2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվեց Ռումինիային:
Ներկայացնում ենք քաղաքական ուժերի մեկնաբանությունները՝ այս պարտության վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյան. Դժգույն հավաքական էր, տենց էլ պիտի լիներ: Ու այս պարտության հիմքերը դրվեցին 1992 թվականին, երբ Հայաստանն անդամակցեց ՖԻՖԱ-ին՝ առանց Արցախի: Այդպես է Ղարաբաղը դուրս մնացել ֆուտբոլային գործընթացից: Եվ մի բան էլ. ես չեմ ասել, թե Հայաստանի հավաքականը 2050 թվականին պիտի աշխարհի չեմպիոն դառնա: Բացեք, ուշադիր կարդացեք:
Ռոբերտ Քոչարյան. Սա նախօրոք պլանավորված պարտություն էր: Խոստանում եմ, որ հենց վլաստը վերցնեմ, ետ եմ բերելու ոչ միայն կորսված միավորները, այլ նաև գրավելու ենք Գերմանիայի հավաքականի դարպասն ու հարակից տարածքները:
Անդրանիկ Քոչարյան. Արդեն նախաձեռնել ենք ձևավորել հաշվիչ-հանձնաժողով, որը կպարզի այս պարտության պատճառները, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ մեր որոշ խաղացողներ դիտմամբ թողել են իրենց դիրքերը, ինչի արդյունքում էլ հակառակորդի հարձակվողները անարգել մտել են մեր պաշտպանական բնագծեր:
Արա Պապյան. Ակնհայտ է, որ ռումինացիներն այդպիսի մեծ ուժերով հարձակման էին անցել Մոսկվայի հրահրմամբ: Պատահական չէ, որ երկրորդ խաղակեսում ռումինացիների կազմում խաղադաշտ մտավ Իվան ազգանունով խաղացող: Նաղդ ԿԳԲ-ի գործակալ էր:
Հայկ Մարտիրոսյան. Վստահ եմ, որ եթե մեր ֆուտբոլիստներն ավելի շատ գոլ խփեին, քան ռումինացիները, մենք կհաղթեինք: Դրա համար պետք էր հասնել մինչև հակառակորդի տուգանային հրապարակի մատույցներն ու մի թիզ անգամ չնահանջել:
Սերժ Սարգսյան. 2017-ին ես փորձեցի փոխել խաղի կանոնները, որ հավաքականը արժանապատիվ ոչ-ոքի խաղա, էն էլ կապիտուլյանտը եկավ ու հիմա տեսնում եք՝ ոնց է պարտություն պարտության ետևից կրում:
Ալեն Սիմոնյան. Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսուհետ հավաքականի խաղերը լուսաբանելու համար լրագրողների մուտքը ստադիոն կարգելվի: Մենք նրանց համար ստադիոնից դուրս էկրան կդնենք, թող ինչքան ուզում են, լուսաբանեն:
Իշխան Սաղաթելյան. Այս հավաքականը սպառել է իրեն: Միայն փողոցային կամ քուչի ֆուտբոլով է հնարավոր հաղթել ռումինացիներին ու մակեդոնացիներին:
Լևոն Շիրինյան. Իրականում սա հաղթանակ էր: Մեր հավաքականը խաղադաշտում փորձում էր կյանքի կոչել մեր դարավոր իղձերը, Նոյ նահապետի պատգամները ազգային խաղաոճով աշխարհին ի ցույց դնել: Վերջնական հաղթանակի համար հավաքականից պետք է հեռացնել 5-րդ լեգեոնին՝ Ուդոյին ու Յուրչենկոյին: