Նախագահականում «Աստղերը պարում են» շոու-մրցույթ է անցկացվում: Մրցույթի կազմակերպիչ «Եվրոկաֆել» ՓԲԸ-ն ընդունելությունների դահլիճն արդեն կահավորել է համապատասխան տեխնիկայով, «ցվետամուզիկայով», «դինամիկներով»:
Ժյուրիի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացնում է, որ մենակ ինքն է գնահատելու մասնակիցներին, քանի որ Արթուր Ղազինյանը ժյուրիի նախագահի տեղակալի պաշտոնում չի ընտրվել:
Սկսվում է մրցույթը, հաղորդավարը ներկայացնում է առաջին մասնակցին. «Դիմավորեք. Ռոբերտ Քոչարյան»:
Քոչարյանը դուրս է գալիս դահլիճ, հնչում է երաժշտությունը, սակայն առաջին պարային շարժումն անելուց հետո ցավից գալարվում է: «Կներեք, չեմ կարող պարել, խանգարող հանգամանքներ կան»,- ասում է ինքը: Ժյուրիի նախագահը նրան «2» գնահատական է տալիս և ասում. «Ամաչում եմ, որ նույն ազգանունն ունես, ինչ՝ ես»:
Հաջորդը ներս է մտնում Հրաչ Հակոբյանը: Հենց սկսում է հունական սիրտակի պարել, Անդրանիկ Քոչարյանը միանգամից «10» գնահատականն է բարձրացնում. «Ապրես, տղա ջան, կարաս չշարունակես»:
Հայտարարվում է հաջորդ մասնակցի անունը՝ Իշխան Սաղաթելյան: Վալերի Լեոնտևի «А все бегут, бегут, бегут, бегут...» երգի ներքո սկսում է դահլիճում վազել ու թռչկոտել: Ժյուրիի նախագահը դժգոհ դեմքով «4-» է նշանակում: «Բա էդ մինուսն ինչի՞ համար»,- հարցնում է Իշխանը: «Ակտիվ չէին շարժումներդ»,- պատասխանում է Անդրանիկ Քոչարյանը: «Բա որովհետև դահլիճում ցուրտ էր, որ տաք լիներ, կակտիվանայի»,- արդարանում է Իշխանը:
Հաջորդ մասնակիցը Նիկոլ Փաշինյանն է: «А я, иду, шагаю по Москве» երգի ներքո դահլիճում քայլում է ու պպզում, քայլում է ու պպզում, վերջում էլ ձեռքերը լայն պարզում: «Բրավո»,- բացականչում է Անդրանիկ Քոչարյանը, բայց գնահատական չի դնում: «Ի՞նչ է եղել, ինչի՞ չեք գնահատում»,- հարցնում է Փաշինյանը: «Դե, 10 միավորը քիչ է՝ գնահատելու ձեր ֆանտաստիկ պարը»,- պարզաբանում է ժյուրիի նախագահը:
Եվ ահա իր հերթն է գալիս: Ռուբեն Հախվերդյանի «Պատուհանդ բաց արա, և տես, փողոցում կանգնած, սպասում եմ քեզ» երգն է հնչում, բայց ինքը ձեռքի շարժումով ընդհատում է երաժշտությունը: «Յիս իդ պարը չիմ պարում»: Միացնում են Գրեբենշչիկովի «Вечерный мудозвон», երգը, նորից է ձեռքի շարժումով անջատել տալիս. «Էդ էլ չիմ պարում»: Հանդիսականները տարակուսած իրար են նայում: «Էն սերիալի պառնոն ածեք էլի, տո»,- հրահանգում է ժյուրիի նախագահը:
Միացնում են «Փախուստ բանտից» սերիալի պառնոն, հենց ուզում է պարել, հանկարծ ներս է մտնում Արմեն Սարգսյանը: «Էս ի՞նչ է կատարվում իմ տանը»,- գոռում է նա,- «հերիք էր՝ մի ամսով ոտքս կտրեի, եկել, քե՞ֆ եք անում»:
Դահլիճում խուճապ է սկսվում, Քոչարյանը խաչակնքվելով դուրս է գալիս, Իշխանը վազում է նրա ետևից, Փաշինյանը սելֆիի ձողիկով փորձում է հարվածել Արմեն Սարգսյանին, ներս են մտնում անվտանգության աշխատակիցները, ոլորում իր ձեռքերը: «Ինչ եք անում»,- զարմանում է ինքը: «Ձեր հրամանն ենք կատարում»,- պատասխանում է գնդապետը, որից հետո ոստիկանները իրեն գրկում են, պատուհանը բացում ու դուրս շպրտում:
Արթնանում է ազատ անկման ընթացքում: