...

Հին ու նոր գողեր

Հին ու նոր գողեր

ՍՓՅՈՒՌՔ

Անցյալ շաբաթ ուշագրավ տեղեկություններ եկան Հայաստանից: Առաջինը այն էր, որ, ըստ իշխանամետ «ազատ ու պատասխանատու մամուլի» ներկայացուցիչներից մեկի, ութ-ինը տարի առաջ Հայաստանից Մոսկվա կամ Լոս Անջելես փախած բարձրաստիճան գողերը վերադարձել են Հայաստան՝ քաջալերվելով այն իրողությամբ, որ ներկայումս գողանալու շատ բան կա երկրում: 

Հավանաբար դրանով ուզում են ասել, որ Ռոբերտ Քոչարյանի ջանքերի շնորհիվ գողանալու «շատ բանի» խայծը ստեղծված է Հայաստանում և այդ է պատճառը, որ գողերը վերադարձել են դեպի մեղրի կարասները: 

Հակառակ երկրի ներսում գողերին հրապուրող առատություն ստեղծած իշխանություններին տուրք տալու այս անուղղակի փորձին, նույն տեղեկությունից այն տպավորությունն է ստացվում, թե ժամանակին փախած այդ մարդիկ վերադարձել են նրա համար, որ ներկայիս այդ գողերը կարող են գործել բացարձակ անպատժելիության մթնոլորտում: Ինչպես քրեական աշխարհի իրենց ընկերները՝ մարդասպանները, որոնք բազմաթիվ վկաների ներկայությամբ ծեծելով մարդ սպանեցին ու անպարտ արձակվեցին: 

Եվ հետո, ինչու գողերը չվերադառնան: Խելացի մարդիկ են: Ինչո՞ւ չմիանան իրենց «գործի ընկերներին», որոնք պետական բարձր, միջին ու ցածր պաշտոնների վրա համապատասխան չափով գրպաններն են լցնում՝ ի հաշիվ ժողովրդի, երկրի ու նրա բարօրության: 

Հայաստան վերադարձող այս գողերը որևէ տարբերություն չունեն այնտեղ գտնվող գողերից: Գիշերով որևէ մեկի տուն չեն մտնում: Դրամ, ոսկեղեն կամ թանկագին իրեղեններ չեն գողանում: Ոչ էլ ճամփաների եզրերին՝ ժայռերի ետևը թաքնված ավազակներ են: Այլ պարզապես պետական պաշտոնյաներ: Վերից՝ վար: 

Մի քանի օր առաջ այս գողերը օրենքի տառը հարգելու տպավորիչ բծախնդրությամբ թույլ տվեցին, որ հրատարակվեն անցյալ տարվա իրենց եկամուտների վերաբերյալ ներկայացրած փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ մեր երկրի իշխանավորները ապրում են ծայր աստիճան համեստ պայմաններում: 

Տեղեկանալուց հետո նախագահ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Սարգսյանի, վարչապետ Մարգարյանի և բազմաթիվ այլ նախարարների հայտարարած եկամուտներին, չի կարելի չհանգել այն եզրակացությանը, որ այս մարդիկ ապուշի տեղ են դնում ժողովրդին: Ավելին, իմանալով հանդերձ, որ ոչ ոք չպետք է հավատա իրենց ստին, արհամարհում են հանրային կարծիքը՝ լավ իմանալով, որ իրենց ճնշող ազդեցության տակ ժողովուրդը վերածվել է համակերպվողների արգահատելի մի զանգվածի: 

Հայաստանում այսօր նույնիսկ երեխան գիտի, որ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ունի բազմաթիվ շահավետ ձեռնարկություններ և «տանիք» է հանդիսանում մենաշնորհային գործարարներին, որոնք գործել կարողանալու համար նրա հզոր պաշտպանության կարիքն ունեն: Այլ կերպ ասած, Հայաստանի պաշտպանության թիվ երկու, եթե ոչ՝ թիվ մեկ պատասխանատուն, ստանձնել է «քրեական աշխարհի» հասութաբեր պաշտպանությունը: 

Այս պայմաններում ինչո՞ւ զարմանալ, երբ տարիներ առաջ Հայաստանը թալանած գողերը կվերադառնան երկիր: Մանավանդ որ այժմ բավական փորձառություն ձեռք բերած պետք է լինեն Մոսկվայի և Լոս Անջելեսի «ընդհատակյա աշխարհի» ներսում: Նման գողերի հովանավորող իշխանավորների համար գողերի տեսակը կարևոր չէ: Կարևորը շահաբաժինն է: 

Այս տխուր պատկերի առջև հարց է ծագում: Ո՞վ պիտի փրկի մեր երկիրը այս ավազակներից: Հին ու նոր գողերից: Հորիզոնի վրա ոչ ոք չի երևում: Բարոյական հեղինակության տեր ոչ մի հասարակական գործիչ: 

Վերջերս կուսակցություններից մեկի ներկայացուցիչը պայքարի ճակատներ էր տեսնում Հայաստանի սահմանների վրա: 

Պայքարի բուն ճակատը, սակայն, սահմանների վրա չէ: Երկրի մեջ է: Ներքին ճակատն է, որտեղ ասպատակում են ապօրինությունը, կաշառակերությունը և անպատժելիությունը: 

Ներքին ճակատի այդ պայքարը ամենադժվարն է: Որովհետև պետք է մղվի ինքզինքն ժողովրդից մեկուսացրած հարազատի բռնավորների դեմ: 

Տիգրան Ոսկունի 

«Չորրորդ իշխանություն», թիվ 377, հուnիս 12, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   412 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ