Տրամադրությունը բարձր է: Լսում է ԱԱԾ պետի զեկույցը: «Այս շաբաթ Արթուր Վանեցյանին ներկայացվել է 7 մեղադրանք, 6 անգամ բերման է ենթարկվել, 5 անգամ ազատ արձակվել, Գագիկ Ծառուկյանին՝ 11 մեղադրանք, 11 անգամ բերման ենթարկում, 10 անգամ՝ արձակում: Շարմազանովին 1 մեղադրանք, 0 բերման ենթարկում, 0 ազատ արձակում»:
«Այսինքն, ընդհանուր պլյուսով ենք դուրս եկե՞լ», - հարցնում է ինքը: «Այո, պրն վարչապետ: Մեղադրանքների աճը կազմել է 87,3 տոկոս, ազատ արձակումներն էլ նվազել են 19,1 տոկոսով», - կարմրատակած մի կերպ հավելում է ԱԱԾ պետը:
«Շատ լավ է: Դու ի՞նչ կասես», - հարցն ուղղում է Անդրանիկ Քոչարյանին: «Պրն վարչապետ, վերջին երկու օրում դիրքերից իջել է 1842 կամավորական: Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 1842 տոկոս, ինչն աննախադեպ է հայոց պատմության մեջ»:
«Իսկ ի՞նչ տրամադրություններ են նրանց շրջանում», - հարցնում է ինքը: «Դե, կամավորականների 63 տոկոսը պատրաստ է հանուն ձեզ փրթել ընդդիմությանը, 21 տոկոսը՝ բզիկ-բզիկ անել, 15 տոկոսը՝ պատերի տակ քացու տակ քցել, էն մի տոկոսն էլ անտուն է մնացել», - հպարտորեն զեկուցում է Անդրանիկ Քոչարյանը:
Այդ պահին կարմիր հեռախոսն է զնգում: Պուտինն է զանգահարել: «Այո, պրն Պուտին: Ջանսաղություն, նորմալ է: Ի՞նչ: Էլի 6 հատ գյո՞ւղ: Էդ ո՞ր հատվածից են ուզում: Հաա՜, էդ հեչ, դրանք ժանգոտած գյուղեր են, եղել եմ ընդե, ըսկի մի կարգին կլուբ էլ չունեին: Բայց մեր պայմանը ուժի մեջ է, չէ՞: Ֆսյո»:
Ներս է մտնում Սուրեն Պապիկյանը ու դեմը ինչ-որ թղթեր դնում: «Էս ի՞նչ է», - հարցնում է ինքը:
«Ճանապարհային քարտեզն է,- պատասխանում է Պապիկյանը: - Էս տարի Արագածոտնի ու Շիրակի մարզի այ էս ու էս հատվածներն ենք ասֆալտապատելու»:
«Բայց ես ուրիշ քարտեզ եմ ուզել: Քեզ ով ա՞ ասել, որ գաս», - կատաղում է ինքը:
Պապիկյանը հեռանում է, Ալեն Սիմոնյանն է գալիս՝ իսկական ճանապարհային քարտեզով:
«Ասա, Ալեն»: «Պրն վարչապետ, հեսա, ուրեմն, առաջիկա 10 տարում Հայաստանի բնակչությունը պետք է աճի 20 հազարով: 10 հազարը՝ Հայաստանից, 10 հազարը՝ Ղարաբաղից: 20 տարի հետո բանակցություններ կսկսվեն Իրանից Նախիջևանով պղինձ ներմուծելու հնարավորության շուրջ: 30 տարի հետո արդեն հնարավոր է վերացնել ռազմական դրությունը: 40 տարի հետո...»:
«Լավ, լավ, հերիք է, էսքանն էսօր լայվով կներկայացնեմ»:
Մեկ էլ հեռուստացույցով Պուտինին են ցույց տալիս, որն ասում է. «Ես Փաշինյանին խորհուրդ էի տվել ընդդիմության հետ լեզու գտնել, մեկ-երկու զիջում անել, բայց ինքն ասաց, որ չէ` մինչև վերջ պայքարելու է»: Այդ պահին դահլիճ են ներխուժում մի խումբ ջահելներ և պահանջում օղու գները իջեցնել, թե չէ հեղաշրջում կանեն:
Արթնանում է ԿԲ-ի բունկերում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020