Կառավարության նիստն է վարում: Տրամադրությունը բարձր է: Քիչ առաջ արտգործնախարարը Mediasport.ge/org.ru.mu կայքում հրապարակված մի լուր էր ուղարկել, որ Ալիևը հրաժարվել է Երևանին խանության կարգավիճակ տալու մտադրությունից: «Երևանը մերն է լինելու»,- ուրախ ձեռքերը շփում է իրար ու նայում պատուհանից դուրս: Տեսնում է, Վազգեն Մանուկյանը քացով հա խփում է կառավարության մուտքի դռանը, չեն բացում, հուսահատ ձեռքերը թափ է տալիս ու վերադառնում ՀՅԴ-ի թիվ 6 վրան: Վրանի մոտ ընդդիմությունը բողոքի ակցիա է անում. 17 հոգի են, ամեն կուսակցությունից մի հոգի:
Ինքը նստում է աթոռին ու նիստը շարունակում: Զեկուցում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Հլը որ տնտեսական աճ չի լինելու: Դրսում շատ ցուրտ է, մարդիկ տնից դուրս չեն գալիս, առևտուր չեն անում, դրա համար էլ դրամական շարժ չկա, խանութները փակվում են»,- ասում է նախարարը:
«Դրա համար դուք պատասխանատու եք, պրն Քերոբյան, բայց մեղավոր չեք: Այս տնտեսական անկման հիմքերը դրվել են 1993 թվին, երբ ահավոր ցուրտ էր, բայց իշխանությունները մարդկանց ցրտի պայմաններում առևտուր անելու ճանապարհային քարտեզ ցույց չտվեցին: Դրանից հետո Սերժը առանց ժողովրդի հետ համաձայնեցնելու, Հայաստանը միացրեց Մաքսային միությանը, առևտուրը եռակի չափով նվազեց: Երբ ես իշխանության եկա, առևտուրը սատկած էր, 80-ականների պահածոներն էին մնացել: Լավ, հիմա դուք զեկուցեք, պրն Պապիկյան»:
«Այս տարի նախատեսում ենք շահագործման հանձնել Գորիս-Կապան նոր և հարմարավետ կածանը, որը թույլ կտա մարդկանց ընդամենը 13 ժամում անվտանգ անցնել այդ հատվածը: Բացի դրանից, Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք Իրանի հետ թունելային կապ հաստատել, որ Նախիջևանի միջանցքի հետ չհատվի: Խոստացել են մինչև 2025 թվականը մեզ պատասխանել»:
«Շատ լավ է, նստեք»,- ասում է ինքը և այդ պահին իրեն զանգում են: Վերցնում է հեռախոսը, Պուտինն է. «Բարև ձեզ, Նիկոլ Վովաևիչ: Մեծ անհամբերությամբ սպասում ենք ձեզ Կրեմլում: Դուք մեր ցանկալի հյուրն եք»,- ասում է Պուտինը:
«Էս Նիկոլը չի, իրա վարորդն է»,- աչքերը խաղացնելով պատասխանում է ինքը ու վռազ հեռախոսն անջատում:
Մեկ էլ Ալեն Սիմոնյանն է դահլիճ մտնում ու ասում. «Զանգել են, ձեզ են ուզում»: Զարմացած վերցնում է հեռախոսը. «Տենաս, ո՞վ է»,- մտածում է ինքը:
«Հա, էն էի ասում, որ գալուց չմոռանաք վերցնել Հայաստանի քարտեզն ու GPS սարքը»,- լսվում է Պուտինի ձայնը:
«Վլադիմիր Վլադիմիրիչ, չեմ կարող գալ, հիվանդ եմ»:
«Ի՞նչ է պատահել»,- հարցնում է Պուտինը:
«Էդ ընդդիմության երրորդ ու կորոնավիրուսի չորրորդ ալիքն է ինձ կպել, պիտի գնամ տուն, ինքնամեկուսանամ»:
«Ընդդիմության խնդիրը ես կբուժեմ,- վստահեցնում է Պուտինը,- իսկ կորոնավիրուսի պահով ձեր մոտ սպիտակ բերետներ կուղարկեմ, շնորհքով ձեզ կվերցնեն, կբերեն Մոսկվա, արխային եղեք»,- ասում է Պուտինն ու անջատում հեռախոսը:
Ինքը ձեռքը մտահոգ դնում է գլխին, քթի տակ ասում. «Կոխեմ Եվրոպան ու Թրամպը»,- հետո նորից պատուհանից դուրս նայում: 17 հոգի կառավարության դեմը կանգնած, շրջանաձև քայլում են: «Ոնց որ էն սոված գելերից լինեն, զոհ են տեսել»,- զայրանում է ինքը, հետո նայում Հայաստանի քարտեզին: Հետո նորից դուրս է նայում, հետո նորից քարտեզին:
Արթնանում է անհայտ մեկուսացման մեջ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021