքան էլ ճամարտակեն, թե մադրիդյան սկզբունքները ժամանակին հայկական կողմի համար այս աստիճան նվաստացուցիչ չէին, չէի՞ն գիտակցում, որ մարտի 1-ով, քաղբանտարկյալներով ու լեգիտիմության պաշար դրսում մուրալով մադրիդյան սկզբունքներն այնքան են նորացվելու, որ դառնալու են հայկական դիվանագիտության վերջնագիր-մահախոսականը:

Ոմանք հաճախ էին հակադարձում, թե ինչպե՞ս կարող է որևէ մեկը տարածքներ հանձնել ու չվախենալ դավաճանի անուն վաստակելուց: Բայց մի՞թե Հայաստանին ու Ղարաբաղին այսքան աղետ ու տառապանք բերողները վաղվանից նոր են դավաճանի համարում ձեռք բերելու:

Ղարաբաղի մասին «մտածողները» իրենց իշխանությունը կորցնելու իրական սպառնալիքների ու օրհասական վիճակների ժամանակ, ամեն գնով իշխանությունը պահելու նպատակով քանի-քանի ծանրագույն հարվածներ են հասցրել Ղարաբաղին:

Եկել է ոմանց պատասխանատվության, ոմանց էլ՝ պատասխանատվությունից խուսափելու պահը:

Այսօր ամենաանհանգիստն, իրավացիորեն, ՌՔ-ն է, սակայն դա բնավ Ղարաբաղի, առավել ևս Հայաստանի վիճակով չի պայմանավորված, այլ իր անձեռնմխելիությունը, ինչքն ու ավարը չպահպանելու սարսափով: Նա հրաշալի հասկանում է, որ այլևս հնարավոր չէ վստահել ՍՍ-ին համակարգի փլուզումը կանխելու հարցում:

Այսօր ՍՍ-ին ժամանակ ձգելու նպատակով այլևս չի թույլատրվելու անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Եվ նա ոչ միայն պարտադրված է, այլև ցանկանում ու շտապում է վերջնական լուծումների: ՍՍ-ի հապաղումը դառնում է իրեն տրված երաշխիքներից զրկվելու սպառնալիք:

Չխաբվեք ՌՔ-ի ու շրջապատի՝ տարածքները հանձնելու դեմ կեղծ ազգային ու հայրենասիրական հայտարարություններով: Երկուսով են հասել այսպիսի «ձեռքբերումների», երկուսով են «պայմանավորվել» այսպիսի արդյունքների շուրջ, միմյանց են վստահել ու փոխանցել:

Ամեն գնով՝ տարածքներ հանձնելու, անգամ պատերազմական իրավիճակ ստեղծելու, ներքուստ ամենաշահագրգիռը ՌՔ-ն է՝ խուսափելու պատասխանատվությունից, պահպանելու անձի ու ինչքի անձեռնմխելիությունը:

Ու այսօր շտապում է ՍՍ-ն՝ հնչեցնում միջազգային ցանկացած պահանջ և պատրաստակամություն հայտնում անհավատալին ընդունելու:

Մերձիշխանական դաշտում ավելի խորն են զգում խորտակման վտանգը, քանզի խորտակվող նավը հնարավոր չէ փրկել, մարտի 1-ին այն անվերականգնելի ճաքեր է տվել, նավապետի ու նավաստիների տեղերն էլ ծովահեններն են զբաղեցրել:

Որքան էլ միջազգային փորձագետներն ու Մինսկի խմբի համանախագահները ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացնեն որպես փոխզիջումային, որպես սխրանք, անգամ դարի գործարք, միևնույն է, դրանք հղի են Արցախի հայաթափման և Հայաստանի պետականության խարխլման վտանգներով: Այս ամենը հնարավոր է կանխել զուգահեռաբար ընթացող երկու գործընթացների իրականացմամբ՝

1. Արտահերթ՝ համապետական ընտրությունների անցկացում, սահմանադրական կարգի վերականգնում, Հայաստանի ժողովրդավարացում: Վերջնականապես թաղել քոչարյանական բռնակալությունը և անկասելի դարձնել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ քաղաքացու ազատությունը, արժանապատվությունն ու իրավունքները ամենակարևոր արժեքներն են, առանց դրանց հնարավոր չէ հաղթանակ պահել, զարգացում ու առաջընթաց ապահովել: 2007թ. սեպտեմբերի 21-ից բուռն ընթացքի մեջ է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորումը՝ մեր ապագայի հուսալի գրավականը:

2. Համընդհանուր, համահայկական «զորաշարժ» դեպի Արցախ, համահայկական պահանջ արցախցիներին՝ ապրել. կառուցել, ներդնել (անգամ Հայաստանում թալանածն ու կողոպտածը) և թաղվել Արցախում: Սրանով է, որ արցախցին, անկախ ստորագրվելիք փաստաթղթերից, խուճապի չի մատնվելու, մնալու է ամուր ու հզոր, ինչպես միշտ:

Ա. Արամյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 926, մարտի 31, 2010 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   989 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ