...

Գնդակահարության պանելի վրա

Գնդակահարության պանելի վրա

Ինչպես հայտնի է, վերջերս Նիկոլ Փաշինյանը հաճախ է իր ֆեյսբուքյան էջի «գնդակահարության պատի տակ» պատասխանում օգտատերերի հարցերին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ նա որոշել է դա անել ուղիղ եթերում ու միաժամանակ մեկնաբանել հարցերն ու իր պատասխանները, բայց վերջին պահին հրաժարվել է այդ գաղափարից։ Եվ այնուամենայնիվ՝ մեր տրամադրության տակ է հայտնվել այդ չհրապարակված տեսագրության աուդիո-տարբերակից մի հատված, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

«Բարև ձեզ։ Էսօր էս ինչքան էլ շատ հարցե՞ր կան։ Սկսենք հենց առաջինից։ Օգտատերը հարցնում է, թե ինչպե՞ս եք պատրաստվում Ամանորին։ Հարգելի օգտատեր, Ձեր հարցը պետության չգոյության մասին է, բայց պատասխանեմ։ Հենց այս պահին Աննան բարեգործական իշլի-քյուֆթա է պատրաստում հաջողակ տղամարդկանց համար։ Դրանք կլինեն 3 տեսակի՝ 1 միլիոն, 2 միլիոն և 3 միլիոն դրամ արժողությամբ, ամեն մեկից՝ 100 հատ․․․ Ի՞նչ․․․ Աննա՛, Մարիամիկն ասում ա ամեն մեկից 150 հա՛տ սարքի, ուզում են Նոր Տարուն ընկերուհիներով գնան Ճապոնիա․․․ Հա, ի՞նչ էի ասում։ Ամեն տեսակից 3-4 հատի մեջ մի հատ խորհրդանշական մրցանակ կլինի՝ 10 դրամանոցի տեսքով, բայց ես ուրի՛շ բան եմ ուզում ասել։ Սա այն աննախադեպ վիճակախաղերից է, որտեղ շահում են բոլո՛ր մասնակիցները, որովհետև 2025 թվականին մրցակցային առավելություն են ստանալու վիճակախաղին չմասնակցածների նկատմամբ, քանի որ վերջիններս հայտնվելու են հարկային մարմինների ուշադրության կենտրոնում։

Հաջորդ հարցը՝ «ինչպե՞ս կմեկնաբանեիք Ալիևի այն հայտարարությունները, որ․․․»։ Լավ, շատ երկար հարց է, առանց կարդալու վրա ժամանակ կորցնելու պատասխանեմ՝ լիովին կիսում եմ նրա տեսակետները։

Հաջորդ օգտատերն էլ հարցնում է՝ «չե՞ք գտնում, որ Տիգրան Ավինյանը տեղով մեկ քայլող կոռուպցիա է»։ Այ սա է՛լ է պետության չգոյության մասին։ Ի՞նչ է նշանակում «քայլող կոռուպցիա», որևէ մեկը Տիգրան Ավինյանին քայլելուց տեսած կա՞։ Համ էլ՝ հեռախոսիս sms-ի կոճակը փչացել ա, հիպոթեքով նորը կառնեմ՝ այդ հարցով կզբաղվեմ։

Եվս մի օգտատեր հարցնում է՝ «ո՞ր ոճաբանն է Ձեզ խորհուրդ տվել մշտապես կեպի կրել»։ Անկեղծ կպատասխանեմ՝ վարչապետի աշխատակազմում ոճաբանի հաստիք չկա, մենք նախկին թալանչիների նման բյուջեն չենք մսխում։ Ուղղակի վերջերս Իջևան էի գնում, մտա շուկա, որ Աննայի համար կանաչ լոբի առնեմ, տեսա ինչ-որ մեկը, շուկայի պատի տակ նստած, այդ գլխարկը դիմացը դրած՝ ապօրինի տնտեսական գործունեություն է ծավալում։ Անմիջապես ահազանգեցի, տարածքային հարկային կառույցներն այդ ապօրինի գույքը բռնագրավեցին, տանը փորձեցի, տեսա, որ լավ էլ սազում ա․․․ 

Հաջորդ հարցը․․․ Չէ, սա ոչ թե հարց է, այլ ցանկություն։ Էլի՛ ինձ է վերաբերում, բայց օգտատերն ակնհայտորեն գնդակահարության պատը շփոթել է պանելի հետ․․․»։

Ցավոք՝ ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ