Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն, որտեղ կմասնակցի անվտանգության համաժողովի աշխատանքներին։
Այստեղ արտառոց ոչինչ չկա։ Արտառոցը թերևս այն է, թե ինչպես լրատվամիջոցները ներկայացրեցին այդ տեղեկատվությունը։ Նիկոլի և Աննայի այցի լուրը հրապարակելուց մոտ մեկ ժամ անց տեղեկացրեցին, որ «Սուրեն Պապիկյանը նույնպես մեկնել է Մյունխեն», իսկ ևս 10 րոպե անց՝ որ «նրանց հետ Մյունխեն է մեկնել նաև Արարատ Միրզոյանը»։ Այսինքն՝ Նիկոլը տիկնոջ հետ ինչ-որ տեղ է մեկնում, հետո հանրությունը տեղեկանում է, որ նրանք, պարզվում է, «ձեռի հետ» տանում են նաև պաշտպանության նախարարին ու արտգործնախարարին։
Հուսանք՝ եռօրյա այցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը կլինի նույն ոգով, և ՀՀ հպարտ քաղաքացիները կտեղեկանան, որ «եռօրյա այցի ընթացքում տիկին Հակոբյանը մասնակցել է մի շարք մշակութային և առևտրազբոսաշրջային միջոցառումների, որոնք էապես նպաստել են Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի հետագա բարելավմանն ու ամրապնդմանը։ Այդ ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը նույնպես ուղեկցել են նրան»։