...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Ներգուբերնական գզվռտոցներ

Այս շաբաթվա ամենակարևոր իրադարձությունը գիտեք ո՞րն էր: Չէ, չէ, ոչ այն, որ Քարվաճառը Լաչինով, բանով, լրիվ արդեն Ադրբեջանին անցավ, ոչ էլ այն, որ Սոթքի համար է կռիվ գնում: Այն, որ ներքաղաքական զարգացումներ հասկացությունը հօդս ցնդեց: Վերջացավ դա: Ներքաղաքականը անկախ երկրներում է լինում, իսկ այս պատերազմի հետևանքով ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը դադարեց միջազգային հարաբերությունների սուբյեկտ լինել: Մենք այլևս ոչինչ չենք որոշում: Ոչ Արցախի և ոչ էլ մեր փոխարեն: 

Ռուսներն էլ նայեցին, նայեցին, ասին՝ չէ, ախպեր, սրանք պետություն պահող չեն: Հլը էդքան չկան: Սրանց մաքսիմումը գուբերնիան է: Պուտինը շուտով նաև մեր կենսաթոշակներով էլ է զբաղվելու: Գազի գինը ահագին կիջեցնի՝ այն մոտեցնելով ներռուսական գներին: 

Հայաստանն այլևս լիակատար կախվածության մեջ է Ռուսաստանից: Ոնց ասեն, այդպես էլ լինելու է: Եվ Պուտինը իր ելույթում անթաքույց դա էր ասում. ասաց, մենք ենք որոշում. Նիկոլը մնա, թե՝ գնա: Բայց ինչի՞ գնա: Հազիվ գտել են: Այնպես են բռի մեջ հավաքել, որ ինչ ասեն, խելոք, սիրուն ձևով կանի: Իհարկե՝ հպարտորեն կանի: Կասի՝ իմ հպարտ ժողովուրդ, այսուհետ լոլիկ ու ծիրան կարող ենք արտահանել Ադրբեջան: Վերջին 30 տարում ոչ ոք դա չի կարողացել անել, ես արել եմ: Աճը կազմելու է 27,5 հազար տոկոս: Նույնիսկ Տիգրան Մեծի օրոք նման աճ չի եղել: 

Եթե սրանով գործն ավարտվի, համարեք, որ էժան ենք պրծել: Ի՞նչ իմանաս, թե էլի ինչեր կան Պուտինի մտքում: Մարդ ես, մեկ էլ տեսար, Նիկոլին ասի. ընկեր, էսքանն արել, արել ես, քո ինչի՞ն է պետք Մեղրին, արի մի բան անենք, Իլհամի ախորժակը փակենք: Թե չէ չամռվել է, թե ինչի՞ պիտի Հայաստանը Լաչինով միջանցք ունենա դեպի Ստեփանակերտ, մենք Մեղրիով չունենանք դեպի Նախիջևան: Արդար չի, էլի: Մի տեսակ սիրուն չի նայվում: Էրդողանն էլ ընդեղից է բզբզում:

Ու Նիկոլը կանի, է´: Լրիվ սպասելի է: Իր իշխանությունն ու ռեյտինգը պահելու համար Արցախի կեսը հանձնել է, հիմա Մեղրին մի քիփիլիկ տարածք է, ի՞նչ է եղել որ: 

«Արժանապատվության քայլերթ»

Բայց ընդդիմությունը համաձայն չէ դրա հետ: Պահանջում է, որ լոլիկն ու ծիրանը ինքը վաճառի: Նրանց օրակարգում ներքաղաքական այլ հարց պարզապես չկա: Պատերազմի ողջ ընթացքում Նիկոլին ասում էին՝ գնա ապեր, մինչև վերջ գնա, հասնես Բաքու, զանգի, գանք, չայ խմենք: Հենց Նիկոլը տեղ հասավ, թե բա՝ ինչի՞ գնացիր: Բա 20 տարի միասին դա էիք երազում, պետությունը դարձրել էիք տգիտության ու գյադայության բոստան, ի՞նչ արդյունք էիք ակնկալում: Երկրի մեջ ինչքան նորմալ ու մտածող մարդ կար, բոլորին դավաճան ու հող տվող հանեցիք, մի մասին սպանեցիք, մի մասին էլ բանտ նետեցիք ու ժողովրդին «Հասնինք Սասուն, մտնինք Վան» երգից այն կողմից ուրիշ բան չեք ասել:

Ամենաթույնը Դաշնակցության ակցիան էր: «Արժանապատվության» երթ էին կազմակերպել դեկտեմբերի 2-ին: Նորից ենք կրկնում. դաշնակները՝ դեկտեմբերի 2-ին: Ավելի հաջող պահ չէին կարող ընտրել: Ուղիղ 100 տարի առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, իրենք իրենց կոտրած ձեռքով ստորագրեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի համեմատ Նիկոլի կապիտուլյացիան մանկական չարաճճիություն կարելի է համարել: Ամբողջ Հայաստանի 70 տոկոսը նվիրեցին թուրքերին, պետությունը հանձնեցին ռուսներին, հիմա եկել՝ արժանապատվության երթ են անում: Կլասս: Ընդ որում, Հայաստանը թուրքերին հանձնելուց հետո չվերացան երկրի վրայից, մնացին, ընդարձակվեցին, ասացին՝ դե մենք դեռ պիտի հայկական հարց լուծենք:

Հիմա ի՞նչ եք ուզում Նիկոլից: Նա էլ, կապիտուլյացիա ստորագրելուց հետո չի ցանկանում վերանալ երկրի վրայից, ասում է՝ դեռ հարցեր կան, պիտի լուծենք: Այն, ինչ դաշնակներին կարելի էր, ինչի՞ Նիկոլին չի կարելի: Դուք էլ եք կապիտուլյացիա ստորագրել, նա էլ: Այսինքն, հոգով, սրտով բոլորդ էլ դաշնակ եք: Դրա փոխարեն, գնացեք, իրար հետ պայմանավորվեք, դաշնակներն իրենց «արժանապատվությունը», Նիկոլն էլ՝ իր քայլը, միացրեք իրար, «արժանապատվության քայլերթ» կատարեք:  Հրապարակով հպարտ, դանդաղ, եկեք, անցեք, մեկ է, այս տարի տոնածառ այնտեղ չի տեղադրվելու, երեխաները չեն խանգարի:

Խելքից պատուհաս
    
Բայց պետք է խոստովանել, որ իմքայլականներն իսկականից պատուհաս են: Այն պահից, երբ Նիկոլը սկսեց «կռուտիտներով» արդարանալ, թե մեղավորը Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներն էին, սրանք սկսեցին մեկը մյուսից վատթար դուրս տալ: Ասում են՝ մենք չենք պարտվել, մինչև վերջ կռիվ ենք տվել: Պարզապես այդպես ստացվեց: Չենք անում այս հարցադրումը. հո դուք աննորմալ չե՞ք: Որովհետև անիմաստ է տալ հարց, որի պատասխանն ակնհայտ է: Կամ ասում են՝ մեր խնդիրը ո՞րն է եղել. որ Արցախը չհայաթափվի, խնդիրը լուծված է, ուրեմն, ինչ-որ տեղ հաղթել ենք: Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարում է, թե այս պարտության սկիզբը դրվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: Դե, փառք Աստծո, կարող էր ասել, որ սկիզբը դրվել է Ավարայրի ճակատամարտում:  Վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանն է սրանց սրսկել, որ այդպես բարբաջեն: Մի քանի տարի առաջ մեկը նման բան ասեր, Նիկոլը 20 ասուլիս կտար, 47 անգամ էլ հոդվածաշար կգրեր, 63 անգամ էլ հարթակից իրեն կճղեր, թե սրանք դավաճան են, տեսեք՝ ինչեր են ասում: 

Պարզ չէ՞, որ այս տեսակ իշխանության վրա ամբողջ աշխարհն է խնդում: Ուղղակի գտածո են: Սրանց հետ ոչ մի պրոբլեմ չկա: Ամբողջ երկիրը հանձնեն, էլի իրենց հաղթած կհամարեն, մնացած բոլորին՝ մեղավոր:

«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ