...

Ձմեռ պապի երազը

Ձմեռ պապի երազը

Եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Երևան՝ նվերներ բաժանելու: Դուրս է գալիս օդանավակայանից, անմիջապես մոտենում է սև կուրտկով, սև թրաշով մի տղամարդ ու հարցնում. «Տաքսի պետք չի՞»: «Այո, իհարկե,- պատասխանում է Ձմեռ պապը: - Ի՞նչ արժե»: 

«Պրինցիպի, մինչև Կենտրոն 50 հազար եմ վերցնում, բայց պապի ջան, հարգելով սպիտակ միրուքդ, քեզ 10 հազարով կտանեմ»: 

Ինքը ճարահատյալ համաձայնում է, նստում է «Օպել Աստրան» ու շարժվում են:

ԱՄՆ դեսպանատան կողմերն են հասնում, կանգնում: «Իսկ ինչո՞ւ կանգնեցինք»,- հարցնում է ինքը:

«Պապի ջան, «Դալմայում» առևտուր են անում, պրոբկեք են առաջացել: Արխային, մի չորս ժամից տեղ կհասնենք»,- վստահ բացատրում է վարորդը:

Մի չորս ժամ հետո վերջապես հասնում են «Հաղթանակ» կամրջի մոտ, ու հենց կամրջի վրա մեքենան նորից է կանգնում: «Բա հիմա՞ ինչի կանգնեցինք»:

«Թո՜ւ, արա, տռամլյորն ա փչացել: Պապի ջան, ներող, բայց մի հատ հել, մեքենան բրդի»,- խնդրում է վարորդը:

Ինքը նվերների պարկը թողնում է ավտոյի մեջ, դուրս գալիս, մեքենան բրդում է: «Մետրոպոլի» մոտ նոր խոդի է ընկնում: 

Վերջը երեկոյան հասնում են «Կոնգրես» հյուրանոց: Ներս է մտնում, «Ձմեռ պապ, Ձմեռ պապ» բացականչելով, լիքը մանուկներ շրջապատում են իրեն: «Մեզ ի՞նչ ես բերել»,- հարցնում է Իշխան Սաղաթելյանը: «Քո համար բերել եմ Փոքրիկ իշխանը»,- ասում է ինքը ու մի փոքրիկ իշխան ձուկ է տալիս՝ ապխտած: 

Մոտենում է Արա Պապյանին, որ նվեր տա. «Չէ, չեմ ուզում»,- վրդովված ասում է Պապյանը: «Ինչո՞ւ, բալիկ ջան»: «Ես մենակ Սանտա-Կլաուսից եմ նվեր սպասում»,- պատասխանում է Արա Պապյանը:

Ինքը զարմացած ուսերն է թոթվում: Անցնում է առաջ ու նվերներ բաժանում: Ռուզաննա Խաչատրյանին նվիրում է «Ներկիր ինքդ» գրառումով տուփ՝ գույնզգույն մատիտներով, Ալեն Սիմոնյանին՝ զրահապատ BMW սուվենիր ու պարկապզուկ, Աղվան Վարդանյանին՝ Միքի Մաուսի մուլտերի դիսկը, Հայկ Մարտիրոսյանին՝ Քուռ-Արաքսյան հովտի գլոբուսը, Ռոբերտ Քոչարյանին՝ թավշյա մեծ առյուծ: 

Այդ պահին նկատում է, որ Աննա Հակոբյանը՝ Ձյունանուշի հագուստով, դահլիճի մի անկյունում ֆոտոսեսիա է անում, գլուխը շրջում է, տեսնում է՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը վիճում են: «Երեխաներ, ինչո՞ւ եք վիճում»: 

«Ձմեռ պապ, ասեք, թող խելոք մնա, էլի,- ասում է Նիկոլ Փաշինյանը,- ինձ խաբեց, ջեբս կեղտ լցրեց, ինչքան ուզում եմ մաքրել, չի մաքրվում»: 

«Մի վիճեք: Ահա քեզ նվեր»,- ասում է ինքն ու Նիկոլին նվիրում օճառի պղպջակներ փչող խաղալիք: 

Հենց բոլորը ստանում են իրենց նվերները, սկսում են իրար հետ կռվել ու մեկը մյուսից խլել նվերները: Ինքը հազիվ է հասցնում ճողոպրել, բայց հենց դուրս է գալիս, ռազմական ոստիկանությունը նրան ձերբակալում է: «Բայց ինչո՞ւ»,- լացակումած հարցնում է ինքը: «Ձեր դիրքերը լքելու համար»,- պատասխանում է Արշակ Կարապետյանը

Արթնանում է «Երևան Սիթիի» հերթերում: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ