Ինքը Սբ. Միքայելն է, ջազվեն ձեռքին կանգնած է դժոխքի ու դրախտի դռների խաչմերուկում ու որոշում է, թե խաչմերուկ հասածներից որին որտեղ պետք է ուղարկի:
Ահա մոտենում է առաջին հաճախորդը: «Ո՞վ ես, որդյակս»,- հարցնում է ինքը: «Էդմոն է անունս»: «Հա՜, գիտեմ, ես քեզ դրախտում հայտնվելու ընտիր շանս էի տվել, բայց դու ուրացար տիրոջդ, խաղեր տվեցիր, դրա համար թեքվիր ձախ՝ դեպի դժոխք»,- ասում է ինքը:
Հաջորդը մի հատ թափով տղամարդ է՝ Գագիկ անունով: «Ճանաչում եմ, ինչպե՞ս չէ: Դու աններելի մեղք ես գործել, 2018-ի ապրիլին՝ ժամը 17:52 րոպեին, միացել ես քայլառաստների հեղափոխությանը: Դու կգնաս դժոխք, թող որ սատանաները քեզ ամեն օր հարկային ստուգման ենթարկեն, բազկամարտում միշտ վերջին տեղը գրավես, իսկ կիրակի օրերն անցկացնես առյուծի վանդակում»:
Գագիկից հետո գալիս է Ալենը: Ինքը քմծիծաղ է տալիս. «Տղա ջան, քեզ երկար եմ սպասել: Ինքդ էլ գիտես, որ ձեռքս պիտի ընկնեիր: Դժոխքում դու Հուդայի սուտ մատնությամբ հավերժ դատապարտվելու ես, ադեկվատները ամեն օր քեզ դալաններում ծեծելու են, իսկ նախկին իշխանությունների վերջին 30 տարվա բոլոր մեղքերի համար շղթայակապ կլինես»:
Ալենը գլխիկոր մտնում է դժոխք: Խրոխտ քայլերով՝ ինքնակենսագրական գրքերը թևի տակ դրած, գալիս է Ռոբերտը: Սա նայում է Սբ. Միքայելին ու առանց մի բառ ասելու միանգամից բացում է դժոխքի դռները:
Հետո գալիս է կլոր գլխով մի մարդ: «Դեմքդ ծանոթ է, անունդ ի՞նչ է»: «Արմեն, տեր իմ»,- պատասխանում է կլոր գլխով մարդը: «Հիշեցի, դու ՀՀԿ-ից էիր, ընդհանուր առմամբ, վատ տղա չես, վերջին երեք տարում փորձել ես քավել քո մեղքերը, քաղաքական քավարանով անցել ես, բայց մեկ է, 15 տարի շարունակ դու ադեկվատության փոխարեն ընտրեցիր հնազանդությունը, ճշմարտախոսության փոխարեն՝ ջայլամությունը: Այնպես որ, դու դժոխք կգնաս: Անիծում եմ քեզ, որ դու այնտեղ հավերժ հայկական միջնակարգ դպրոցում սովորես»:
Արմենը հեռանում է, և հանկարծ խաչմերուկ են լցվում մի 150 հոգի: «Էս ի՞նչ ա, ովքե՞ր եք»,- զարմանում է ինքը:
Դրանցից մեկը մոտենում է ու ասում. «Մենք ախրանայից ենք, Նիկոլին ենք բերել»: «Ա՜»,- ծոր է տալիս ինքը ու հարցնում. «բա ինչի՞ էսքան ուշացաք»:
«Դե, ճամփին 50 մետրը մեկ մարդիկ կանգնեցում էին մեզ ու զորակցություն հայտնում»,- պատասխանում է թիկնազորի պետը:
«Առաջ բերեք իրեն»,- հրահանգում է ինքը: «Նիկոլ, ֆանտազիաս չի հերիքում, թե քո հետ ինչ անեմ: Դու հավերժ քայլելու ես 600 կիլոյանոց զրահաբաճկոնով ու տեղ չես հասնելու: Թող քո ճակատին խարան դրոշմեն. «Սա դժոխք է և վերջ»: Անիծում եմ, որ քո թերթը ամիսը 94 տոկոս վերադարձ ունենա, երկուշաբթի-ուրբաթ օրերին միշտ լսես Հովիկ Աղազարյանի ելույթները, իսկ շաբաթ ու կիրակի օրերին՝ Վազգեն Մանուկյանի լայվերը: Հեռացի´ր, ասում եմ քեզ, հեռացի´ր»:
Ախրանան Նիկոլին ուղեկցում է դեպի դժոխք:
Եվ ահա, գալիս է Սերժը: Ինքն անմիջապես ծնկի է գալիս. «Ո՜վ, տեր իմ, ո՜վ ուսուցիչ իմ, ո՜վ հայր իմ, ո՜վ աներ իմ... Անսահման է քո իմաստնությունը, անհատակ՝ քո բարությունը: Դու 20 տարի անցել ես տառապանքների ու չարչարանքների թունելով, բայց ձեռքիցդ ցած չես գցել մոմը, որով փորձում էիր ժեխին թունելից դուրս բերել, սեր և նժդեհականություն ես սերմանել մարդկանց չարացած ոգիներում, 80-ականների կոստյումով ժուժկալություն ես քարոզել: Քո վարքն ինձ ամաչեցնում է, ես լոկ փոշի եմ քո ահռելի մեծության կողքին: Ներողություն եմ խնդրում, որ զբաղեցրել եմ քո տեղը, եկ, կանգնիր այստեղ, իսկ ես գնամ, հավերժ քեզ հիշելով, հեռանում եմ՝ քեզ թողնելով մենակ»,- ասում է ինքը և մտնում խոհանոց...
Արթնանում է... ամեն: