...

Կայացած չկայացածները

Կայացած չկայացածները

Համ էլ էդքան չկաք

Շաբաթն ավարտվեց ծանր կորստով. կյանքից հեռացավ ղարաբաղյան շարժման կարկառուն դեմքերից մեկը՝ Բաբկեն Արարքցյանը՝ «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարներից մեկը, Հայաստանի անկախության առաջամարտիկներից մեկը, ԱԺ նախկին նախագահը:

Այն դերը, որը Բաբկեն Արարքցյանն ունեցել է թե՛ Հայաստանի անկախության գործընթացում, թե՛ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, բանակցություններում, օրենսդրական դաշտի ձևավորման հարցում, անուրանալի է: Եվ ուշադրություն դարձրեցինք, որ մահվան կապակցությամբ հուղարկավորության կառավարական հանձնաժողով չստեղծվեց: Թեպետ դա պետք է պարտադիր լիներ: Հաշվի առնելով Արարքցյան պետական գործչի մասշտաբը: 

Այս իշխանությունները հուղարկավորության կառավարական հանձնաժողով են ստեղծել, երբ կյանքից հեռացել են երգիչ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Իգոր Մուրադյանը, քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը, ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը և այլն: Ու այս շարքում Բաբկեն Արարքցյանի համար տեղ չի գտնվել, հա՞: Ի՞նչ ասես: 

Ավելին, մեր ուշադրությունից չվրիպեց այն հանգամանքը, որ Բաբկեն Արարքցյանի մահվան առթիվ ցավակցություն չի հայտնել Նիկոլ Փաշինյանը: Էն Նիկոլ Փաշինյանը, որը 2006-2007 թվականներին օրումեջ «Արմատ» էր գնում, ուզում քաղաքական դաշտում հայտ ներկայացնել, մարդամեջ մտնել, Արարքցյանի աջակցությունն էր ակնկալում: Եվ Բաբկեն Արարքցյանը Փաշինյանի «կայացման» գործում իր համեստ դերն ունեցավ: 

Հատուկ մտանք վարչապետի պաշտոնական էջը, նայեցինք. ըհը, ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին է ցավակցել՝ ողբերգական դեպքի առթիվ:

Նույնիսկ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան առթիվ է ցավակցություն հայտնել Իտալիայի իշխանություններին: Իսկ Արարքցյանի համար մի ցավակցական խոսք լայաղ չի արել հայտնել: Միգուցե չի ներում նախկիններին, որ 1991-ին Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի տարածք: Ի՞նչ ասես:

Վահագն Խաչատուրյանը ցավակցել էր, Ալեն Սիմոնյանը մի կես բերան ցավակցել էր, Սերժ Սարգսյանն էր ցավակցել, շատերը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը:

Մումուն ո՞նց է, մումուն

Իմիջիայլոց, Ռոբերտ Քոչարյանն էլ էր ցավակցություն հայտնել: Գրել էր, որ Բաբկեն Արարքցյանը «սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, ով իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում»: 

Чья бы корова мычала, էլի: Շատերը չգիտեն, բայց Քոչարյանը գիտի՝ ինչի ենք այս արտահայտությունը գրել: 

Հը՞, Ռոբերտ Սեդրակիչ, ասա, որ տեղին ենք հիշեցրել: Հիշում ես, չէ՞, թե ոնց էիր «Զվարթնոց» օդանավակայանում այդպես արտահայտվում Բաբկեն Արարքցյանի հասցեին: Մի մարդու հասցեին, որին դու անձամբ շատ բանով էիր պարտական: Մի մարդու էիր վիրավորում, որը քո «կայացման» գործում էլ է իր համեստ դերն ունեցել: Ու այդ բառապաշարով էիր հակադարձում բոլոր այն ողջամիտ մարդկանց, որոնք մտահոգություն էին հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարով: Իսկ հիմա, վիձիծե լի, լավ մարդ է համարում: Համարեիր այդպես, երբ դա անհրաժեշտ էր: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ