...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Փարիզի Գրանդ Օպերայում «Երկիր Նաիրիի հակառակ կողմը» մյուզիքլի պրեմիերան է, որին, բնականաբար, հրավիրված է նաև ինքը՝ որպես հեղինակ, բնականաբար՝ ընտանյոք հանդերձ, մերձավոր շրջապատն ու թիկնապահները, այսինքն՝ ընդամենը 300-400 հոգի։ Բայց տրամադրությունն ահավոր ընկած է․ կարծես հատուկ պրեմիերան հարամ անելու համար՝ ամբողջ Գարնիե հրապարակում ոչ պեռաշկի են վաճառում, ոչ կուկուռուզ։ Ճար չկա, զանգում է դեսպանատուն․ «ալո՛, Նիկոլն ա։ Քիդմանը չէ, արա՛, Վովաևիչը։ Ուրեմն լսի ինչ եմ ասում։ Կես ժամ հետո օպերայի երրորդ հարկի ֆոյեում դրած լինի մի հատ փայտի վառարան, մի հատ զսպանակավոր մահճակալ՝ իրա ադյալով-բանով, մի քանի հատ էլ․․․ մի րոպե․․․ Աննա, էն կլոր բաների անունը ի՞նչ էր, էն որ «Տրավիատան» նայելուց բրդուճ էինք արել ուտում էինք․․․ Հա՛, ոստրե։ Մի քանի հատ էլ ոստրե, որ փեչի վրա պլեճ անենք։ Դե արագացրեք»։ Ապա հայացքով փնտրում է Պապիկյան Սուրոյին, որպեսզի հարցնի՝ պատահաբար մոտը բենզին չկա՞, որ հակահրդեհային անվտանգության կանոններին համապատասխան՝ փեչը վառեն։ 

Բայց Սուրոն չկա․․․ Մատով կանչում է թիկնապահներից մեկին․ «երևի էս մոտերքում զորամաս ա տեսել, գնացել ա զինվորների հետ ձրի պերերիվ անի, գտեք բերեք»։ Բայց քիչ անց Սուրեն Պապիկյանն ինքն է հևալով մոտենում։ Պարզվում է՝ աշխատավարձը ստացել է ու անմիջապես Շանզ-Էլիզեի վրա 1400 եվրոյով 6 սենյականոց բնակարան գնել։ «Շեֆ ջան, ճիշտ ա, էս կես ժամվա մեջ մի քիչ թանկացել ա, դառել ա 6,8 միլիոն եվրո, բայց ես լա՛վ հասցրեցի, էսա Միրզոյան Արարատից էլ ձևերը իմանամ, վարկով հեռուստացույց-բան առնեմ․․․»։ Աննան նրբագեղորեն ծալում է սիրամարգի փետուրներից պատրաստված հայրենական արտադրության հովհարն ու փղոսկրե պոչով թեթևակի բզում ամուսնու կողը․ «բա էդքան ասում եմ մի բան արա, գերագույն-գլխավոր հրամանատար ես, դրել էս մի հանգի «ես մոդերատոր եմ, ես մոդերատոր եմ»․․․ բա՛ն ասեցիր, ես էլ էսթետ եմ»։ Բարեբախտաբար՝ հենց այդ պահին Ալեն Սիմոնյանն ու Վահագն Խաչատուրյանը տնքտնքալով բերում են վառարանն ու տեղադրում ֆոյեում․․․ 

Պատկերը փոխվում է։ Իրենք ոչ թե Փարիզում են, այլ Ենոքավանում՝ մանկության ընկերոջ դոմիկում։ Մարտի 1-ն են նշում։ Սելֆիի համար ամեն ինչ պատրաստ է․ հոնի արաղը՝ «Ջերմուկի» շշի մեջ, 40 տարվա «Շատո Լաֆիտը»՝ կոմպոտի գրաֆինկայում․․․ Բայց վառարանը վառելու թուղթ չկա։ Դոմիկում միայն «Երկրի հակառակ կողմը» գրքի օրինակներն են։ Վահե Ղազարյանը, զգուշորեն չորս կողմը նայելով, փորձում է աննկատ մի երկու էջ պատռել, բայց սոսկումով նկատում է, որ Քոչարյան Անդոն հեռախոսով թաքուն նկարում է, և անկախ իրենից՝ գիրքն ամբողջությամբ շպրտում է վառարանի կողմը։ Ալեն Սիմոնյանը նետվում է վառարանի վրա՝ փրկելու արվեստի բարձրարժեք ստեղծագործությունը, բայց սայթաքում է և վառարանի փոխարեն ընկնում զսպանակավոր մահճակալի վրա, որտեղ պառկած է ինքը․․․ 

Արթնանում է հակասական զգացողություններով։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ