Պարզվում է՝ վերջերս կառավարության որոշմամբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին հատկացված գումարներից մոտ 16 հազար դոլար է հատկացվել մի քանի ՀԿ-ների, ընդ որում՝ որոշման մեջ ոչ այդ ՀԿ-ների անուններն են նշված, ոչ էլ նպատակները։
Պարզ ասած՝ կառավարությունը որոշել է գումարներ հատկացնել հայտնի չէ ում՝ հայտնի չէ ինչ նպատակներով։ Սա իսկապես դարակազմիկ որոշում է և կարող է «նախադեպային» դառնալ, ու կարևորն այստեղ գումարի չափը չէ։ Կարևորն այն է, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանը կարող է հարկատուների հաշվին ձևավորված բյուջեից գումարներ հատկացնել ում ուզի և ինչքան ուզի՝ առանց որևէ բացատրության։ Օրինակ, եթե նրա խելքին փչել է, որ այդ օրը Աննան պիտի տոլմա փաթաթի տանզանիական արծաթափայլ անտիլոպի մսով՝ հարց չկա․ կառավարության որոշմամբ մի 50-60 հազար դոլար է հատկացվում որևէ անհայտ ՍՊԸ-ի՝ անհայտ նպատակով, ու հարցը լուծվում է։
Իսկ կառավարության գործունեության թափանցիկության թեման շահարկողները գլուխները պատովն են տվել․ չէ՞ որ տոլման փաթաթվում է միանգամայն թափանցիկ ընթացակարգով՝ ուղիղ եթերում, դրանից ավել էլ ի՞նչ թափանցիկություն։