...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Վատը, ավելի վատը

Բայց ասեք, որ անասուն տարի դուրս եկավ այս 2020 թվականը: Սկզբից կորոնավիրուս, հետո՝ պատերազմ: Ու շարունակվում է դեռ: Բոլոր նախադրյալները կան, որ այս ամենն ավելի է խորանալու:

Պատերազմը շարունակում ենք տանուլ տալ: Թվում էր, թե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով բանը կավարտվի, բայց դա միայն խաբկանք է: Քանի դեռ հնարավորություն կա, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, չգիտենք` գուցե նաև ԱՄՆ-ը, Իրանը, Ֆրանսիան հնարավոր ամեն ինչ պլոկելու են Հայաստանից ու Արցախից: Ահավասիկ, պարզվեց, որ Մարտակերտի շրջանի 6 գյուղ պետք է դատարկվի ու հանձնվի Ադրբեջանին: 2000 մարդ համալրելու է փախստականների շարքերը: Ոնց որ թե այդ պայմանագրում Մարտակերտի շրջանի գյուղերի մասին խոսք չկա, բայց Ադրբեջանը` առանց մի գյուլլա թափելու, դրանք էլ է վերցնում:

Ներքաղաքական իրավիճակն աստիճանաբար մոտենում է հանգուցալուծմանը. քաղաքացիական պատերազմի կամ պարզապես բախումների հավանականությունը շատ մեծ է: Ու ինչն է ահավոր. ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը բացարձակապես ի վիճակի չեն իրավիճակը մեղմելու լուծումներ առաջարկել: 

Իշխանության մասով ամեն ինչ պարզ է. ըստ էության` վերջինս փլուզման գործընթացում է, այլևս անգործունակ է: Հա, ԱԺ նիստեր են անցկացնում, լայվ ու հայտարարություն են անում, ճանապարհային քարտեզներ են ներկայացնում, Ալեն Սիմոնյանը Պուտինի մտքերն է շեյր անում, բայց իրականում պետական համակարգը աստիճանաբար կաթվածահար է լինում: Սա լինելու է. պետական համակարգից, խորհրդարանից, տարբեր գերատեսչություններից մարդիկ դուրս են գալու, հրաժարվելու են մաս լինել այս կառավարությանը կամ իշխող խորհրդարանական խմբակցությանը:

Զրոների տեղափոխությունից բան չի փոխվում

Բայց ամբողջ ցավն այն է, որ ընդդիմությունն էլ է անգործունակ: Ավելի ճիշտ՝ գաղափարազուրկ, ամորֆ, պոպուլիստ է և նույնպես ի զորու չէ այս իրավիճակին համարժեք լուծումներ առաջարկել: Հա, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում եք: Հասկացանք: Իսկ ի՞նչ եք առաջարկում: Ոչինչ: Ընդամենն այն, որ Նիկոլը վատն է:

Իսկ թե ինչով են իրենք ավելի լավը, դրա մասին բան չեն ասում: Առավել ևս` ծպտուն չեն հանում, որ պատերազմի աղետալի ավարտի համար իրենք էլ են պատասխանատվություն կրում: Արթուր Վանեցյան, Ղազինյան... սրանք դեռ մի կողմ` նոր ուժեր են։ Բայց այնտեղ ուժեր կան, որոնք 20 և ավելի տարի իշխանություն են եղել, իշխանության մաս են կազմել, ի՞նչ են արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Կա՞ նրանց մեջ գոնե մեկը, որ ասի՝ ես մեղավոր եմ, զղջում եմ կոնֆլիկտը չլուծելու համար, ղալաթ եմ արել, որ 20 տարի «ոչ մի թիզ» կարգախոսից էն կողմ` ուրիշ ոչինչ չեմ ասել: Ղալաթ եմ արել, որ 20 տարի Ղարաբաղի հարցը շահարկել եմ՝ իշխանություն զավթելու, իշխանություն պահելու, իշխանությունից թուլափայ ստանալու համար: Վազգեն Մանուկյան, Դաշնակցություն, քոչարյանականներ, օլիգարխներ... ասելու բան չունե՞ք: Ոչ, բան չեն ասում: Իհարկե` չեն ասի, քանի որ ոնց այն ժամանակ, հիմա  էլ՝ Ղարաբաղի հարցն ընդամենը իշխանության համար պայքարի առիթ է: Թե չէ` թքած ունեն և՛ Հայաստանի, և՛ Արցախի ապագայի վրա: 

Երկու կրակի արանքում

Ու այն, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահում է, նաև դրանով է պայմանավորված, որ հանրության մի մեծ խավի համար իշխանափոխության պահանջով հանդես եկող ուժերն ավելի անընդունելի են: Հերիք չէ Արցախի հարցում ենք վատի ու վատթարի միջև ընտրության առջև կանգնած, հիմա էլ ներքաղաքական գզվռտոցներում ենք վատի ու վատթարի ընտրության առջև կանգնել: Այսինքն, մենք ընտրելու բան չունենք. ոչ իշխանությունն է ադեկվատ, ոչ՝ ընդդիմությունը: Երկուսն էլ` պոզերը տնկած, կանգնած են իրենց դիրքերում և զիջելու մտադրություն չունեն: Շարունակելու են տուժել Արցախն ու Հայաստանը:

Մենք մեր ինքնիշխանությունը կորցնելու եզրին ենք: Փաստաթղթով դեռ կշարունակենք անկախ երկիր համարվել, բայց իրականում կորցնում ենք մեր ճակատագիրն ինքներս տնօրինելու հնարավորությունը: Մեր տեղը որոշումներ կայացնող են դառնում Ռուսաստանն ու Թուրքիան: Ոնց որ 1920-ին: Ու բացառված չէ, որ ներքաղաքական այս պայթյունավտանգ վիճակն էլ դրսից լուծվի: Ուղղակի, օրինակ, Պուտինը ձեռքը խփի սեղանին ու ասի՝ ֆսյո, դուք պետություն չեք կարողանում կառավարել, սաղդ ռադ եք լինելու, էս Պողոսին բերում եմ ձեր գլխին տանուտեր: Մի քիչ անհավանական է թվում, բայց եթե անկախություն ու ինքնիշխանություն ես կորցնում, ինչ-որ մեկը դա պե՞տք է վերցնի իր ձեռքը: Ինչպես բազմիցս է եղել մեր պատմության ընթացքում: Ո՞նց էր ասում դասականը՝ հայի հետին խելքի պատճառով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ