Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ընտանեկան փոդքասթի հերթական թողարկման սղագրությունը, ու թեև հայտնի չէ՝ այն եթեր կհեռարձակվի՞, թե՞ ոչ, այնուամենայնիվ որոշեցինք փոդքասթի որոշ հատվածներ ներկայացնել ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․
Ն․Փ․ - Աննա, բա էսօր ի՞նչ թեմայից խոսենք․․․ Էն բուդից չի մնացե՞լ՝ վրան մի էրկու ձու ջարդենք․․․
Ա․Հ․ - Լավ, էլի, Նիկոլ, արի ավելի թեթև ու անշառ թեմաներից խոսենք։ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է․․․
Ն․Փ․ - Այո, կա այդպիսի ընկալում, և ես այն կիսում եմ։
Ա․Հ․ - Ու ասել է նաև, որ կամ դու պիտի վերացնես այդ ֆաշիստական պետությունը, կամ ինքը դա կանի։
Ն․Փ․ - Բայց ինչո՞ւ «կամ-կամ», ես այս դեպքում կողմնակից եմ «և՛-և՛» տարբերակին։ Երկուսով միասին կանենք, ու դա կլինի տարածաշրջանային համագործակցության փայլուն օրինակ։
Ա․Հ․ - Հա, էդ լավ ես մտածել։ Բայց նա նաև Զանգեզուրի միջանցքի մասին է խոսել, ասել է՝ վերցնելու եմ, իսկ ես դրան դեմ եմ։
Ն․Փ․ - Բայց ինչի՞ ես դեմ։
Ա․Հ․ - Հիշում ե՞ս էն դեղին լատունից քարտեզը։ Էս Նոր տարուն կիևսկի կոտլետները տապակելուց տակը մի քիչ կպել էր, դրանով քերեցի։ Էնքան հարմար էր, էն Զանգեզուրի հատվածն էլ իսկական բռնակի նման էր, դա որ չլիներ՝ ձեռս կվառեի։
Ն․Փ․ - Այ հենց դրա համար էլ խոսում էի կենցաղի հերոսականացման մասին։ Փաստորեն կենցաղը քեզ օգնում է, որ հերոսաբար պաշտպանես Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Չնայած՝ եթե էդ բռնակը ներքևի հատվածից մի քիչ կարճանա, քեզ ի՞նչ պիտի խանգարի։ Համ էլ՝ ես նաև «Խաղաղության խաչմերուկի» քարտեզներն էի տպել տվել, մի հատը բեր՝ հենց հիմա մեր 22 միլիոն հետևորդներին ցույց տանք։
Ա․Հ․ - Չեմ կարող, ինձ թվացել էր կալկայից ա, փռել էի «միկադոյի» տակ, դրել դուխովկում․․․
Ն․Փ․ - Յա՛, «միկադոյից» մնացել ա՞, բա բեր վրան մի քանի հատ ձու ջարդենք ուտենք․․․
Ա․Հ․ - Լավ, արի ավելի կարևոր թեմաներից խոսենք․․․
Ն․Փ․ - Ուտելուց ավելի կարևոր թեման ո՞րն ա։ Իմիջիայլոց՝ մեր փոդքասթների քոմենթները կարդացել ե՞ս։ Շատերը քեզ «Իսկանդեր-2» են ասում։
Ա․Հ․ - Բայց ինչո՞ւ։
Ն․Փ․ - Որովհետև դու «Իսկանդեր»-ից կրկնակի էֆեկտիվ ես։ «Իսկանդերը» 10 տոկոսով էր պայթում, իսկ քո ընտրած «հաջողակ տղամարդկանցից» 20 տոկոսը մուծվել ա։ Ուղղակի ինչի՞ են «Իսկանդեր-2» ասում, դա թշնամու խոսույթ ա, գոնե «Ալեքսանդր-2» ասեին։
Ա․Հ․ - Լավ, էլի, Նիկոլ, Ալեքսանդրը Սաշիկն ա, չէ՞, ինձ առանց էն էլ «Սաշիկ-2» են ասում։ Իմ մասին չես մտածում՝ գոնե քո վարկանիշի մասին մտածի։
Ն․Փ․ - Բայց ինչի՞ պիտի մտածեմ, ոչ ԶԱԳՍ-ով ենք ամուսնացած, ոչ եկեղեցով․․․
Ցավոք՝ այստեղ ձայնագրությունն ընդհատվում է։